Գող և խաբեբա կանայք` բարեգործի դիմակով


 

Շենգավիթ համայնքի 74-ամյա մի բնակչուհի` միայնակ ապրող թոշակառու Թամարա Ա.-ն, զանգահարել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել գլխին եկածը: Նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իր բնակարան են այցելել երկու անծանոթ կանայք, ներկայացել իբրև բարեգործական ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչներ, պոլիէթիլենային տոպրակով սննդամթերք հանձնել իրեն և մի քանի րոպե զրուցելուց հետո` հեռացել:

Անծանոթուհիների գնալուց հետո տանտիրուհին նկատել է, որ պայուսակից բացակայում է 50.000 դրամը և թոշակառուի բանկային քարտը…

Ծեր կնոջ հետ պատահած անմարդկային և անօրեն արարքը ցնցել էր ոստիկանության ծառայողներին: Օրը ցերեկով այդ հանդուգն հանցագործությունը հեղինակած կանանց որոնումները շարունակվեցին շուրջ երեք շաբաթ: Այդ ընթացքում օպերատիվ-հետախուզական մի շարք անհետաձգելի միջոցառումներ իրականացվեցին, և դրական արդյունքը սպասեցնել չտվեց:

Չարամիտ հանցագործությունը կատարելու կասկածանքով օրերս Քանաքեռի 6-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկվել 46-ամյա Էլմիրա Սարգսյանը և նրան տարեկից, Արտաշատ քաղաքի բնակչուհի Գայանե Սարգսյանը: Բայց դա դեռ ամենը չէր: Ոստիկանները պարզել են, որ գող ու խաբեբա այդ երկու կանայք նախնական համաձայնութ յան գալով մեկ այլ կնոջ` Նորքի բնակչուհի, 40-ամյա Ալվարդ Սարգսյանի հետ, միասին են կատարել նշված գողությունը: Ավելին, ձեռնարկված հետագա միջոցառումների ընթացքում պարզվել է, որ այս եռյակը հիշյալ գողությունը կատարելու հենց հաջորդ օրը` հոկտեմբերի 11-ին, մեկ այլ հանցագործություն էլ էր հեղինակել:

Դեպքը կրկին տեղի է ունեցել Շենգավիթ համայնքում, իսկ թիրախը զառամյալ և միայնակ ապրող կին էր` 84-ամյա Գրետա Մ.-ն:

Ժամը 17.30-ի սահմաններում երկու անծանոթ կանայք (դարձյալ նույն երկուսը), այս անգամ ներկայանալով որպես բարեկամներ, խաբեությամբ մուտք էին գործել Գրետա մայրիկի բնակարան, «քեֆ-հալ» հարցրել, «բարեկամաբար» ժպտացել և մի քանի րոպե զրուցելուց հետո` հեռացել…

Իր այդպես էլ չմտաբերած «բարեկամուհիների» հեռանալուց հետո տանտիրուհին, վատ բան կանխազգալով, տնտղել էր պայուսակը: 120.000 դրամն անհետացել էր…

Այս դեպքում էլ պարզվել էր, որ Էլմիրան և Գայանեն հերթական անմարդկային արարքը կատարել էին իրենց երրորդ հանցակցի` «բարեգործական և բարեկամական ակցիաների» ընթացքում իրենց անվտանգությունը դրսում հսկող Ալվարդի հետ միասին:

Էլմիրա Սարգսյանը և Գայանե Սարգսյանը ձերբակալված են:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ալվարդ Սարգսյանին հայտնաբերելու ուղղությամբ: