Լուկաշենկոն` մեծատառով


Իսկ Աստծո չափ պաշտելի դարձած Ալեքսանդր Լուկաշենկոն, ասում են, ձանձրանում է առանց բարեփոխումների: Իր երկրում արդեն ամեն ինչ այնքա¯ն վերահսկելի է, որ պարզապես անելիք չկա այլևս: Եվ ահա նա որոշել է բելառուսերենի ուղղագրության կանոնները փոխել: Անցյալ շաբաթ Հայր Լուկաշենկոն արդեն ստորագրել է նոր օրենքը: Մեկ-երկու տարի առաջ լեզվական նրա բարեփոխումները սահմանափակվեցին օտարածին, դժվար հապավվող բառերի և անձնանունների ուղղագրության մասնակի փոփոխութ յամբ: Հիմա արդեն պետական բոլոր պաշտոնների անվանումները պետք է մեծատառով գրվեն: Բայց այ` Աստված բառի գրությանն օրենքը չի անդրադարձել. դա արդեն հոգու թելադրանքով` կատակել են լրագրողները: Ընդդիմությունն, իհարկե, այս բարեփոխումներում քաղաքական ենթատեքստ է գտել: Հազվադեպ օգտագործվող լատիներենի բելառուսական տարբերակի մասին չի էլ խոսվում: Բայց 1920-ական թթ. Արևմտյան Բելառուսիայում Տառաշկևիչի մշակած ուղղագրությունը հետագայում վերամշակվել է բոլշևիկյան տարբերակով և առ այսօր այն համարվում է երկրի պաշտոնական լեզուն: Բայց Հայր Լուկաշենկոն չի° սիրում տառաշկևիչյան բելառուսերենը, որով հիմա իր երկրում ընդդիմադիր թերթեր են տպագրվում և, որով խոսում են իրենց ճշմարիտ բելառուսներ համարող քաղաքագետները: