ԱՆՄԵՂ ՀՐԵՇՏԱԿԸ


Հայտնի բանդայի ձերբակալությունից հետո «Սուրիկի լավաշ» ձեռնարկության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը հայտարարում է, որ իր որդիներն անմեղ են, և նրանց մեղադրում են միայն ինչ-որ կուսակցական խաղերի պատճառով: «Անմեղ հրեշտակ» Արտուշ Հակոբյանը, պարզվում է, ունի այնպիսի հարուստ կենսագրություն, որին կնախանձեր ցանկացած քրեական հեղինակություն: Նա նախկինում վեց անգամ դատապարտված է եղել: Առաջին անգամ դատապարտվել է 13 տարվա ազատազրկման` 1987-ին` պետական ունեցվածքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար, ապա կալանավայրից դիմել է փախուստի: Հայտնաբերվելուց հետո կրակել է միլիցիայի աշխատակիցների ուղղությամբ և դատապարտվել 12 տարվա ազատազրկման: 1992 թ. սեպտեմբերին դարձյալ դիմել է փախուստի և 1996 թ. կալանավորվել: Դատարանի որոշմամբ Արտուշ Հակոբյանը 1997 թ. ընդունվել է հարկադրական բուժման` ուժեղացված հսկողության հոգեբուժական բաժանմունք: 1998 թ. այդ բաժանմունքից տեղափոխվել է սովորական հսկողության բաժանմունք, որտեղից նույնպես հաջողեցրել է ճողոպրել: Ապա խոշոր չափերի գումար շորթելու դիտավորությամբ հրազենի գործադրմամբ առևանգել է ՀՀ բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանին և պահանջել 100 հազար ԱՄՆ դոլար: Այս հանցանքի համար էլ կալանավորվել է, հետո էլ հոգեբուժական հիվանդանոցից նորից դիմել է փախուստի…