ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆ. լինե՞լ, թե... Առնետները խորտակում են կանգուն նավը


Խաղացանկային կայացած թատրոնները փլուզելու միտումը հստակորեն առկայծեց անցյալ տարի: ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանի, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախաձեռնությամբ և սկանդալային ներկայացումների անզուգական բեմադրիչ Արմեն Մազմանյանի գլխավոր դերակատարությամբ անցկացված ծաղկաձորյան խորհրդաժողովում: Համաշխարհային բեմի «առաջավոր» փորձի մոդելներով երկհազարամյա հայ թատրոնին արդիական շունչ հաղորդելու նպատակամղվածությունն անլուրջ թվաց հավաքին մասնակցող չորս տասնյակից ավելի թատերական գործիչներիս: Համարժեք, ասենք, եգիպտական բուրգերը XXI դարասկզբի ճարտարապետական պահանջներին համարժեք արդիականացնելուն… Մինչդեռ վերահնար «մշակութային» մարտավարությունը շուտով կոնկրետ գործողություններով պիտի ներխուժեր թատերական կյանք: Խնամքով կոծկվելու էր «Փոսի» թատրոնի ամոթալի վաճառքը: Երաժշտական կամերայինի շուրջ բորբոքված զրնգուն սկանդալը ավարտվելու էր ժանրի արգելափակ մամբ և փորձառու միակ պրոֆեսիոնալի օտարմամբ: Տիգրան Լևոնյանի` օպերային ռեժիսուրայի ամենավառ անհատականության ստեղծագործական սպանության տրամաբանական շարունակությունն էր լինելու կառավարման խորհուրդը. հրավիրված հանրահռչակ բեմադրիչներով (Գրիգորովիչ, Ստուրուա…) անհնար է բարձրացնել ազգային օպերային թատրոնի գեղարվեստական մակարդակը: Առանց խաղացանկային քաղաքականությունն ուղղորդող գեղարվեստական պրոֆեսիոնալ առաջնորդի ամենօրյա ստեղծագործության, հատուկենտ պատվիրված նույնիսկ ամենափայլուն օպերային ու բալետային ներկայացումներով, չի կարելի ապահովել ակադեմիական թատրոնի անվանը համահունչ ստեղծագործական մակարդակ: Գեղամ Գրիգորյան չբեմադրիչից նոր բեմականացումների էստաֆետը կընդունեն Սուքիաս Թորոսյանի, Ռուդոլֆ Խառատյանի կամ Լևոն Իվանյանի կարգի կիսագրագետ օպերային ու բալետային ռեժիսորները, բեմ կբարձրացնեն բեմադրական միջակ կամ խղճուկ, ի սկզբանե մահվան դատապարտված մի քանի աշխատանքներ.. Եվ… ստեղծագործական ճահճում, նմանատիպ ներկայացումներից, ավելի ու ավելի խորը կընկղմվի առկա կատարողական ներուժը` փրկություն որոնելով արտասահման յան բեմերում: Դամոկլյան նույն սուրը ճոճվում է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխին: ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին գեղարվեստական ղեկավարի լիազորություններից զրկելը շատ շուտով հանգեցնելու է Մայր թատրոնի հերթական, այս անգամ` վստահ եմ, վերջնական փլուզմանը: Պաշտոնական երախտագի տության տարօրինակ դրսևորում ակադեմիական թատրոնը լուծարված վիճակից անմնացորդ նվիրումով դուրս բերելու, արդի թատերական կյանքը նորահաստատ «Արտիստ» փառատոնով և երևելի ու համեստ մշակների տարիների վաստակը թատերականացված հանդիսություններով աշխուժացնելու, Մայր թատրոնի ու գործող մյուս հայկական թատրոնի ստեղծագործական դաշինքն ամրապնդելու և մյուս ծանրակշիռ ծառայությունների դիմաց: (Ի դեպ, օրերս հաստատված նոր կանոնադրության մեջ «գեղարվեստական ղեկավար» կարգավիճակի հետքն էլ չկա: Չեմ կարծում, թե դրան անիրազեկ էր Մշակույթի նախարարը:) Չեմ ուզում մանրամասնել Մայր բեմի հետագա ճակատագրի կայացման մենաշնորհն ունեցող բարձրաստիճան չինովնիկի թատրոն երևույթի թյուրըմբռնման զավեշտական արտահայտությունները: Դրանցից ապշահար քանի՞ սունդուկյանցիներ ըստ էության համապատասխան հետևություններ արեցին վճռորոշ հանդիպման ժամանակ: Մայր թատրոնի Մեծ տիկնոջ` Վարդուհի Վարդերեսյանի հախուռն ու հիմնավորված ընդդիմությունը, ավաղ, չդարձավ անհրաժեշտ համախմբման կոչ ու ահազանգ: Մասնագիտական պարտքի զգացմանը հավատարիմ` նա շարունակում է բարձրաձայն ընդվզել: Նրան իրենց թատերապաշտ վճռականությամբ չեն զիջում ստեղծագործական գծով փոխտնօրեն Նելլի Շահնազարյանն ու մի բռունցք դարձած 14 երիտասարդ սունդուկյան ցիներ, որոնց թատերակրթությունն ու կայացման ընթացքը խնամքով առաջ է տանում Շահվերդյանը: Ստեղծագործական կազմի 55 անդամներից շատերը տարօրինակ դիրքորոշումներ են գրավել: Բացահայտ ընդդիմադիր Կարեն Ջանիբեկյանը համառորեն, հրապարակավ ցեխ է շպրտում Մայր թատրոնի ստեղծագործական նկարագրին` մոռանալով ոչ միայն տարիներ առաջ կնոջ` Անահիտ Աղասարյանի «Անառակ հոր վերադարձը» պիեսի բեմադրության պետպատվերի, այլև` ստանձնած վերջին փոքրիկ դերի («Իմ ծաղկած դեղձենի»- Ասատուր) քանիցս ձախողումը: Ժամանակին «Խելագարի հիշատակարանը» բեմականացման սեփական անզորությունը մոռացության մատնած կես-թատերագիր, կես-բեմադրիչ Խաչիկ Չալիկյանը հեռուստաեթերից իրեն իրավունք է վերապահում կոկորդ պատռելու և որոշելու (գնահատելու) Մայր թատրոնի գեղարվեստական մակարդակը: Ողբամ զքեզ, հայ թատրոն... Իրենց թատերական ընտանիքի մոտալուտ փլուզման վտանգին դիմագրավելու հրամայականով համախմբվելու ջանքեր չեն անում նույնիսկ նրանք, ում արտիստական կարողությունները առանձնահատուկ հղկելու նվիրումով Շահվերդյանը «վայելում» էր մյուսների թշնամանքը: Հայկական թատերական երախտագիտության տիպիկ արտահայտություն: Գեղարվեստական ղեկավարի մեծագույն մեղքը շատերը համարում են այն, որ անձամբ չի ձեռնարկել բեմադրություններ անելու մի միայն իրենց համար: Պատկերացնո՞ւմ եք` տարեկան 55 բեմադրություն: Այս 12 տարիներին Մայր թատրոնում բեմադրություններ արած մյուս 17 ռեժիսորներից ոմանք, մերժելով ակադեմիա կան թատրոնի ուրույն կուռ գեղագիտություն ունենալու իրավունքը, չեն էլ մտածում պատշաճ գնահատական տալ իրենց աշխատանքներում Շահվերդյանի խելամիտ միջամտությանը: Նեղանձնական նկրտումներին գերի` մյուսները գերադասում են պասիվ հայեցողի դիրքում մնալ: Արդյունքում: Հայտնի ասացվածքը այս սունդուկյանցիների առումով գործում է նոր տարբերակով: Առնետները խորտակում են կանգուն նավը` նավապետի վաղաժամ կործանումն իրենց ընտանեկան անհամերաշխությամբ արագացնելով: Արձակուրդում գտնվող պետական մյուս 15 թատրոններում Մայր թատրոնի փլուզման առաջին գործնական քալը դեռևս համընդհանուր ուշադրության չի արժանացել: Այս պարագայում չարիքի կանխման առաջամարտիկը պետք է դառնա Թատերական գործիչների միությունը: ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանդյանի մեն-մի կցկտուր, մոնտաժված հեռուստաելույթը անզոր է թատերաշխարհը մեկտեղելու ի նպաստ արդի հայ թատրոնի բարձրարվեստ հարատևության:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ