Կհաջողվի՞ չափ դնել... «գծատերերի» ախորժակին


Հուլիսի սկզբին ավտոմոբիլային տրանսպորտով մայրաքաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերությունները դիմել էին կառավարության համապատասխան կառույցներին խնդրելով թույլատրել միանգամից երկուսուկե¯ս անգամ բարձրացնել մեկ ուղևորից գանձվող գումարը: Բայց այս ախորժակն ունեցողների «մանգաղը» քարին դիպավ. Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցի լուծումն իր անմիջական հսկողության տակ է առել: Արդեն հուլիսի 8-ին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հրավիրած խորհրդակցությունում նա հանձնարարեց ուղևորափոխադրումների սակագինը ճշգրտելու համար պարզել, թե իրականում տրանսպորտային միջոցի վրա մեկ ուղևորի փոխադրումը ինչքա՞ն է «նստում»: Վարչապետի հանձնարարությամբ կազմված հատուկ հանձնաժողովը անցած շաբաթ պարզեց, որ երթուղային միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրականացնող և յուրաքանչյուր ուղևորի փոխադրումն արժենում է… 75 դրամից էլ պակաս: Էլ չենք խոսում այն մասին, որ յուրաքանչյուր երթուղում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսների քանակը առնվազն կրկնակի պակաս է ցույց տրվում: Միայն «Բոգդան» մակնիշի խոշոր ավտոբուսներով կատարվող ուղևորափոխադրումներն են, որ իսկապես վնասաբեր են: Այդ ավտոբուսներով մեկ ուղևորի փոխադրումը արժենում է ավելի քան 130 դրամ: Դա էլ այն պատճառով, որ «Բոգդանները» թերբեռնված են աշխատում` երթուղային միկրոավտոբուսները «փախցնում» են նրանց ուղևորներին: Այս ստուգումների արդյունքներն ամփոփելու համար, Վարչապետի հրավիրած նոր խորհրդակցությանը ներկա էին ոլորտի կարգավորմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ կողմերը, բացառությամբ…«գծի տերերի»: Չէին եկել, որովհետև իրենք էլ համոզվել էին, որ կատարված ստուգումների արդյունքները հողմացրիվ են անում «վնասով աշխատելու» մասին իրենց հեքիաթները: Վարչապետն ուղղակի սպառնաց, որ բոլոր այն երթուղայինները, որոնք, «գծի տերերի» պնդումներով, իբր վնասով են աշխատում` կփոխարինվեն ավելի մեծ քանակի «Բոգդան» ավտոբուսներով: Այդպիսով, մեկ ուղևոր փոխադրելու համար վերջիններիս կատարած ծախսերը կնվազեն, դրանք նույնպես կդառնան եկամտաբեր և սակագների բարձրացման հարցը կվերանա: Ի միջի այլոց, շատ լավ կլինի, որ «Բոգդանների» թիվն ավելանա: Նախ, երթուղային միկրոավտոբուսների գերբեռնվածությունը հուշում է, որ հանրային լրացուցիչ փոխադրամիջոցների անհրաժեշտությունը կա: Առանց այդ էլ, տրամվայները քաղաքից հանեցինք, տրոլեյբուսները հատուկենտ են մնացել, մեծ ավտոբուսներն էլ, վատ ենք շահագործում` ակամաե մեծացնելով միկրոավտոբուսներ շահագործող գծատերերի հավակնություններն ու ախորժակը: Եվ նրանք էլ առիթից ու մրցակցության բացակայությու նից օգտվելով` դնում են սակագների բարձրացման պահանջ: Ակնհայտ է, որ մայրաքաղաքի ներսում ուղևորափոխադրումներ իրականացնող այդ կարգի մասնավոր ընկերությունները ուզում են պղտոր ջրում ձուկ որսալ, ժողովրդի հաշվին գերշահույթներ ստանալ, առանց մեկ լումա ծախսելու և սպասարկումների որակը բարձրացնելու` կրկնապատկել անձնական եկամուտները: Եվ չտա Աստված, որ ամիսներ հետո ավտոբուսատերերն էլ իրենց ախորժակի չափով աչք տնկեն ուղևորների գրպանին: Միանգամայն հասկանալի է, որ տնտեսության բոլոր ոլորտներում, այդ թվում ծառայությունների ու սպասարկումների բնագավառում գործունեություն իրականացնող ցանկացած տնտեսվարող սուբյեկտի աշխատանքի հիմնական խթանը եկամուտների բարձրացումն է: Երբեք չի կարելի հավատալ, թե իսկապես վնասով աշխատող որևէ տնտեսվարող, մանավանդ մասնավոր հատվածում, կշարունակի իր գործունեությունը: Այնպես որ` եկամուտները բարձրացնելու ձգտումն ամենևին դատապարտելի չէ: Դատապարտելին այն է, երբ տնտեսվարողի համար իր անձնական շահը դառնում է գերնպատակ, իր եկամուտները ամեն կերպ մեծացնելը վեր է ածվում մոլուցքի: Այդ պարագայում նա կանգ չի առնում ո°չ ժողովրդի հսկայական զանգվածների դժգոհությունների, ո°չ էլ երկրում սոցիալական ընդվզումների նոր ալիք բարձրացնելու վտանգի առաջ: Դա հակապետական, ժողովրդատյաց վարքագիծ է: Իրական հայրենասերը, պետության հզորացմամբ իրոք մտահոգված մարդը չի ձգտի առիթից օգտվելով` հանել հայրենակիցների վերջին կաշին, իմաստություն ու բարոյականություն կունենա` չափավորելու սեփական ախորժակը` առաջնորդվելով այն գիտակցությամբ, որ ավելի լավ է ունենալ թեկուզև համեմատաբար քիչ, սակայն մշտական ու կայուն եկամուտ: Հանրահայտ է, որ Հոնկոնգը վերջին հարյուրամյակում աննախադեպ տնտեսական թռիչք է ապրել` կենսագործունեության բոլոր ոլորտներում բավարարվելով եկամուտների ոչ ավելի, քան 5 տոկոս աճով: Օրինակ, նրանց բանկերում քաղաքացիներին տրվող ամեն կարգի երկարաժամկետ վարկերի միջին տարեկան տոկոսադրույքը չի գերազանցում 4,5 տոկոսը: Իսկ մեզանու՞մ: 12-14 տոկոսից պակաս դրույքաչափ չկա, այն էլ խիստ կարճաժամկետ վարկավորման պայմաններում: Վերցնենք հարկային համակարգը: Աշխարհի բազմաթիվ երկրներում գործում է հարկերի հավաքագրման պրոգրեսիվ եղանակը, այն մեխանիզմը, երբ որքան եկամուտը մեծ է, այնքան եկամտահարկը բարձր է: Միացյալ Նահանգներում, օրինակ, կան ոլորտներ, որտեղ պետությունը գանձում է մասնավոր տնտեսվարողի ստացած եկամուտների 95, նույնիսկ` 100 տոկոսը: Դրա մեջ իմաստ կա: Որովհետև եթե խոշոր տնտեսվարողի ամսական եկամուտ շատ մեծ է, ապա նույնիսկ խիստ մեծ տոկոսի եկամտահարկ վճարելու դեպքում նրան մնացող գումարը առավել քան բավարար է միանգամայն պատշաճ կյանքով ապրելու համար: Իսկ այն տնտեսվարողին, որի եկամուտը տվյալ ոլորտում 100 տոկոսով փոխանցվում է պետական բյուջե, մնում է այն հպարտ գիտակցությունը, որ ինքը հսկայական օգուտ է բերում հասարակությանն ու պետությանը` հենց թեկուզ այդքան աշխատատեղ ստեղծելու և իր հայրենիքի հզորացմանը նպաստելու առումով: Բացի այդ, տվյալ տնտեսվարողը գործունեություն է ծավալում ամենևին էլ ոչ մեկ ոլորտում: Հետևաբար, մյուս ոլորտների հարկերը վճարելուց հետո նրան մնացող եկամուտը նույնպես լիուլի բավարարում է պատշաճ կենսամակարդակ ապահովելուն: Մեզանում հարկման պրոգրեսիվ մեխանիզմ չկա. մեր հարկային օրենսդրությունը աշխարհում ամենալիբերալ, ամենամեղմ օրենսդրություններից մեկն է: Անկախ եկամտի չափից` մեզանում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ, յուրաքանչյուր աշխատող պետությանը վճարում է հավասար` 13 տոկոսի եկամտահարկ: Գտել և գտնում եմ, որ եկամտահարկի գանձման նման լիբերալ կարգը արդարացի չէ: Որպեսզի արդարացի լինի` հարկային օրենսդրությունը պետք է անհավասա°ր լինի, անհավասա°ր տարածվի երկրի բոլոր քաղաքացիների վրա: «Շատից` շատ, քչից` քիչ» սկզբունքը կնվազեցնի հարուստ և աղքատ խավերի կենսամակարդակների միջև գոյություն ունեցող ահռելի տարբերությունը, կմեղմացնի սոցիալական անարդարությունից առաջացած դառնության զգացումը, կթուլացնի հասարակության ներքին լարվածութ յունը: Եվ, ամենակարևորը, զարկ կտա մանր ու միջին բիզնեսին: Ուստի հարկ է, որ մեր գործարարները տնտեսվարման բոլոր ոլորտներում ձեռնպահ մնան անխտիր բոլոր «մանր ձկներին» խժռելու գայթակղությունից, թողնեն, որ ժողովուրդն իր բոլոր հատվածներով քիչ թե շատ լավ ապրի: Այդ դեպքում իրենց եկամուտների աղբյուրներն էլ երբևէ չեն ցամաքի…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ