Շիրակի դաշտում, Ախուրյանի ափին…


Ռիկ Նայի նախաձեռնած «Ճանաչենք Հայաստանի հուշարձանները» (ՀՀՃԾ) ծրագրի մեկնարկը Գառնու հեթանոսական տաճարի մատույցներում մեծ խանդավառությամբ հայաստանաբնակների համար լուսաբանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների խմբով մեկնում եմ Գյումրի: Հրաշալի նախաձեռնության չերկարաձգվող իրականացումը հուսադրում է, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությանն արժանացած երկարաժամկետ նախագծի շնորհիվ կարելի կլինի ոչ միայն համակարգել մեր փոքրիկ հողակտորում սփռված պատմամշակութային հնամենի գանձերի պատշաճ պահպանման գործընթացը, այլև` ի լուր աշխարհի վերստին ազդարարել դրանց անանցողիկ, ուրույն պատմաճարտարապե տական նշանակության մասին: «Բեռլին» հյուրերի տանը մեզ արդեն սպասում են Ռիկ Նայն ու Անտոնիո Մոնտալտոն` Գյումրիում Իտալիայի Պատվո Հյուպատոսը: Գառնու համալիրում առաջին սրտառուչ հանդիպումից շատ ժամանակ չի անցել: Եվ մենք, նույնիսկ չապավինելով թարգմանչուհիների` փոխշփումը դյուրացնող միջնորդությանը, բարեկամական զրույցի ենք բռնվում «Բեռլինի»` մանրակրկիտ հոգատարությամբ խնամված փոքրիկ պարտեզում: Ամենևին էլ պատահական չէ մեր առաջին հանգրվանի ընտրությունը: Անցյալ տարի Գյումրիում անցկացված հանրապետական երիտասարդական թատերական II փառատոնի օրերին այստեղ հյուրընկալված լինելով` ինձ համար անսպասելիորեն հայտնաբերել էի արդեն բազմաթիվ ուշագրավ մտահղացումներով հարազատ քաղաքի հոգևոր-բարոյական զարթոնքը խթանող այս յուրօրինակ մշակութային կղզին: 88-ի ավերիչ երկրաշարժի 20-ամյա վերքերից դեռևս չապաքինված Գյումրու պատմական միջուկի ներգրավումը ՀՀՃԾ ծրագրում առանձնահատուկ կարևորվում է «Ասպարեզ» մամլո ակումբում շարունակություն գտած զրույցում: Ինքնահատուկ անդրդվելիությամբ գյումրեցիները փորձում են հերքել պաշտոնական լրատվությունը: Նրանց պնդմամբ` իրենց ծննդավայրը քաղաք է դարձել ոչ թե 1840 թվականից, այլ` 37-ից, երբ դրվել է երկաթուղու առաջին ռելսը: Շիրակի դաշտում, Ախուրյան գետի ափին տարածվող Կումայրին, իհարկե, ավելի հնագույն ծագում ունի: Այդ մասին են վկայում նրա տարածքում գտնվող ու հնագիտական նոր ուսումնասիրություններով հայտնաբերվող բազում նյութական և պատմամշակութային հինավուրց արժեքներ: Ավանդական քաղաքակրթություններին բնորոշ կառուցապատված քաղաքի պատմական միջուկը ճանաչվել է «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարան` 200 հա տարածքում առկա 1500 հուշարձաններով և ժողովրդական ճարտարապետության յուրատիպությունն արտահայտող բնակելի շինություններով` դեռ 1980-ին: Երկրաշարժով ու դրան հաջորդած հասարակական-քաղաքական հեղաբեկումնային հայտնի իրադարձություններով ընդմիջված պետական ծրագիրը, փաստորեն, 20 տարի անց է միայն հնարավոր դառնում իրագործման մղել: Սրանում, անշուշտ, անուրանալի է իտալական հյուպատոսական գրասենյակի (ի դեպ, Եվրամիության երկրներից միակի) մշակութասեր պարագլուխ Անտոնիո Մոնտալտոյի անհատական ներդրումը` միտված ամրապնդելու Իտալիայի ու պատմականորեն հարուստ Գյումրիի բարեկամական կապերը: Չմոռանանք, որ առաջինը իտալացիները օգնության ձեռք մեկնեցին երկրաշարժից ավերակված ու ահաբեկված Շիրակի գեղեցկուհուն: Եվ տեղին է նրան Իտալիայի դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիի տված բնորոշումը` «հզոր կնքահայր Մշակույթի նախարարության մեջ»: Հատկանշական է Գյումրու պատմական կենտրոնում տեղադրված տեղեկատվական վահանակների ու պաստառների «Վերածնունդ» կարգախոսով կազմակերպված շնորհանդեսին ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի արած անկեղծ խոստովանությունը. «Այն, ինչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չկարողացանք պահպանել Երևանում, աշխատենք չկորցնել գոնե Գյումրիում»: Յուրաքանչյուր բնակավայր, առավել ևս պատմական բովանդակաշատ անցյալ ունեցող, առաջին հերթին հետաքրքրաշարժ է իր ուրույն կոլորիտով: Այն պահպանել են ու սերունդներին փոխանցելը համընդհանուր մտահոգության առարկա պիտի լինի: Խաչվող փոխուղղահայաց փողոցների ցանց ներկայացնող Գյումրու պատմական միջուկի` Գայի, Ջիվանու, Ռուսթավելու, Գորկու, Աբովյանի, Վարպետաց, Ղորղանյան փողոցների սկզբնամասում, Ազատության հրապարակում, Խաղաղության օղակում և Հաղթանակի պուրակում տեղադրված հնգալեզու 14 վահանակներում համաոոտ ուրվագծ ված ու տպավորիչ թե մեծահասակների, թե փոքրերի համար: Փողոցից փողոց ուղղորդող նշաններով անվրեպ կարելի է բացահայտել դեպի այն տանող ճանապարհը: Ասենք, շնորհանդեսի օրը դրա կարիքն առանձնապես չէր զգացվում: Ընտանեկան բացօթյա խնջույքի նմանողությամբ անցկացվող միջոցառումը, անկախ կիզիչ տոթից, Ղորղանյան փողոցում հետաքրքրասերների ստվար խումբ էր հավաքել: Խնջույքի «թամադաները» ՀՀՃԾ նախագծին կյանք պարգևողներն էին` Ռիկ Նայը, Գագիկ Գյուրջյանը, Անտոնիո Մոնտալտոն, Հեյլի Ալեքսանդերը (USAID/CAPS) և Ռալֆ Յիրիկյանը (ՎիվաՍել): Հումորախառն պատմություններ, երգ ու պար, զվարթ ծիծաղ… Իսկական զարթոնքի նախանշաններ, որոնց ռեալականությունը քաղաքի կյանքի բոլոր ոլորտներում հաստատողները նախևառաջ իրենք` գյումրեցիները պետք է լինեն:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ