ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեում


q ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի համակարգողի ավագ օգնական Ս. Կեն Յամաշիտայի (S.Ken Yamashita) եւ գործակալության hայաստանյան գրասենյակի տնօրեն Ռ.Ֆիլիպսի (Robin Phillips) հետ: Հանդիպման հիմնական թեման ստեղծվելիք Սփյուռքի նախարարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի միջեւ գործակցության հնարավոր ուղղություններն էին: Հյուրերի խնդրանքով Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հոկտեմբերին ստեղծվելիք կառույցի առջեւ դրված խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, նախարարության գործառույթները եւ լիազորությունների շրջանակը: Կողմերն անդրադարձան գործակալության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին, նախարարության ներգրավման եւ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը նվիրված հետագա համատեղ աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերին: q ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովի աշխատանքներին: Իր ելույթում նա նշեց, որ Հանրապետության Նախագահն իր ծրագրային բոլոր ելույթներում խոսում է գիտելիքի վրա հիմնված տնտեսության եւ հասարակության կառուցման մասին: Անդրադառնալով վարչապետ Տ. Սարգսյանի առաջադրած` «հայկական աշխարհը» կերտելու խնդրին` Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց, որ կիրթ հասարակությունն ազգային արժեք է, ազգի հզորության չափանիշ, իսկ կրթության գործի հիմնական կրողը եւ «հայկական աշխարհի» կերտմանը նպաստողը ուսուցիչն է, քանի որ հենց նա է երեխաներին դաստիարակում հայրենասիրության, մայրենի լեզվի եւ գրականության ու հայոց պատմության հանդեպ սիրո ոգով: Տիկին Հակոբյանը նշեց, որ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեն ՀՀ կրթության նախարարության հետ համատեղ ձեռնամուխ է եղել հայագիտական առարկաների ուսուցումը համակարգչի միջոցով կազմակերպման ծրագրի իրականացմանը: Իր ելույթում տիկին Հակոբյանը նաեւ հանդես եկավ մի շարք նախաձեռնություններով, այն է` ստեղծել «հայ ուսուցիչ» կայքը, միավորել բոլոր հայ ուսուցիչներին` «Հայ ուսուցիչների ընկերակցություն» կազմակերպության մեջ, ինչը նոր որակ կհաղորդի Հայրենիք-Սփյուռք գործակցությանը: