«Մեր տանկային ստորաբաժանումները կայացած են»


Վաղը Տանկիստի օրն է: Շուրջ 2 տասնամյակ առաջ Հայոց բանակի կազմավորմանը զուգընթաց` ստեղծվեցին նաև տանկային ստորաբաժանումներ: Իսկ 1992-ի այս օրը վերջնականապես ձևավորվեցին և հետագա տարիներին շարունակ կատարելագործվեցին ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները: 1996-ից Վազգեն Սարգսյանի հրամանով հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր: Մեր զրուցակիցն է ՀՀ Պաշտպանության նախարարության Սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման, նորոգման և տարատեղման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Սպարտակ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ: - Հայկական ԶՈւ տանկային ստորաբաժանումներն ի՞նչ ուղի են անցել: Ինչպիսի՞ ձեռքբերումներ ունենք: - Արցախյան ազատամարտի տարիներին` հատկապես սկզբնական շրջանում, ունեինք մի քանի տանկ, որոնց գոյությունն բարձրացնում, ամրապնդում էր մարտիկների ոգին: Ձեռք բերված տանկերի մեծ մասը, կարելի է ասել, ռազմավար է եղել` հակառակորդից վերցված տեխնիկա: Դժվարություններ կային նաև մասնագետների պակասի առումով. չունեինք պատրաստված տանկիստներ, ինժեներներ, որպեսզի նորորգեն, շարք վերադարձնեն վնասված տեխնիկան: Գրականություն հայթայթելու հետ կապված ևս քիչ չէին խնդիրները: Չէի ցանկանա որևէ մեկի անունն առանձացնել. Արցախամարտին մասնակցած բոլոր տանկիստները հերոսներ են եղել: Մեր ազատամարտիկների, Խորհրդային բանակից եկած հայորդիների նվիրումի, ներդրած ջանքերի, հմտությունների շնորհիվ ստեղծվել են նորոգման խմբեր, անձնակազմեր: Մեծ դժվարությունների գնով1992-ին ստեղծվել են առաջին տանկային ստորաբաժանումը, որոնց դերը չափազանց մեծ էր Արցախյան գոյապայքարում: Տանկային ստորաբաժանումները գերազանց կատարել են իրենց խնդիրը` թե´ հարձակման, թե´ պաշտպանության առումով: Տանկն այնքան շարժունակ տեխնիկա է, որ կիրառվել է նաև հարձակումների ժամանակ. այսինքն` այն թե´ հարձակվողական, թե´ պաշտպանողական զենք է: Մեր տանկիստներն իրենց ունակություններով շատ կարճ ժամանակահատվածում հաջողություններ են արձանագրել և աչքի ընկել: Այսօր Շուշիում գտնվող տանկի հուշարձանը մեր ստորաբաժանումների սխրանքն է հավերժացնում: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով` տանկային ստորաբաժանումները ժամանակի ընթացքում կայացել են: Այսօր ունենք նորոգման գործարաններ, որոնք լիարժեք կատարում են տանկերի, կամ ընդհանուր զրահատեխնիկայի վերանորոգման աշխատանքները: Ունենք ուսհաստա տություններ. Արմավիրի ուսումնական կենտրոնում, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի համապատասխան բաժնում պատրաստվում են որակյալ մասնագետներ: Իսկ դա մեծ ձեռքբերում է: Կատարվում են մեծ ծավալով արդիականացման աշխատանքներ` տանկերի հզորության, շարժունակության բարձրացմանն ուղղված: Մեծ ուշադրություն է հատկացվում տանկային ստորաբաժանումներում վթարների կանխարգելման միջոցառումներին: Հետևողական աշխատանքների շնորհիվ տեխնիկայի անսարքության կամ շահագործման կանոնների խախտման պատճառով պատահարներ չեն գրանցվել: Վստահաբար ասում եմ` որակական առումով մենք մի քանի անգամ գերազանցում ենք հակառակորդին: Քանակից առավել կարևոր է անձնակազմի պատրաստվածությունն ու մարտական ոգին: Մենք մեր հողն ենք պաշտպանում: Մեր զինվորը երբեք կես ճանապարհից հետ չի կանգնի: Նա գիտի, որ իր հայրենիքն է պաշտպանում և ամեն ինչ անելու է, որ հաղթի: - Ֆիզիկական և կամային ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի տանկիստը: - Տանկիստը շատ դժվարին, պատասխանատու աշխատանք է կատարվում, որի հաջողության հիմքում կամային որակներին են: Անձնակազմը, տեխնիկայի հետ շփվելով, բնավորության նոր գծեր ու որակներ է ձեռք բերում: Տասնութ տարեկան պատանին, երբ տեսնեում է այդ մեծ ռազմական տեխնիկան` իր հզորությամբ, ծանոթանում է դրա հնարավորություններին, ինքնըստինքյան պատասխանատվության մեծ զգացումով է լցվում: Ինչ խոսք, դաստիարակչական աշխատանքներ ևս տարվում են, որպեսզի նա սիրի իր տեխնիկան, խնամքով վերաբերվի: Ընտրության ժամանակ իհարկե հաշվի է առնվում այն հանգամանքը, որ զինվորը շփված լինի տեխնիկայի հետ կամ գոնե կարողանա տիրապետել հմտություններին, քանի որ նա իր ծառայության մեկ ու կես տարվա ընթացքում կապված է լինելու այդ տեխնիկայի հետ: Բնականաբար` պետք է տիրապետի բոլոր առանձնահատկություններին: Անփույթ կամ անըադունակ զինվորը չի կարող տանկային զորամասում ծառայել: Անձնակազմի անդամների միջև կարևորվում են մարդկային հարաբերությունները: Նրանք պետք է համաձայնեցված ու ներդաշնակ աշխատեն: Անձնակազմի 3 անդամներն էլ պետք է այդ պահին նույն կերպ մտածեն, նույն եղանակով գործեն և նույն հրամանը կատարեն: Իսկ եթե նրանք միմյանց չհասկանան… մի փոքր շեղում, և տանկը տեղից չի կարող շարժվել: Այս փոքր միավորի ներսում առկա փոխըմբռնումը տեղափոխվում է ստորաբաժանում, ապա` զորամաս: Դրանով պայմանավորված` տանկային զորամասերում համախմբվածությունն ավելի ցայտուն է: Կցանկանայի տանկիստների կողմից` իրենց տոնի կապակցությամբ շնորհավորել մեր ժողովրդին: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր տանկային ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում իրենց առաջադրանքը կարող են գերազանց կատարել: Իսկ մեր խնդիրն է` լինել այնքան հզոր, որ այդ անհրաժեշտությունը չառաջանա: Մասնագիտական տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության Սպառազինության վարչության Զրահատանկային ծառայության և համակարգի աշխատողներին, հայ տանկիստներին` մաղթելով տոկունություն, արիություն, կամք` ի շահ Հայոց բանակի` է´լ ավելի հզորացման և հետագա ձեռքբերում ների:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ