ԱԼԲԵՐՏ ՅԱՎՈՒՐՅԱՆ


Կյանքից հեռացավ հայ կինոյի նշանավոր գործիչ, տաղանդավոր կինոօպերատոր, Հանրապետության ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Ալբերտ Յավուրյանը: Նա կինոարվեստի այն սերնդի վերջին ներկայացուցիչներից մեկն էր, որը փառք բերեց հայ ազգային կինոյին: Ալբերտ Յավուրյանը ծնվել է 1935թ. Լենինականում (այժմ` Գյումրի): Բարձրագույն կինոկրթությունը ստացել է Մոսկվայի կինոինստիտուտում` ԳԻԿ հայտնի բուհում: Առաջին ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները կատարել է Յալթայի կինոստուդիայում, որտեղ, կինոուսումը ավարտելուց հետո, ստացել էր նշանակում: Շրջադարձային էր Ալբերտ Յավուրյանի համար 1964 թվականը, երբ Ֆրունզե Դովլաթյանի և «Հայֆիլմ» կինոստուդիայի հրավերով վերադարձավ հայրենիք` «Բարև, ես եմ» ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար: «Բարև, ես եմ» ֆիլմը իրավամբ ճանաչվում է որպես հայ կինոյի նորագույն շրջանի հայտնություն: 60-ական թվականների համաշխարհային կինոյի ոճին ու ասելիքին համապատասխա նող և հայկական ընդգծված հասցե ունեցող այս կինոերկի ստեղծմանը իր զգալի ներդրումն ուներ Ալբերտ Յավուրյանը: Այստեղ կիրառվեցին, այսպես կոչված, «ազատագրված կինոխցիկի» լայն հնարավորությունները: Բեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի հետ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը այս ֆիլմի համար արժանացավ Հայաստանի Պետական մրցանակի (1967թ.): Ալբերտ Յավուրյանը տասնյակ խաղարկային և վավերագրական ֆիլմերում հանդես եկավ որպես բեմադրող օպերատոր («Երևանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Երջանկության մեխանիկա», «Մենավոր ընկուզենի» և այլն): Բազմաթիվ շնորհներով էր օժտված, բայց ինչպես իսկական պրոֆեսիոնալ, երբեք չէր դավաճանում իր հիմնական մասնագիտությանը, հարգում էր այլ մասնագիտությունները` ռեժիսորին, դերասանին, նկարչին ու դրամատուրգին... Եվ նրա հետ միշտ երազում էին աշխատել անվանի բեմադրիչները: Սերգեյ Փարաջանովն իր վերջին ֆիլմերին հրավիրեց Ալբերտ Յավուրյանին. միասին նկարահանեցին «Աշուղ Քերիբ»-ը («Աշուղ Ղարիբ»), չհասցրեցին սկսել «Խոստովանության» նկարահանումները ... Վերջին տասը տարիներին Ալբերտ Յավուրյանը ղեկավարեց Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կինոյի և հեռուստատեսության ամբիոնը, ամբողջովին նվիրվելով նոր սերնդի դաստիարակմանը: Նրա բազմաթիվ աշակերտներն այսօր մտել են կինոաշխարհ, նկարահանում են ֆիլմեր և հաջողությամբ մասնակցում լուսանկարչա կան ցուցահանդեսների: Ա. Յավուրյանի գործունեությունը բարձր է գնահատվել թե° պետության և թե° հասարակայնության կողմից: Նրան շնորհվել է Մ. Խորենացու մեդալ (1999թ.) և Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ նուռը» ստեղծագործական վաստակի համար (2005 թ.) : Հայաստանից դուրս լայնորեն ճանաչված «Նիկա» միջազգային կինոակադեմիայի անդամ, բազմաթիվ փառատոներում պարգևների արժանացած Ալբերտ Յավուրյանը չափազանց ազնիվ ու համեստ մարդ էր` օժտված անձնական մեծ հմայքով, իսկական հայրենասեր ու քաղաքացի: Ալբերտ Յավուրյանի անունը մշտապես կգրանցվի հայ մշակույթի պատմության մատյանում: Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցության ցավակցական հեռագրեր են ուղարկել ՀՀ վարչապետ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆԸ, Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Վեհափառը: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է. Խոր կսկիծով ընդունեցի Ալբերտ Յավուրյանի մահվան գույժը: Մեծ է կորուստը: Կյանքից հեռացավ 20-րդ դարի կինոյի ամենաճանաչված օպերատորներից մեկը, ով հիրավի հեղաշրջում իրականացրեց խորհրդային կինոարվեստում: Յավուրյանի ստեղծագործություններն առաջ անցան իրենց ժամանակից: Նա կարողացավ ջարդել թատերական կարծրատիպերը կինոյում ու շարժական տեսախցիկով կինոն մեկընդմիշտ տարանջատել բեմարվեստից: Ալբերտ Յավուրյանը երբեք չվարանեց իր տեսախցիկից տեսնել իրական կյանքը, մարդուն ու մարդկայինը: Ժամանակը խիստ գտնվեց նրա նկատմամբ, բայց ժամանակակիցներն ըստ արժանվույն գնահատեցին նրա ստեղծագործությունը: Խոնարհվում եմ մեծ վարպետի հիշատակի առջև: Ցավակցում եմ Ալբերտ Յավուրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին: