«ԻՆՉԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ...»


- Պարո°ն Շկլյար, ի՞նչն էր պատճառը, որ որոշեցիք Ձեր ուսումնառությունը շարունակել Երևանի պետական համալսարանում: - Դա այն երջանիկ դեպքերից էր, որոնցից և կազմվում են մեր կյանքի լավագույն ժամանակները: 1969 թ. մեզ` Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներիս, սեպտեմբեր ամսին ուսման փոխարեն ուղարկեցին կոլտնտեսություն` կարտոֆիլ հավաքելու: Այն ժամանակներում այդպիսի անմիտ աշխատանքային խմբեր էին փորձաշրջան անցնում: Եվ ահա մենք` մի խումբ ուսանողներ, շարժական մեքենայով հավաքում էինք այդ անիծյալ կարտոֆիլը, երբ հանկարծ նկատեցինք, որ հողից դուրս ցցված մի ոչ մեծ արկ է շարժվում: Մեխանիկը ակնթարթորեն կանգնեցրեց մեքենան, ապա զգուշորեն տեղափոխեց արկը դեպի պահակակետ: Համենայն դեպս, մեր դասախոսը հրամայեց շարունակել աշխատանքը, իսկ ես ասացի. «Ո°չ. այնտեղ, ուր գտնվում են պայթուցիկ առարկաներ, ուսանողներին արգելված է աշխատել»: Սակայն մեր դասախոսը իրենը պնդեց, և իմ համակուրսեցիները հնազանդորեն անցան աշխատանքի: Որոշ ժամանակ անց ես թաքուն հեռացա դաշտ, խարույկ վառեցի և հետ վերադառնալով` ասացի, որ ես որոշել եմ վնասազերծել արկը` այն գցելով կրակի մեջ: Դա, իհարկե, չար կատակ էր, բայց դասախոսը գունատվեց: «Պառկի°ր»,_ գոռաց նա, և առաջինը ինքը պառկեց գետնին` գլուխը ձեռքերով ծածկելով: Մի խոսքով, իմ աճպարարությունը տխուր վախճան ունեցավ: Երբ դասախոսն ամեն ինչ հասկացավ, ավելի ուժեղ սրդողեց: Նա հայտարարեց, որ ես ապստամբ եմ, և որ իմ արարքը քաղաքական ակցիա էր` աշխատանքը ընդհատելու համար: Հետևաբար ես հեռացված եմ համալսարանից և կարող եմ մեկնել Կիև փաստաթղթերս ետ վերցնելու: Այլ ելք չկար. ես իրերս հավաքեցի ու մեկնեցի: Համալսարանական միջանցքով տխուր քայլում էի դեպի դեկանատ, և հանկարծ հանդիպում եմ դեկանին: «Լսի°ր,- ասում է,- հրավերք է եկել, որ երկու ուսանողների ուղարկենք Երևանի համալսարան` հայոց լեզու և գրականություն ուսումնասիրելու: Իսկ ես վերջերս «Լիտերատուրնայա Ուկրաինա» թերթում տեսել եմ քո տպագրությունները: Կարծում եմ, որ քո թեկնածությունն ամենահարմարն է: Ինչպե՞ս ես այդ ամենին նայում»: Ես, իհարկե, համաձայնեցի: Հետո ես արդեն կատակեցի, թե իմ` համալսարանից հեռացվելը փոխարինել են Կովկաս «աքսորելով»: Դա, իհարկե, ճակատագրի պարգև էր, որի համար ես շնորհակալ եմ մինչ օրս: Ի միջի այլոց, մենք Երևան մեկնեցինք երկուսով` ես և Հայաստանում Ուկրաինայի ներկայիս դեսպան Օլեքսանդր Բոժկոն: - Ուսումնառության հինգ տարիների ընթացքում, շնորհիվ Ձեր աշխատասիրության, Դուք կարողացաք տիրապետել ոչ միայն ժամանակակից հայերենին, այլև` գրաբարին և նույնիսկ բարբառներին: Ո՞ր դասախոսներին եք այդ հարցում երախտապարտ: - Ես և Օլեքսանդրը ունեինք մի հրաշալի դասախոս` Լուսիկ Մաքսուդյան` նուրբ ու քնքուշ մի կին: Միշտ հիացմունքով եմ հիշում նրան: Նա մեզ նստեցնում էր նույն նստարանին, ինքը, նստելով մեր դիմացը` սովորեցնում էր մեզ` սկսած այբբենարանից, ինչպես առաջին դասարանցիների: Այդպիսի մտերմությունն ուներ իր անհարմարությունը. երբեմն դժվար էր լինում կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ սովորեցնում էր մեզ Լուսիկ Սեդրակովնան (Սեդրակունի). երիտասարդ ժամանակ բազմաթիվ հիմար մտքեր են ներխուժում գլուխդ: Ընդհանուր առարկաների դասաժամերին մենք մասնակցում էինք համակուրսեցիների հետ: Հայ աղջիկները ինձ շատ էին դուր գալիս: Հատկապես... գիտե°ս, կա մի տիպ` նրբիկ, բարալիկ` դեմքները լիմոնի երանգով, իսկ աչքերը` մանուշակագույն, ինչպես փոքրիկ վախկոտ զամբիկներինը: Բայց նրանք շատ հպարտ են և կամային: Այո°, ինձ թվում է` ես շեղվեցի: Իմ բարի ուսուցիչն է եղել հայ տղաների.... խումբը, որ ապրում էր թիվ 2 հանրակացարանում` այն ժամանակ Լենինի պողոտայում: Մենք հաճախ փողով «սեկա» կամ «աչկո» էինք խաղում, և այստեղ պետք էր ականջը սուր պահել, պետք էր ամեն ինչ հասկանալ, հակառակ դեպքում պարտությունն անխուսափելի էր: Միևնույն արտահայտությունները հաճախ կրկնվում էին, արագ մտապահվում էին, որ հիանալի պրակտիկա էին: - Ձեր շնորհիվ և Ձեր խմբագրությամբ` հրատարակվեց «Սասունցի Դավիթ» էպոսը` ուկրաիներեն լեզվով: Անցումային շրջանում դա կապված էր հազարավոր բարդություն ների հետ: Ինչպե՞ս հաջողվեց հրատարակել այն: - Ես կարճ ժամանակով «Դնիպրո» թերթի գլխավոր խմբագիրն էի (երկար տարիներ ես եղել եմ ազատ ստեղծագործող), որտեղ շատ երկար ժամանակ գտնվում էր «Սասունցի Դավիթ» էպոսի ձեռագիրը` Վիկտոր Կոչևսկու թարգմանությամբ: Այդ թարգմանության վրա հայտնի պոետն ու թարգմանիչը աշխատել է կես կյանք, և այդ հսկայական աշխատանքը չէր արժանացել նման ուշադրության: Արդեն կային հրաշալի նկարազարդումներ, նախատեսված էր շատ թանկարժեք տպագրություն, բայց գումար չկար: Այդ ժամանակ ես բարձրաձայնեցի մամուլում, որ մեր նախագահ Լեոնիդ Կուչման իր` Հայաստան այցի ժամանակ անձամբ խոստացել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին` տպագրել այդ էպոսը: Խոստանալը` խոստացավ... գրեցի ես ֆելետոն ոճով, և ահա կա°մ հարբածության, կա°մ սեփական հիշողության կորստի, կա°մ խոսքը պահել չկարողանալու պատճառով այդ գործը չհասցվեց ավարտին: Հանդես եկա հեռուստատեսությամբ, գնացի Հանրային ռադիոյի նախագահի մոտ, ով բյուջեի հաշվին տպագրում էր հատուկ սոցիալական նշանակության գրքեր: Մի խոսքով, համոզեցի բոլորին և ամոթանք տվեցի` մինչև այդ տպագրության համար հատկացրեցին լրջմիտ գումար: Ինքս էլ դարձա թարգմանության խմբագիրը, գրեցի նրա համար առաջաբան և ծանոթագրություն: Գիրքը հիասքանչ ստացվեց: Ծերուկ Կոչևսկին (ցավոք, հիմա նա մեզ հետ չէ) հասցրեց այն տեսնել և հուզվել: Նրա շնորհավորական խոսքերը ինձ համար ամենամեծ պարգևն էր: - Այսօր Դուք, Ուկրաինայի Ազգային գրողների միության նախագահի տեղակալը լինելուց բացի, նախևառաջ ճանաչված արձակագիր եք: Շահել եք գրախանութներից ամենաշատը գողացած գրքերի հեղինակի մրցանակը: Ինչպե՞ս է հաջողվել գրավել մերօրյա ընթերցողի սիրտը: - Եթե չեմ սխալվում, Դերենիկ Դեմիրճյանը ժամանակին ասել է, որ հարստահարված ազգերի գրողները ստիպված են եղել ստանձնել առաջնորդի դերը: Այսինքն` գրել են գրքեր (ես այդպես եմ հասկանում)` ուսուցողական իմաստով, և կարծես թե ներազդել են ընթերցողի վրա: Այս սովորույթը պահպանվում է մեզ մոտ առ այսօր: Ես խորին ակնածանքով եմ վերաբերվում իմ ընթերցողին` փորձելով առավելագույնս մոտենալ նրան: Վերջինս իմ իրավահավասար զրուցակիցն է, և նրա հետաքրքրությունը ինձ համար առաջնային է: Ես մեծ ուշադրության եմ արժանացնում սյուժեն, թեպետ դա չի համարվում հատուկ առավելություն (ավելի շուտ` ընդհակառակը) այսպես կոչված լուրջ գրականությունում: Քննադատները իմ վեպերը համարում են և° թրիլլերներ, և° դետեկտիվներ, և° միստիկական, միաժամանակ փիլիսոփայական, սոցիալական ստեղծագործություններ: Իմ վերջին երկու վեպերը թարգմանել են ռուսերեն լեզվով, և գտնվում են առաջնակարգ հրատարակչությունում, սակայն ես արգելել եմ այն Ուկրաինայի սահմաններից դուրս հանելը: Ես չեմ ուզում, որ իմ գրքերը թեկուզ աննշան չափով, խթան հանդիսանան ուկրաինացիների ռուսացման գործում: Իսկ ռուսների համար դա սկզբունքային հարց է: Վերջիններս իրենց գրքային արտադրանքի հիսուն տոկոսը ցածր գներով լցնում են Ուկրաինա: Այդպիսին է մշակութային էքսպանսիայի քաղաքականությունը: - Ձեր «Բանալի» վեպը 1000 օրինակ տպաքանակով հրատարակվել է Հայաստանում` Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ, և մեծ հավանության արժանացել ընթերցողի կողմից: Կխնդրեի պատմել վեպի լույսաշխարհ գալու մասին: - Ուկրաինայում այդ վեպին բացառապես երջանիկ ճակատագիր բաժին ընկավ: Այն վաստակել է պարգևատրությունների մի ամբողջ հավաքածու, այդ թվում նաև Ֆանտաստների միջազգային միության կողմից, ինչն ինձ շատ զարմացրեց: Երբեք ինձ ֆանտաստ չեմ պատկերացրել, բայց ինձ բացատրեցին, որ ես անցել եմ «միստիկա» անվանակարգում, որն այսօր դիտվում է որպես ֆանտաստիկա: Վեպը բոլորովին վերջերս հրատարակվեց իններորդ անգամ` մայրենի լեզվով: Հրատարակչությունները գնում են այն տպելու իրավունք: Ես անչափ ուրախ եմ, որ «Բանալի» _ ն լույս է տեսել հայերեն լեզվով, և շատ շնորհակալ եմ Ֆելիքս Բախչինյանից` թարգմանության համար: Կարող եք պատկերացնել` ես ինչպե°ս էի ազդված` ձեռքս վերցնելով` իմ պատանեկության տարիքի հարազատ լեզվով թարգմանված գիրքը: Նույնիսկ թվաց, որ գրքի կազմի վրա նկարված է ուսանողական հանրակացարանի իմ սենյակի այն նույն հնաոճ բանալին: Մի խոսքով... Դուք ինձ հասկանում եք... - 1988-ի ահեղ երկրաշարժից հետո Դուք առաջիններից մեկն էիք, որ այցելեցիք աղետի գոտի: Քսան տարի անց շնորհակալություն հայտնելով օգնության և աջակցության համար` խնդրում եմ մեկնաբանել Ձեր այցելության մանրամասները: - Սովետական ժամանակներում ես չէի ընդգրկվում գրողների պաշտոնական պատվիրակության մեջ, որ շրջում էր հանրապետություններով` մասնակցելու տարբեր բարեկամական միջոցառումների: Խոստովանում եմ` ինձ համար վիրավորական էր, երբ մեր գրողների խմբերը (հիմնականում նրանք նույն մարդիկ էին լինում) մեկնում էին Հայաստան` մասնակցելու ամեն տեսակի գրական տասնօրյակներին, հոբելյանական միջոցառումներին և երբեք ինձ չէին ընդգրկում իրենց պատվիրակության մեջ: Չնայած, ես այդպիսի ուշադրության արժանի եմ` ի տարբերություն նրանց. թարգմանել և տպագրել էի հայ հեղինակների ստեղծագործությունները, գրել հոդվածներ Հայաստանի մասին: Բայց հայկական կոնյակով ու խորովածով տոնական խնջույքներում ես ավելորդ էի: Երբ հանկարծ 1988-ին Հայաստանում տեղի ունեցավ այդ սարսափելի աղետը, գրողների միության բրոնզե ղեկավարներն ինձ ասացին, որ ես պետք է մեկնեմ Հայաստան` ցավակցական այցով: Ես շատ շնորհակալ էի դրա համար և անմիջապես ուղևորվեցի Երևան: Մինչև այժմ այդ ամենն իմ աչքի առաջ է: Այդ ժամանակ ես եղա և° Կիրովականում, և° Լենինականում, և° Սպիտակում... Վիճակը աննկարագրելի էր: Քայլում էի քանդված քաղաքի միջով: Բոլոր կողմերից ժամանակ առ ժամանակ լսվում էին դաժան գոռոցներ, որոնց մեջ ամենատպավորիչը հայկական «լսի°ր»-ն էր. թվում էր` ինչ-որ մեկը հարազատներից անընդհատ կանչում է «Վասի¯լ»: Իսկ Երևանի փողոցներում, օպերայի թատրոնին հարող պուրակում զրահագնացներ, զինվորներ մահակներով... Կոշմա°ր: Վերջին տպավորությունը Հայաստանից այդ էր: - Մեր հազարավոր հայ ընթերցողները «Բանալի» վեպը կարդալուց հետո ուրախ կլինեն Ձեզ տեսնել Ձեր երկրորդ հայրենիքում` Հայաստանում: Ե՞րբ կուրախացնեք մեզ Ձեր այցելությամբ: - Հնարավոր է այս աշնանը: Ես սիրում եմ հայկական աշունը` իր երիտասարդ գինով, խաղողով, քնքուշ, ոչ շոգ ջերմությամբ: Հաճախ մտովի լինում եմ Երևանում: Մտնում եմ «Սկվոզնիչոկ» սրճարան, ուտում շատ համով խաչապուրի (այդպիսին ուրիշ ոչ մի տեղ չեմ փորձել), խմում եմ սուրճ և ծխում «Սալյուտ» ծխախոտը, որ գնել եմ «տակից»` 40 կոպեկով: Կողքի սեղանի մոտ ճանաչում եմ գեղեցիկ տղամարդուն նա արտասահմանյան գրականության դասախոս Լևոն Ներսիսյանն է` հայտնի դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին: Ինձ մոտ նստում է հայտնի պոետ Գևորգ Կարապետյանը և ինձ համոզում, որ իսկական բանաստեղծ կարող է լինել միայն խելագարը: Հետո բարձրանում եմ Մատենադարան, երկար նստում նրա աստիճաններին, մինչև որ կոկորդիս է կանգնում մի գունդ: Եվ ահա ես արդեն գնում են լեռնային մի գյուղ` դպրոցի աշակերտների առջև ելույթ ունենալու: Կարդում եմ Համո Սահյանի բանաստեղծությունները ուկրաիներեն: Մի պատանի բարձրանում է նստարանից և այնպես անմիջական, ընկերական խնդրում է` «Ախպե°ր, մի հատ էլ կարդա°»: Եվ ես կարդում եմ երկրորդ անգամ: Մանուշակագույն աչքերով երկչոտ աղջիկը ինձ մատուցում է լեռնային վայրի կակաչների մի փունջ: Ինչե՞ր կարող են լինել զարմանալի այս կյանքում...

Հայարփի ԽԱՉԱՏՐՅԱՆ