Բա կինը ավտոմեքենա կվարի՞


Սաուդյան Արաբիայում մի կին հանդգնել է խախտել կանանց ավտոմեքենա վարելու արգելքը և դատապարտվել է… մտրակի 10 հարվածի: Նման դատավճիռ կայացվել է 2 օր հետո արքա Աբդուլայի այն հայտարարությունից, որ 2015 թվականից իրենց երկրի պատմության մեջ առաջին անգամ կանանց կթույլատրվի քվեարկել և ընտրվել իշխանության տեղական մարմիններում: Դատապարտյալը, ում միայն անունն է հրապարակվել` Շեմա, մեղավոր է ճանաչվել` նավահանգստային Ջիդա քաղաքում մեքենա վարելու պատճառով: Իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հատկապես այդ իրավունքը պաշտպանող Women2drive կազմակերպությունն էլ ծանուցել է, որ Շեման բողոքարկել է այդ վճիռը: Վերջին շրջանում սաուդցի շատ կանայք են մեքենա վարել` այդ կերպ փորձելով ճնշում գործադրել իշխանությունների վրա` փոխելու օրենքը: Նրանցից ևս 2¬ը շուտով դատական պատասխանատվության կենթարկվեն: Կանայք պայքար են ծավալել նաև ինտերնետային կայքերով, քանզի բողոքի զանգվածային ցույցերը ևս արգելված են Սաուդյան Արաբիայում: Իսկ վարորդական իրավունք այս երկրի բնակչուհիները ձեռք են բերում արտերկրներում: - Մեր ուզածն ընդամենը այն է` կատարել մեր պարտականությունները` ուրիշ վարորդի ծառայությանը չդիմելով,¬ ասել է կանանցից մեկը` հավելելով. - Կարծում եմ` հասարակությունը պատրաստ է ընդունել մեզ: Ինտերնետային բողոքի մեկ այլ մասնակցուհի` Մախա Կախտանին էլ խոստովանել է, որ 45 րոպե ինքը երթևեկել է մայրաքաղաք Ռիադումում, որպեսզի «ցուցադրի իր դիրքորոշումը»: