Իմ երեխային ինձանից լավ պահող չի լինի - պնդում է Արամ Մանուկյանը


Ազատության հրապարակում շարունակվում են ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները: Իսկ երկխոսությունը շարունակելու համար իշխանական կոալիցիան պահանջում է դադարեցնել հանրահավաքները: Վերջապես, ե՞րբ և ինչպիսի՞ն կարող է լինել իշխանության և ընդդիմության միջև ստեղծված` հասարակության և երկրի համար պառակտիչ հակամարտության ավարտը: Սրա շուրջ է զրույցը ՀՀՇ վարչության նախագահ Արամ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ: - Իշխանական կոալիցիան, որպես երկխոսության վերսկսման պայման, առաջարկել կամ պահանջել է ավարտել շուրջօրյա հանրահավաքները: Ինչպիսի՞ն է անձամբ Ձեր վերաբերմունքը դրա հանդեպ: - Իրենք պատասխանատվությունից են խուսափում: Իրենց հայտարարության մասին իրենց կազմածը ես թուղթ եմ համարում, ոչ թե քաղաքական ուժի վերաբերմունք` երկրում առկա քաղաքական խնդիրներին, երկրից դուրս հզորացող մարտահրավերներին: Դա մի թուղթ էր, որի մեջ չկար դիվանագիտություն, քաղաքականություն, մտահոգութ յուն, խնդիրների լուծման կամք: Տղայական վերաբերմունք` վրանները հանեք, նոր կգանք-երկրի պրոբլեմները ձեզ հետ կլուծենք: Իսկ եթե վրան չլիներ, կամ դրանք 500 անգամ ավել կամ պակաս լինեին, ի՞նչ է, երկրի պրոբլեմները փոխվո՞ւմ են դրանից: Այսինքն, իրենց տրամաբանությամբ` խնդիրը ոչ թե պրոբլեմից է գալիս, այլ` թե ով է լուծում կամ որտեղ և ինչպես են հարց բարձրացնում: Իրենց համար թիրախը պրոբլեմը չի: Սա է տարօրինակ: Մենք հրաժարան կամ երկխոսություն ենք պահանջում, որովհետև կա պրոբլեմ: Պրոբլեմները 85 էջով բացատրել ենք: Իրենք էլ են ընդունում, որ արտագաղթ կա երկրում, հասկացան չէ՞, որ պրոբլեմ ունենք Ղարաբաղում, պրոբլեմ ունենք միջազգային կառույցներում: Տարօրինակ վիճակում ենք հայտնվել. ընդդիմությունը և այս հրապարակում գտնվողները երկրի շահի, երկրի վիճակի մասին ավելի անկեղծ ու լուրջ են մտահոգված, քան իշխանությունը: - Տեսակետներ, կարծիքներ են հնչում, թե առաջին և երրորդ նախագահներն այսօր միասին գործում են երկրորդ նախագահի դեմ` ցանկանալով կանխել նրա վերադարձը: - Լրջություն չկա ասվածի մեջ: Մենք պայքարում ենք ոչ թե որևէ մեկի դեմ, այլ Հայաստանում օրինական կարգը վերականգնելու, ազատ ընտրություններով իշխանություն ձևավորելու, մարտահրավերները հաղթահարելու, արտագաղթը կասեցնելու, ժողովրդավար վիճակ ստեղծելու համար: Այստեղ հավաքվելը երկրի ոչ նորմալ լինելու արգասիքն է. եթե մենք ունենայինք հեռուստատեսության մեկ ժամ, եթե լիներ ազատ մամուլ և ազատ խոսելու ամբիոն, ոչ մեկը չէր գա` հինգ օր մրսեր: Մենք ուզում ենք, որ ոչ թե Լևոնը նախագահ լինի, այլ երկիրը լավը լինի: - Բոլոր ժամանակներում ընդդիմությունն ասում է, որ իր նպատակը ոչ թե զուտ իշխանության գալն է, այլ այդ իշխանությամբ տրված լծակներն ի շահ երկրի և ժողովրդի գործադրելը: Սակայն անցած 20 տարիների ընթացքում մեզանում ծավալված ներքաղաքական պայքարում քաղուժերն ու գործիչները սառը ցնցուղով քաղաքականապես հրաշալի կրթել են մեր ժողովրդին, և նրան այլևս դժվար է գեղեցիկ խոստումներով խաբել: Սա ես մեջբերում եմ քաղաքական վերլուծաբաններից մեկի դիտարկումներից: - Ես ստորագրում եմ ասվածի տակ: Ոչ թե մարդու ասածին են հավատում, այլ նրա արածին, կենսագրությանը: Տեր-Պետրոսյանը մի անգամ հայտարարեց` վերցրեք ՀԱԿ-ի ամբողջ կազմը և համեմատեք Հայաստանի 1000 հարուստների կազմի հետ: Ես տասը տարի եղել եմ իշխանության մեջ, մասնավորապես, պատգամավոր` կրթության հանձնաժողովի նախագահի տեղակալ, մշակույթի փոխնախարար: Ես կարող էի ոչ պակաս, քան այսօրվա իշխանավորները, հարստություն, բիզնես ունենալ: Եվ բոլոր իմ ընկերները. Լևոն Տեր-Պետրոսյանը երբևէ որևէ բիզնեսի չի մոտեցել, նույնը նաև մեր ամբողջ թիմը: Սա է վստահության այն աղբյուրը, որ մենք ասում ենք` գալիս ենք ոչ թե սեփական, այլ երկրի խնդիրները լուծելու: Մարդուն վստահելու համար նրա կենսագրությունից, ապրելու ձևից լավ երաշխիք չկա: Ռ. Քոչարյանի կենսագրության առաջին մասը նայեք ու վերջին մի քանի տարին, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում կարողացավ 5 միլիարդ դոլար դիզել, և համեմատեք որևէ այլ երկրի նախագահի հետ: Ես ամաչում եմ, որ ինքը հայ է, ես էլ եմ նույն ազգի ներկայացուցիչ: - Նորանկախ Հայաստանը 90-ականների սկզբին համարվում էր ժողովրդավարության կղզյակ: Հետո ինչո՞ւ հետընթաց ապրեցինք, մասնավորապես, ընտրությունների հարցում: - Սխալներն ու թերությունները չեմ բացառում: Բայց ես խոսում եմ համակարգված միջոցառումների մասին, իշխանական այն կարգի բաներ, որ հիմա են տեղի ունենում, չեն եղել: Մեր իշխանության ժամանակ ոչ մի օլիգարխ, ոչ մի բիզնեսմեն, ոչ մի կրիմինալ խորհրդարան չի մտել: Ընդհանրապես, եթե այն ժամանակ ինչ-որ բան սխալ է եղել, չի նշանակում, թե դա թույլ է տալիս, որ եղած սխալի 400-ապատիկը հիմա լինի: Մենք մեր սխալները շատ լավ գիտենք: Բայց վատ ենք զգում, որ դրանք հաջորդ իշխանությունների օրոք 100-ապատկվեցին: Լավ կլիներ, որ Լ. Տեր-Պետրոսյանն իր արածներով մնար պատմության մեջ, եկող իշխանությունը դառնար հզոր, ավելի լավը ու առաջ տաներ այս երկիրը: - Մի քանի օր առաջ ՀՅԴ խմբակցության պատգամավորներից մեկն ինձ ասաց, որ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի միջև գաղափարախոսական անհամատեղելիությունները շատ են, բայց ազատ ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու հարցում կարելի է համագործակցել: Նույն մոտեցումն արդյո՞ք կարող ենք ակնկալել ՀԱԿ-ից: - Ի տարբերություն կուսակցությունների, այս թվում նաև ՀՀՇ-ի, ՀԱԿ-ը համաժողովրդական ֆորում է և իր կազմում ընդգրկում է անգամ նույն գաղափարախոսությունը չկիսող քաղաքական ուժերի: Ցանկացած քաղաքական ուժ կարող է այս կամ այն կերպ իր աջակցությունը հայտնել: Վերջին հաշվով` այստեղ կան շատ մարդիկ, ուժեր, որոնք մեզ չեն ընդունում, բայց ընդունում են այն պահանջներն ու խնդիրները, որոնք դրված են հրապարակում: Այդ առումով, անկեղծորեն` կուզեմ, որ լինի և´ «Ժառանգությունը», և´ Դաշնակցութ յունը: Որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև սա որևէ մեկի` ո´չ կուսակցության, ո´չ անձի սեփականաշնորհման խնդիրը չէ: - Լավ, բայց այս հրապարակում բեմադրվող դրամայի վերջը ե՞րբ և ի՞նչ է լինելու: - Այնքան կուզեմ`վերջը երևա: Մարդկանց ցանկություններն էլ, որը շատ մարդկային է և իրական` նստենք, քննարկենք, լուծումներ գտնենք: - Բայց իշխանությունների և ձեր պահանջները հակասում են միմյանց: - Արտահերթ ընտրություն ենք ուզում: Եթե իշխանությունն ուժեղ է, թող արտահերթ ընտրություններ հայտարարի և դրանցում հաղթի: - Լավ, բայց ի՞նչ երաշխիք, որ արտահերթ կոչվածն արդար ընտրություն կլինի` առանց ընտրակաշառքի, առանց տուր ու դմփոցի: - Կարող է լինել: Իսկ համաձա՞յն եք, որ ժողովրդի կամքն ամենաբարձրն է: Թող իշխանությունը սոցիոլոգիական հարցում անցկացնի, դրա արդյունքում ճշտի` ժողովրդի ո՞ր մասն է փոփոխություն ուզում, իշխանափոխություն ուզում: Վերջին հաշվով` հասարակության նյարդերը լարված են: Վերջ ի վերջո այս լարումն արտագաղթ է բերում, տնտեսական զարգացում չի լինում, մարդու հույսն ու հավատը սպառվում, կորչում են: - Ասում են` միևնույն գետը երկրորդ անգամ մտնել հնարավոր չի: Ուզում եմ ասել` այսօր 88-ը չի, և նույն իրավիճակը, ժողովրդական հուզումների պատճառները նույնը չեն: - Աշխարհն այնքան օրինակներ ունի, երբ նույն քաղաքական թիմը, նույն ղեկավարն ընդմիջումներով ղեկավարում է երկիրը: Իհարկե, այսօր անցնելիք ճանապարհը նույնը չի, ինչ 88-ին: Սա բոլորավին նոր թիմ է, նոր քաղաքական իրավիճակ է, պահանջները տարբեր են: Այն սերունդը, որն անկախություն կայացրեց, այդ անկախությունը պահելու, փայփայելու, ուժեղացնելու առաքելությունն ունի: Ես միշտ ասել եմ` 1998-ը կապված է 2008-ի հետ: Ես ուզում եմ` անկախությունը, որի հռչակագիրը կարդացել եմ, դառնա անշրջելի: Իմ երեխային ինձանից լավ պահող չի լինի. Անկախությունն իմ երեխան է, այս սերնդի երեխան է: Այս առումով` նույն գետի խնդիր չկա:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ