Քարերը հավաքելու և դրանք ի չարը նետելու ժամանակը


 

Ոստիկանությունում ստացված ահազանգը հարևանական վիճաբանության վերաբերյալ էր: Մայրաքաղաքի շենքերից մեկի երկու հարևանուհիներ կենցաղային ինչ-ինչ հարցերի շուրջ վիճաբանել էին: Լեզվակռիվը վերաճել էր քաշքշոցի, ձեռքերով մեկը մյուսին մի քանի հարված էին հասցրել, բայց վրա հասած մյուս հարևանների միջամտության շնորհիվ կանայք հանդարտվել և գնացել էին իրենց տները:

Այդ հարաբերական անդորրը, սակայն, քիչ անց կրկին խախտվել էր, և ժամը 22.30-ի սահմաններում հին կռիվը նոր թափով վերսկսվել էր` այս անգամ արդեն շենքի բակում: Ճարահատյալ, կռվող կանանցից մեկի 72-ամյա հայրը զանգահարել էր ոստիկանություն և օգնություն խնդրել` հայտնելով, որ իրենց շենքի բնակչուհիներից մեկը բակում բարձրաձայն հայհոյանքներ է տալիս, քարեր նետում իրենց պատուհանի ուղղությամբ և ջարդում ապակիները:

Ահազանգով անմիջապես օգնության հասած ոստիկաններին հաջողվեց շատ արագ կանխել դեպքերի հետագա զարգացումը և հանդարտեցնել առավել մարտականորեն տրամադրված ու արդեն մի քանի ապակի փշրած հարևանուհուն: Նա մոտակա այգուց բազմաթիվ քարեր էր հավաքել և օրենքի պահապանների ներկայությամբ ստիպված էր դրանք թափել ուղղակի գետնին…

Երկու կանանց դատաբժշկական փորձաքննության ուղեգրեր են տրվել (նրանցից մեկին նաև քարերի հարվածներ էր բաժին հասել):

Հարևանական բուռն վեճի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանները հետաքննություն են սկսել: