Ամենապատանի երաժշտական գործիքը


Արդի հայ երաժշտարվեստի բազմերանգ հնչեղությունը ապահովելու կարևորագույն նախապայմաններից է մի շարք «կորչող», թանգարանային ցուցանմուշի մունջ գոյության հեռանկարին դատապարտված մի շարք նվագարանների նկատմամբ բնատուր երաժշտական շնորհով օժտված մատաղ սերնդի մոտ պատշաճ հետաքրքրություն առաջացնելը: Այս ուղղությամբ պաշտոնապես արված առաջին քայլը Ազգային նվագարանների ու անհատ կատարողների հանրապետական փառատոնի կազմակերպումն էր: Որպես հաջորդ անհրաժեշտ քայլ պետք է գնահատել ամենապատանի երաժշտական գործիքի` սաքսոֆոնի պահպանման համար առաջնահերթ նշանակություն ունեցող համարժեք ստեղծագործությունների արարման խթանումը: Հայտնի են Դեբյուսիի ռապսոդիան, Գլազունովի և Էդգար Հովհաննիսյանի կոնցերտները: «Դեֆիցիտը» մասամբ լրացվում է կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի բազում փոխադրություններով: Ինքնուրույն ստեղծագործությունների որոշակի բազայի կազմավորման հրատապության գիտակցությամբ էր տոգորված Հայաստանի պատանի սաքսոֆոնահարների նորաստեղծ ասոցիացիայի (նախագահ` ԵՊԿ «ակադեմիական սաքսոֆոն» դասարանի դասախոս, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի անդամ, արտոնագրված փաստաբան ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ) նախաձեռնած մրցույթը: ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, «Հասարակական երկխոսության և զարգացման կենտրոնի» (նախագահ` Էլինար Վարդանյան) կոորդինացնող օժանդակությամբ անցկացված այս հիմնարար միջոցառման արդյունքում գրվեց 22 գործ, ըստ որում Ավետիս Բերբերյանի «Աշնանային մտորումներ»-ը (III մրցանակ) և Մարտին Ուլիխանյանի «Ֆանտազիա»-ն` ընդամենը մի քանի օրում: Այսինքն` անկարելի ոչինչ չկա, երբ ունես ունակություններդ կոնկրետ նպատակով ուղղորդելու բարի կամք և արածիդ անհրաժեշտության հստակ գիտակցություն: Մրցութային հանձնաժողովի նախագահ, ԵՊԿ փողային-հարվածային նվագարանների ամբիոնի վարիչ Աբգար Մուրադյանի հավաստմամբ, ներկայացված երաժշտական ստեղծագործություններն արդեն ընդգրկվել են ուսումնական ծրագրում: Մարտին Վարդազարյանն էլ վկայեց, որ մրցույթը շահած 6 գործերն էլ մնայուն արժեք են. Վարդան Ուլիխանյանի «Չորս պար»-ը (I մրցանակ), Ռոբերտ Պետրոսյանի «Փոքր կոնցերտ»-ը (II), Անդրանիկ Ֆատալովի «Կապրիս-մտորում»-ը (II), Յուրի Բալյանի «Վոկալիզ» -ը և վերոհիշյալ երկուսը: Սաքսոֆոնի մոտ 50 սիրահարների համախմբած ՀՊՍԱ անմիջական ջանադրությամբ կայացած մրցույթի եզրափակիչ համերգի ունկնդիրները միանգամայն համոզվեցին դրանում` ականջալուր լինելով Արմեն Յուստունցի, Հրաչյա Աբովյանի, Մանվել Արսենյանի, Մարտին Ուլիխանյանի, Սերգեյ Չոլախյանի և այլոց տպավորիչ կատարումները: Խորհրդան շական իմաստ ձեռք բերեց կոնսերվատորիայի ուսանողների ու պատանի սաքսոֆոնահարների համատեղ ելույթը համերգի ավարտին` խանդավառելով ներկաներին և ակադեմիական սաքսոֆոնային երաժշտության ապագայով մտահոգված պրոֆեսիոնալներին: Հիմնադրման երկամյա գործունեությունը, վայելելով Եպկ ռեկտորատի մեծ աջակցությունը, հույս է ներշնչում, որ կատարողական արվեստի զարգացմանը միտված հետագա նախագծերը ևս նպաստավոր կլինեն, քանի դեռ Արմեն Բուդաղյանը ակտիվորեն ներգրավում է պատանիներին լուրջ երաժշտարվեստի ոլորտը, քանի դեռ բարձրակարգ երաժիշտ-մանկավարժ Կարեն Մանուչարյանը, իր ողջ փորձն ու կազմակերպչական եռանդը նվիրաբերելով մշակութային նորակառույց օջախի ամրապնդմանը, իր շուրջն է համախմբում պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ սաքսոֆոնասիրահարներին: Հաջողության գրավականը մասնագիտական հմտություններն են, որոնց ՀՊՍԱ նախագահը` նոր նախաձեռնության կենսագործման գլխավոր շարժիչ ուժը, հիմնովին տիրապետում է շնորհիվ երաժշտարվեստում իր հաստատմանը օժանդակած անփոխարինելի ուսուցիչ ների` Վենիամին Մյասոյեդովի, Վլադիմիր Մոսկվիչովի և Հակոբ Ոսկանյանի: Առաջին խոշոր միջոցառմամբ հասնելով շոշափելի արդյունքի` ՀՊՍԱ-ն, վստահ եմ, նույն կորովով կշարունակի կարևորել իր ներկայությունը մեր արդի մշակութային դաշտում` զինվորագրվելով լուրջ արվեստը սատարողների նոսրացած բանակին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ