ՈՉ ՄԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՉԷ


Դեռ այն ժամանակ, երբ հայրենի օլիգարխներից մեկը հայտնվեց իր իսկ կողմից լարված թակարդում` լրջագույն խնդիրներ ունենալով իրավապահների հետ, շատերը կարծում էին, թե գերհարուստներին կարգի հրավիրելու հարցում իշխանությունը նրանցից մեկին քավության նոխազ դարձնելով` փորձում է հասարակության աչքին թոզ փչել: Եվ իրոք, որևէ մեկը չէր էլ պատկերացնի, որ կարճ ժամանակ հետո հայաստանյան օլիգարխիան հայտնվելու է բոլորովին այլ իրավիճակում` հարկադրված լինելով «զոհը» դառնալ վաղուց գոյություն ունեցող, բայց մինչ այդ ըստ նպատակահարմարության գործած օրենքների: Իսկ այսպես կոչված գործարար հատվածին իշխանությունից տարանջատելու իրական միտումները ակներև դարձան դեռևս նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ իշխանական քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում անհամեմատ փոքր թվով գործարարներ ընդգրկվեցին: Եվ վերջիններս ստիպված եղան գերազանցապես մեծամասնական ընտրատարածքներին ապավինել, բայց այս դեպքում էլ հաջողության հասնելու երաշխիքները համենայն դեպս կուսակցական ցուցակների չափ հստակ չէին: Անկասկած, իշխանությունը լավ էր հասկանում, որ Ազգային ժողովը գործարարներից «մաքրելու» ծրագիրը մեկ փուլով իրականացնելն այնքան էլ հեշտ չէ: Ուստիև, որքան էլ աննկատ, բայց դեռևս 2007-ի ընտրությունների նախաշեմին սկիզբ առավ օլիգարխիան իշխանությունից տարանջատելու գործընթացը: Ավելին, Նախագահի վերջին ընտրութ յուններում իշխանության թեկնածուն ոչ միայն արտաքուստ, այլ նաև գործնականում նշված խավին այդպես էլ հենարան և աջակից չդարձրեց: Դժվար չէր պատկերացնելը, որ աջակցությունը հետագայում նրանց ինքնաբերաբար մոտեցնելու էր իշխանական թիմին` հիմա էլ ոչ միայն փոխհատուցման խնդիր առաջացնելով, այլ նաև լրջորեն ստվերելով նորակազմ իշխանության վարկի վրա: Երևույթ, որն ի տարբերություն նախորդող շրջանի` նոր կառավարության կողմից լրջորեն կարևորվում է: Եվ նման պայմաններում արդեն դժվար չէր կռահելը, որ մինչ այդ իշխանության անունից և իշխանության ստվերում հանդես եկող օլիգարխիան իր բաժին ծանրակշիռ և բացասական հետևանքներն է ունեցել` նպաստելով իշխանության հեղինակազրկմանը: Եվ հիմա, անկախ այն բանից, թե խնդիրը հատկապես ո՞ր հարթության վրա է դիտարկվում, այլևս անվիճելի է դառնում խոշոր գործարարների անկասելի թվացող տարերային հաղթարշավի մեղմման-զսպման անհրաժեշտությունը: Պնդել, թե հանուն սեփական վարկանիշի բարձրացման նոր իշխանությունը զոհասեղանին է դրել երկրի գործարար հատվածի շահն ու մինչև հիմա գոյություն ունեցած սկզբունքները, սխալ կլինի: Իրականում խնդիրն ավելի պարզ է, և այն, ինչը ներկայում պահանջվում է վերջիներից, ավելի կարճ այսպես կարելի է ձևակերպել. «Ենթարկվել օրենքներին և ճանաչել սեփական անձի ու շրջապատի ազատությունների ու իրավունքների սահմանը»: Ինչ վերաբերում է բիզնեսի անձեռնմխելիությանը, ապա նման հարց, բնականաբար, չէր էլ կարող քննարկվել: Հենց այդ էր պատճառը, որ օրինական դաշտում գործելու, պարտաճանաչ հարկատու դառնալու և հաջորդող հայտնի ու անհայտ պայմանները հայրենի գործարարները լուռ համաձայնությամբ ընդունեցին: Հակառակ պարագայում մինչև անգամ հավանական էր, որ գործարարներն իրենք դժգոհ մնան և նույնիսկ փորձ անեն իշխանության վճռականության դեմ տրամադրվել: Չէ՞ որ նրանք վարժվել են սեփական ազատությունների անսահմանափակությանը: Բայց տվյալ պարագայում իրավիճակի վերափոխումը այդչափ դյուրությամբ ընդունվեց ոչ միայն դրան հարմարվելու անխուսափելի լինելու պատճառով, այլ` որովհետև վաղուց հասունացել էր այն առաջին քայլն անելու անհրաժեշտությունը, ինչին սիրով թե ճարահատյալ հետևելու էին բոլորը: