Սառույցը բարակե՞ց


Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն անցած շաբաթ կարծես նոր փուլ մտավ: Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախա րարների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահները կառուցողական գնահատեցին: Նկատենք` եռանախագահները հայ-ադրբեջանական գրեթե բոլոր բանակցություններից հետո հայտարարել են, թե կողմերի միջև չլուծված սկզբունքային հարցեր չկան, մնացել են միայն տեխնիկական բնույթի մեկ-երկու խնդիրներ, և չի բացառվում, որ մոտ ապագայում համաձայնագիր կնքվի: Սակայն, այդ մոտ ապագան համառորեն չէր նշմարվում: Խնդիրն այն է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ողջ գործընթացում, ըստ էության, պայքար էր գնում պատմական ճշմարտության, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների, ինչպես նաև աշխարհի հզորների հետապնդած աշխարհաքաղաքական շահերի ու նպատակների միջև: Այս ընթացքում հայկական կողմը շեշտադրել է ազգերի ինքնորոշման իրավունքը` փորձելով համոզել, ապացուցել միջազգային հանրությանը, որ այն իրականում չի հակասում տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին: Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե միջազգային հանրությունն անտեղյակ էր Արցախի պատմության, ընդհանրապես հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններից, Ղարաբաղի հարցում 1919 թ Կոմկուսի կովկասյան բյուրոյի անօրինական որոշման մասին: Անտեղյակ չէր, պարզապես Եվրոպան խուսափում էր պետությունների միջև սահմանների վերաձևումից, խուսափում էր տնտեսական համագործակցությունն ու զարգացումն արգելակող ազգամիջյան խնդիրների մեջ թաթախվելուց: Բայց աշխարհը մեծ արագությամբ փոխվում էր, փոխվում էին նաև հզորների մարտավարական խնդիրները… Մշտապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման դիրքերից հանդես եկող Մեթյու Բրայզան Մոսկվայում հայտարարեց, թե Ղարաբաղի հարցը վերջնականապես հանրաքվեով կլուծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը` որոշելով մնում է Ադրբեջանի կազմո՞ւմ, թե՞ անկախ կարգավիճակով: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այս հայտարարությունը դժգոհության հերթական ալիք առաջացրեց Բաքվում: Այնտեղ բողոքեցին, թե Բրայզան այս հայտարարությամբ կասկածի տակ է առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բաքուն սկզբունքորեն դեմ չի եղել հանրաքվեի առաջարկին: Սակայն այնտեղ միշտ պնդել են համապետական, բայց ոչ թե միայն Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու սկզբունքը: Հաշվարկն առավել քան պարզ է. համապետական, այն է` ողջ Ադրբեջանում հանրաքվե կազմակերպելու դեպքում ԼՂՀ անկախության կողմնակիցներն անվիճելիորեն քիչ կլինեն: Մինչդեռ խնդիրը ոչ թե Ադրբեջանին, այլ նրան բռնակցված հայկական Արցախին է վերաբերում: Կա մի կարևոր հանգամանք ևս: Վերոհիշյալ հայտարարության մեջ Մեթյու Բրայզան Ղարաբաղը հիշատակելիս օգտագործում է հանրապետություն բառը: Իսկ դա ինքնին վկայում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, այսինքն` ԱՄՆ-ը, փաստացի ընդունում է, որ Արցախը կայացած հանրապետություն է: Մեթյու Բրայզայի այս հայտարարությամբ, թերևս, կարելի է ասել, որ արդեն միջազգային հանրության շրջանակներում Արցախի հիմնախնդրի վերաբերյալ սառույցը հալվել է: Իհարեկ, սա չի նշանակում, թե վաղը այնտեղ հանրաքվե կանցկացվի և միջազգայնորեն կճանաչվի ԼՂՀ-ն: Մինչ այդ դեռ ճանապարհ ունենք անցնելու: Բայց սառույցն, իսկապես, բարակել է:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ