ԳՈՐԻՍՅԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Գորիսի Վաղարշյանի անվան թատրոնում մտահոգված են հանդիսատեսի խնդրով, իսկ խաղացանկային ներկայացումները հիմնականում դպրոցականների համար են: Իսկ սա նշանակում է, որ մեծահասակ հանդիսատեսը հեռանում է թատրոնից, դերասաններն էլ ուրատեսակ ստեղծագործական անբավարարվածություն են ապրում: Գորիս այցելելու հերթական առիթը «Կինոաշուն» փառատոնն էր, որն այդպես էլ կարևոր իրադարձություն չդարձավ մեր մշակութային կյանքում, առիթ չտվեց բարձրաձայն մտորելու մեր կինոյի ներկայի ու ապագայի մասին: Հանդիսատեսն էլ առանձնակի խանդավառությամբ չընդունեց փառատոնը, քանի որ այն չուներ հստակ արտահայտված հայեցակարգ, հեռու էր փառատոնային ձևաչափերից, տոնական տրամադրությունից, ընդգրկված չէին հանդիպումներ նշանավոր կինոգործիչների և կինոդերասանների հետ… Տխուր տրամադրություններն իրենց շարունակությունը կարող են ունենալ Հայաստանի հնագույն` Վաղարշյանի անվան թատրոնում, որի գոյության մասին միշտ չէ, որ հիշում են մեր երկրի մշակույթի կառավարիչները: Միշտ չէ, որ նրա խնդիրներն ու մտահոգությունները դառնում են քննարկման առարկա: Ի տարբերություն շատ թատրոնների, այստեղ գործունյա ու մշակութային կառավարման առանձնահատկություններ ունեցող տնօրեն կա` Համլետ Հարությունյանը, ով իր պաշտոնավարման շրջանում կարողացել է կենդանություն հաղորդել թատրոնին, խաղացանկ ձևավորել, կապ հաստատել դպրոցների հետ, ստեղծել 100 տեղանոց դահլիճ, որը հետայսու սպասարկելու է փոքրահասակ հանդիսատեսներին: Սակայն ժամանակակից թատրոնը ոչ թե տնօրենն է, այլ` ռեժիսուրան, գեղարվեստական ղեկավարը: Իսկ ահա Վաղարշյանի անվան թատրոնը, հավանաբար «ընդօրինա կելով» Սունդուկյանի անվան թատրոնին, աշխատում է առանց գեղարվեստական ղեկավարի և բեմադրիչների` գլխավորապես ապավինելով հյուրեկ բեմադրիչներին: Իսկ հյուրեկ բեմադրիչներն էլ, բացառությամբ Վիգեն Ստեփանյանի, վաղուց մոռացված կամ էլ թատրոնում ոչինչ չարած անուններ են, երբեմն մարդիկ, ովքեր արդեն իսկ տխրահռչակ գործունեություն են ունեցել այլ թատրոններում: Տնօրենը բեմադրիչների նման ընտրությունը բացատրում է ֆինանսական միջոցների բացակայությամբ, քանի որ ճանաչված ու համբավ ունեցող բեմադրիչները պահանջում են արժանապատիվ հոնորարներ, ինչը թատրոնը չի կարող վճարել: Հետևաբար ոչ թե ընտրություն են կատարում, այլ թատրոնի դռները պարզապես բացում են ցանկացողների առջև. նրանց, ովքեր ունեն ռեժիսորական կրթություն… Գեղարվեստական ղեկավարի և սեփական ռեժիսուրայի բացակայությունն էլ ձևավորում է ստեղծագործական խառնիփնթորություն, անծրագիր գործունեություն: Ավելին` խաղացանկային խայտաբղետոււթյուն, որն էլ հանգեցնում է էկլեկտիզմի: Ռեժիսուրայի բացակայությունն այստեղ պայմանավորված է տեղական կադրերով. Գորիսում գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տեղական մասնաճյուղը, որի մի արվեստանոցն այս տարի տեղափոխվեց Ստեփանակերտ: Թատրոնի տնօրինությունը քանիցս փորձեր է արել մշտական աշխատանքի հրավիրել երևանաբնակ բեմադրիչների, սակայն սահմանված ցածր աշխատավարձերը, արտաբյուջետային միջոցների ոչ բավարար վիճակը հնարավորություն չեն տալիս` բեմադրիչների համար ստեղծել տանելի պայմաններ, լուծել նրանց առջև հառնող սոցիալական խնդիրները: Թատրոնի տնօրինության հույսն այն է, որ վերջապես Կրթության և գիտության ու Մշակույթի նախարարությունները համատեղ առաջարկ կներկայացնեն` ԵԹԿՊԻ-ում նպատակային երկու տեղ հատկացնելու գորիսեցի ապագա բեմադրիչների համար, որպեսզի վերջապես թատրոնը կարողանա դուրս գալ անորոշությունից, լուծել իրապես ժամանակակից ստեղծագոր ծական խնդիրներ` իր գործունեության մեջ գերակա չդարձնելով ինքնանպատակությունն ու ինքնաբավությունը: Իհարկե, գեղարվեստական անորոշության խնդիրն այսօր միայն Գորիսի թատրոնի առջև չի կանգնած: Առանց հստակ ծրագրերի ու գեղարվեստական կառավարման են գործում հանրապետության մի շարք անգամ նշանավոր թատրոններ: Սակայն Գորիսի թատրոնի դեպքում հարցադրումներն ավելի են կարևորվում, որովհետև այս թատրոնն ունի նաև ռազմավարական նշանակություն, այն մի հսկայական տարածաշրջանի երկրորդ խոշոր մշակութային օջախն է, որը Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի հետ` կոչված է սպասարկելու Վայոց ձորի, Սյունիքի մարզերին, ներկայացումներով հանդես գալու տասից ավելի քաղաքներում, հանրապետության հարավային շրջաններում ձևավորելու գործուն գեղարվեստական կյանք: Թատրոնն իսկապես կայունացող դերասանախումբ ունի, ունի թատրոն եկող շնորհալի երիտասարդություն, որի գերակշռող մասը` բարձրագույն մասնագիտական կրթությամբ: Սա եզակի երևույթ է թատրոնի վերջին տարիների պատմության մեջ, սակայն գեղարվեստական ծրագրի բացակայությունը կարող է ավերել ամեն ինչ: Դիցուք, առանց այն էլ թատրոնի նկատմամբ ոչ բարեհաճ վերաբերմունք ունեցող քաղաքի երիտասարդ արվեստագետներին հեռացնել թատրոնից և հարկադրել այլ ոլորտներում որոնել իրենց ապահովությունն ու բավարարվածությունը: Թատրոնի դերասան-դերասանուհիները, ովքեր մասնակցել են մի քանի հանրապետական թատերական փառատոների, հոգնել են միայն դպրոցականների համար ներկայացումներ խաղալուց: Նրանք էլ կամենում են աղերսվել բարձր թատերգությանը, մարմնավորել համաշխարհային դասական խաղացանկի կերպարներ: Բայց այս ամենի համար ռեժիսուրա է անհրաժեշտ, կայուն ստեղծագործական ծրագրեր և թատրոն-հանդիսատես մշտաներկա կապ է հարկավոր, որոնք տակավին չկան: Չկան նաև հույսեր, որ առաջիկայում ամեն ինչ կշտկվի, թատրոնն իսկապես կվերածվի ստեղծագործական կառույցի` հեռանալով միայն ֆինանսական խնդիրներ լուծողի կարգավիճակից…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ