ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԱԵՎ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է


ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթն արժանացել է ինչպես մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների, այնպես էլ քաղաքական գործիչների և վերլուծաբանների քննարկմանը: Այդ ելույթում արտաքին գործերի նախարարը հստակորեն շարադրել է Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի հարցում: Անշուշտ, Լավրովի ելույթը բավական ուշագրավ էր, խորքային և մի շարք ենթաշերտեր էր պարունակում: Մի կողմից` նա խոսում էր խաղաղության հաստատմանը ծառայող նոր հնարավարությունների մասին, մյուս կողմից` չէր բացառում, որ կողմերից որևէ մեկը կարող է վերսկսել պատերազմը: Եվ հետաքրքիր է, որ Լավրովը չէր ասում, թե Ռուսաստանը կպատժի պատերազմը վերսկսողին, այլ ասում էր, թե պատերազմը վերսկսելը որպես առիթ կօգտագործվի` խաղաղություն հաստատելու նպատակով: Այսինքն, այստեղ ուշադրություն պիտի դարձնել երկու հանգամանքի: Առաջին. ինչ որ պետք է անի` Ռուսաստանն է անելու, այլ ոչ թե` ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը կամ ուրիշ որևէ տարածաշրջա նային կամ միջազգային կազմակերպություն: Եվ այդ պարագայում Ռուսաստանը անհրաժեշտություն չի տեսնում որևէ այլ երկրի հետ խորհրդակցելու կամ որևէ մարմնի արտոնութ յունները ստանալու համար: Սա նշանակում էր, որ Լավրովը, Կրեմլի պաշտոնական տեսակետը ներկայացնելով, կարծես հասկացնում էր համաշխարհային հանրությանը, թե ինքը վաղուց իրեն է հռչակել Ղարաբաղյան խնդրի կարգավորման գլխավոր դերակատար և հենց իր կամքից էլ կախված են հետագա զարգացումները: Իսկ այն, ինչ Լավրովն ասում էր, որ Ռուսաստանն անելու է, դա երկրորդ կետն է` խաղաղության, այլ ոչ թե հրադադարի հաստատումն է: «Խաղաղության հաստատում» նշանակում է խնդրի, այլ ոչ թե հակամարտության լուծում: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պարտադրված լուծում, դրան զուգահեռ` տարածքների, փախստական ների, Լաչինի հարակից խնդիրների լուծում: Լավրովի ելույթը գնահատվում է որպես վերջին տարիների ամենաբացահայտող հայտարարություններից մեկը, որը երբևէ լսվել էր որևէ «միջնորդի» կողմից: Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարության մեջ կարելի է տեսնել նաև սպառնալիք, կամ խոստում, նույնիսկ` հրավեր կողմերից մեկին, եթե կա այդպիսի կողմ, որը մտածում է պատերազմ վերսկսելու մասին: Բայց նաև առկա է ամրագրում, որ այդ դեպքում Ռուսաստանի կողմից լուծումը լինելու է ի շահ իրեն: Ամենամեծ սխալը կլինի, եթե Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի իշխանավորները մտածեն, թե այդ կողմն իրենք պետք է որ լինեն: Իսկ այդ կողմը Ադրբեջանն է, քանի որ Ռուսաստանը հակված է պաշտպանել Բաքվի շահերը, նպաստել` նրան վերադարձնելու ազատագրված տարածքները և Ղարաբաղում բնակեցնելու այն ազերիներին, որոնց մի մասը հեռացել է այստեղից: Այսինքն, Ռուսաստանն է կյանքի կոչելու ադրբեջանական տոեսլականներն ու իրեն հռչակելու է Ղարաբաղի յուրատեսակ խնամակալ: Սա վտանգավոր մոտեցում և դիրքավորում է, ինչի նախադրյալներն էր կամենում ձևավորել նախագահ Մեդվեդևը կազանյան հանդիպման ժամանակ Այդ սցենարը շատ ավելի անդին կանցնի, քանի որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղում ուժերի տեղակայման հարց: Իսկ այս սցենարի մասին արդեն մի քանի տարի է խոսվում է: Այստեղ և´ Մոսկվան, և´ Բաքուն, այսինքն` կողմերից յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում, իր հաշվարկն է անում: Մինչդեռ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շահերն ու հաշվարկները տրվում են մոռացության, ստորադասվում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերին: Այստեղ հարցը այլ է` իսկ որո՞նք են մեր կողմերի` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հաշվարկները... Եթե վստահ ենք, որ մեր միացյալ ուժերն ավելի մարտունակ են Ադրբեջանի համեմատ` արդյո՞ք նույն հաշվարկը կարելի է անել Ռուսաստանի ուժերի վերաբերյալ: Ի վերջո, Լավրովը ասում է` «ամեն միջոց» գործադրվելու է այդ խաղաղությունը հաստատելու համար: Իսկ Լավրովը կամ ռուսաստանցի որևէ պաշտոնյա ասե՞լ է, որ Ռուսաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ` Ռուսաստանը կցանկանար տարածքները մշտապես տեսնել հայկական վերահսկողության տակ... Ուրեմն, Հայաստանի և Ղարաբաղի համար պատրաստվում է բավական վտանգավոր մի սցենար, որից ոչ միայն պետք է զգուշանալ, այլև ամեն կերպ վիժեցնել այն` Շուշիի գրավմամբ կերտված մեր հաղթանակն ու Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը չտապալելու համար: Հնարավոր է, որ նախագահ Սարկոզին հայաստանյան իր այցի ժամանակ խոսի նաև Ռուսաստանի նմանօրինակ կեցվածքի և դիրքորոշման մասին` որպես համանախագահող երկիր` իր միջամտությունն առաջարկելու և Ռուսաստանի գերակա դիրքերը չեզոքացնելու համար: Չնայած որոշ վերլուծաբաններ այն միտքն են հայտնում, թե Ֆրանսիան առանձնակի ջանք չի թափում ԵԱՀԿ Մինսկի խմբում իր դիրքերն ամրապնդելու և վճռական կեցվածք ընդունելու համար: Ավելին, մինչև այժմ Ֆրանսիան չի փորձել գոնե իր համար ճշտել, թե ինչ քանակության զենք է մատակարարում Ռուսաստանը Ադրբեջանին…