Էջեր դարավոր կենսապատումից


Մղձավանջային հուշ դարձած մութ ու ցուրտ 90-ականներին, Արցախյան գոյամարտի անարվեստ թեժ օրերին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն աներեր հավատով նոր թատրոնի հիմնարկեք էր կենսագործում.

- Ջանք ու եռանդ չենք խնայելու. թող իմանան, որ մենք կարող ենք թե´ զենքով պայքարել, թե´ նոր թատրոն կառուցել:

Մայր թատրոնի վերջին մոհիկաններից ամենատոկունը, շուրջը համախմբելով իր գաղափարի հավատավորներին, մեր զրույցից ճիշտ և ճիշտ 1 տարի անց զարմացրեց ու հիացրեց հայ հանդիսատեսին: Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» և Հայկ Հակոբյանի «Լեռնային կակաչներ» պիեսների կենսահաստատ բեմելով ազդարարվեց Համազգայինի ծնունդը: Միաժամանակ ստեղծագործական թռիչքի հնարավորություն ընձեռեց «Կակաչների» թատերագրին ու դրա բեմադրող ռեժիսոր Հրաչյա Գասպարյանին: Վերջինս անմնացորդ նվիրումով ստանձնեց Համազգայինի գլխավոր ռեժիսորի, ապա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կրթահամակարգի բարեփոխումների ու Համազգայինի հերթափոխի կայացման դժվարին լուծը. 1998-2006 թթ. որպես գիտական գծով պրոռեկտոր, 2006-11 թթ.` ռեկտոր: Ծննդյան 70-ամյակի առիթով օրերս ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ առանձնազրույցը բացահայտեց Հայ մարդու դարավոր կենսապատումին չափազանց բնորոշ նոր ուշագրավ էջեր, որոնց հանգամանորեն անդրադառնալն անկարելի է` լրագրային մեկ հրապարակման ծավալում:

«Պոետները շրջում են բոկոտն` շեղբերի վրայով»

- Դասական արժեքներով ազնվազարմ մշակութային միջավայրում հասակ առնելով` Դուք վաղաժամ սկսեցիք «պեղել» համաշխարհային մշակույթի գանձարանը:

- Մեր տանը միշտ հավաքվում էին դերասանները, զրուցում, քննարկում, բանավիճում... Ես կողքի սենյակից ուշադիր հետևում էի հետաքրքիր խոսքուզրույցին: Ինձ հետաքրքիր էր, թե ովքեր են այդ Ստանիսլավսկին ու Մեյերհոլդը, որ հայրս մեկի կողմնակիցն է, մայրս` մյուսի: Ստանիսլավսկին խիստ դուր եկավ ինձ, իսկ մյուսին փնովել չէի կարող, որովհետև ոչինչ չգիտեի նրա մասին: 12-13 տարեկանում արդեն գիտեի բոլորի մասին, բացի Մեյերհոլդից: Պարզապես նա հիշատակված չէր հորս թատերական գրքերում: Մեր տան մեծ գրադարանում հնարավոր էր կարդալով գրեթե ամեն ինչ իմանալ: Հոգևոր պահանջներս էլ տարիքիցս առաջ էին ընկել կարծես: Պլուտարքոսի 4-հատորյակը ծայրից ծայր կարդացել էի, Հռոմն ավելի լավ գիտեի, քան Երևանը... Երախտապարտ եմ նախնիներիս... Հավելեմ նաև, որ ինձ որևէ բան պարտադրելն անկարելի էր: Օրինակ, բացարձակ երաժշտական լսողություն ունենալով` հրաժարվեցի ջութակ բռնել ձեռքս, մասնագիտական կրթություն ստանալ:

- Լենինականում բեմադրություն անելու եկավ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը: Երվանդ Ղազանչյանի առաջարկով Զորայր Խալափյանի «Տարբեր նվագները» սկսեցիք միասին բեմադրել:

- Միասին էլ ապրում էինք, թատերական գիշերներ լուսացնում: Հրավիրեց ռուսական թատրոն: Երվանդ Ղազանչյանը սիրահոժար համաձայնեց: Առաջինը` Ա. Խմելիկի «Տղամարդի´կ, կրե´ք տղամարդու գլխարկները», ես վերածեցի յուրատիպ դատավարության: Թող որ արդեն 1976 թիվն էր, բայց չէ՞ որ մեր էությամբ մենք մոտ էինք 60-ականներին: Ինչո՞ւ դեկաբրիստները չընդունեցին ժամանակի հասարակական կեցությունը: Իմ ներկայացման գաղափարի խորքում էլ ընդվզումն էր, չհամակերպվելը տիրող բարքերի խեղումներին, անառողջ հանրային ապրելակերպին: Խմբի հետ սկսեցինք Կորոստիլյովի «Փիրոսմանի, Փիրոսմանին» բեմադրել: Ոչ թե «Ամբոխը և հանճարը» հանրածանոթ բանաձևով, այլ 2 տարաբևեռ աշխարհների մասին, որոնք իրար չեն ճանաչում, չեն էլ ընդունում... Գիշերները... Ճեմասրահում էինք արել, Վիսոցկու հայտնի` «Պոետները շրջում են բոկոտն` շեղբերի վրայով» կարգախոսի համաձայն: Բոկոտն դերասաններն ազատ շփվում էին հանդիսատեսի հետ. չկար 4-րդ պատը նրանց բաժանող, մի հարթության վրա էին, խմբի ստեղծած մթնոլորտում: Չկաղապարված լուծումներս բյուրոկրատական պատնեշ բարձրացրին...

- Կոնստանտինովի ու Ռացերի «Հարսնացուն Իմերեթիայից» երաժշտական կատակերգության Ձեր բեմադրությունը, որի երաժշտությունը նույնպես «Խանումայի» կոմպոզիտոր Գիա Կանչելին էր գրել, զավեշտախառն իրավիճակների, քնարական մեղեդիների առատությամբ, նկարչական ձևավորման ցայտուն կոլորիտով ամենևին չզիջեց դասական դարձած «Խանումային»:

- 27 տարեկանում առաջարկվեց ստանձնել Արտաշատի թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը. առանց երկմտելու անմիջապես հրաժարվեցի: Մշակույթի նախարար Կամո Ուդումյանը զարմացավ, կամեցավ անձամբ ճանաչել: Երբ լսեց հրաժարականիս հիմնավորումը, որ դեռ պատրաստ չեմ զգում ինձ այդպիսի իրավասություն ների հանձնառման, փայլեց. «Ապրես, տղա ջան, կարգին մարդ ես, գնա շարունակիր քո գործը»:

Վերածնունդ` հակամշակութային քաոսում

- 1991-ի հուլիսին կայացավ բախտորոշ հանդիպումը Սոս Սարգսյանի հետ:

- Շոգ ամառ, համընդհանուր հայրենասիրական պաթոս, կիզիչ լարում, երեկվա կոմունիստներն ասես նոր շքերթի են մասնակցում բազմամարդ մոմավառությամբ եկեղեցիներում: Այս մթնոլորտում իմաստուն արվեստագետը մտմտում է նոր թատրոն ստեղծելու մասին, երբ կաթվածահար է մյուս թատրոնների գործունեությունը, համատարած շրջափակում: Բանավիճեցինք, ընդհանուր հայտարարի եկանք` այսօր հարկավոր է մի թատրոն, որը մարդկանց կօգնի իրականությունը տարբերել հիպնոսից: Չէ՞ որ հիպնոսված ապրելակերպը կարող է խորը ընկճախտի վերափոխվել` սթափվելուց հետո: Եկանք այն եզրահանգման, որ բեմ ենք բարձրացնելու այնպիսի պիեսներ, որոնց ներգործությամբ թատրոն եկած հանդիսատեսն իրեն մարդ կզգա, հնարավոր է` մարդանա, զգաստանա, բարիանա... Բարության դեֆիցիտից սկսել էի տագնապել… Մեր մարդկային տեսակը վերականգնելու, մարդուն գազանացումից փրկելու դժվարին խնդիր ունեինք: Ես մտածում էի, որ ամոթ, դավաճանություն է կռվի դաշտում չլինելը պայքարի թեժ օրերին: Սոսը ապացուցում էր, որ մեր կրակոցը մարդացնող ներկայացումներն են լինելու, որոնք կխաղացվեն նաև խրամատներում...

- Ծանր ժամանակներ էին, անպատմելի ծանր: Նվիրյալների ձեր խումբը դաժան պայմաններում, ձմեռային տաք հագուստով վառարանի շուրջ բոլորած, բեմական փորձեր էր անում Ժուռնալիստի տան ներքնահարկում: Այդուհանդերձ, ստեղծագործական անզուգական մթնոլորտ կար... Հակաստեղծագործական մեկ տարում բեմ բարձրացրեցիք 2 պիես:

- Հստակ ծրագիր ունեինք, որի համաձայն էլ վարում էինք մեր խաղացանկային քաղաքականությունը: Հանդիսատեսային քննությամբ պարզ դարձավ, որ մեր բաժին կրակոցները թիրախի նշանակետին շատ մոտ են դիպել: Այսինքն նոր թատրոնի ծնունդը կայացավ, արդարացրեց իր հետ կապված հույսերը: Հենց այդ գիտակցությունից ցանկություն առաջացավ վերադառնալ թատրոն: Ես կարծես վերածնվեցի, հասկացա, որ դեռ կարող եմ օգտակար լինել հանրությանը: Համոզվեցի, որ Սոսը ոչ թե տարիների փորձով էր իմաստնացել: Ո´չ, իմաստուն էր ծնվել, մեծանալը, ծերանալը դեռ իմաստնանալու նշան չէ: Չլիներ նա այդպիսին ի ծնե, կյանքի փորձով ավելի չէր իմաստնանա... Տեսնում ենք հաճախ, թե ինչպես ծերանալով շատերն ունեցած խելքն էլ են քամուն տալիս...

- Հետո Մոլիերի «Տարտյուֆն» արեցիք:

-Ինչու՞: Որովհետև հանկարծ կորավ հավատը մարդու նկատմամբ: Մեր ծրագրի հուշած բանալիով առաջին հայացքից այս ասելիքին չառնչվող պիեսը դարձավ մարդկային հավատի վերականգնման անհրաժեշտության, կարևորության մասին: Մանկական 8 ներկայացում ինքս արեցի «Համազգայինում», որովհետև հրատապ էինք գտնում երեխաներին թատրոն հաճախելու մշակույթ պատվաստելը: Նրանց խանդավառում էինք թատրոնի սիրով, մտածել ստիպում: Փոխվել են ժամանակները, այլ մոտեցումներ է հարկավոր մշակել, որ դերասանը չկորչի... Իր վերջին օրերին Սոսը մի անգամ անսպասելի հարցրեց. «Գիտե՞ս, թե Լիրն ինչու այդպես վարվեց: Հոգնել էր... Բայց թատրոնում հոգնել չի կարելի»: Քոչվորական մեր կարգավիճակում չէինք ընկճվում, քանի որ հավատով էինք լեցուն:

- Հիմա, կարծես, հուսալքվում եք...

- Հակամշակութային խմորումները կրկին խոշոր ծավալ են ձեռք բերել, գլորվող ձնագնդի նման: Եվ ցավալիորեն անզոր ես կասեցնել ակնհայտ հետընթացը: Չեմ կարողանում իմաստավորել նոր կարգավիճակը գլխավոր ռեժիսորի, ով առաջին պատասխանատուն պիտի լինի իր թատրոնի ստեղծագործական դիմագծի, դերասանապետը: Եզոպոսյան լեզվով ասած` այսօր ավելի կարևորվում է ոչ թե Լև Տոլստոյը, այլ նրա հրատարակիչը... Ինչպե՞ս համակերպվես: Այսօր նոր ժամանակներին համահունչ ծրագիր պիտի կազմավորի թատրոնը: Հիմա մեր թատրոնում տասնյակ նորելուկ ռեժիսորների ու դերասանների կայացմանը պիտի նպաստեի` փորձառությունս նրանց փոխանցելով, որպեսզի նրանք կարողանան վաղը ինքնուրույն առաջ գնալ: Ես գերագույն հաճույք եմ ստանում թատերական աշխատանքից: Բայց չէ՞ որ հանուն հաճույքի չէ, որ շարունակում եմ ծառայել թատրոնին: Ազգը դիմազրկվում է, երբ դադարում է թատրոն հաճախել: Վաղուց ապացուցման կարիք չունի այս ճշմարտությունը: Ոչ մի կերպ չեմ ընկալում, թե ինչու դպրոցներում չի կարելի ներկայացումների տոմսեր տարածել: Միայն այն պատճառով, որ որոշ մարդիկ դրանց հավելավճարով եկամուտնե՞ր են դիզում: Պատժե´ք նրանց, բայց ոչ երեխաներին` նրանց զրկելով արվեստի հետ անմիջական հաղորդակցության ուրախությունից, իսկ թատրոնի մարդուն` իր տաժանակիր ստեղծագործության իմաստուն պտուղներով նրանց ծառայելուց, նաև սեփական ապրուստի մասին հոգալուց: Սահմանեք աբոնեմենտային համակարգ, ավելի ստույգ` վերականգնեք իր պիտանիությունը տասնամյակներով հավաստածը: Բազմիցս համոզվել եմ, որ համակարգչով ստեղծված ու համացանցով տարածվող գրականությունը հաճախ հեղեղված է արտառոց վրիպակներով: Նկատե՞լ եք, թե որքան չստուգված, հորինված, ստահոդ տեղեկատվություն է այն հրամցնում: Երբեմն կասկածում եմ, որ դիտավորություն չէ... Դրանից ապահովագրվել հնարավոր է միայն հեղինակավոր մարդկանց իրազեկված խմբա-գրությամբ լույս ընծայված գրքերով: Կարդում են իրենց ժամանակաշրջանի բարքերից, մտայնությունից կտրված Արիստոտելի ու Սոկրատի վատ մզվածքը և թյուր պատկերացումներ հրամցնում իրական ժողովրդավարության մասին: Խստագույնս կանոնակարգված էր հնամենի հունական դեմոկրատական գաղափարախոսությունը: Սահմանված համակարգին ենթարկվում էին անխտիր բոլորը: Օրենքը գործում էր հանուն պետության և, միաժամանակ` հօգուտ մարդու: Հիշում ե՞ք նրանց կարգախոսը` իմ ազատությունը քո ազատությունն է, իմ ազատությունը չպետք է բռնանա քո ազատության վրա: Նրանց փիլիսոփայությունը այս հենքի վրա էր ձևավորվում: Իսկ երբ օրենքը գործում է միայն ի շահ պետության, «դեմոկրատիա» կոչվածը վերածվում է ֆաշիզմի: Ուրիշ ինչ անուն ուզում ես տուր այդ երևույթին, էությունը չի փոխվի:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ