Ո՞րն է որին խեղում


Պաշտո՞նն է փչացնում մարդուն, թե՞ մարդն է խեղում պաշտոնը: Հարցն այս դարձել է հռետորական. գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում: Համենայն դեպս` մեր իրականության մեջ պաշտոնյաների հանդեպ վերաբերմունքը դրական չէ: Եվ մեղավորը հենց իրենք են` պաշտոնյաները:

Դեռևս կատակելու տրամադրություն ունեցող մեկը վերջերս շատ լուրջ տոնով ասում էր, որ ՊԱՇՏՈՆ բառը նորագույն հապավում է` Պարտականությունն Աճարարարության (հետ) Շփոթած` Տնամերձ Որոնող Նորամարդ:

Իսկապես` նորամարդ, ով նշանակվելուց թե ընտրվելուց հետո` ոչ մի կերպ չի ուզում ընդունել (կամ չի ընկալում), որ ձեռք գցած այդ պաշտոնի իմաստը հանրությանը, պետությանը ծառայելն է, այլ ոչ հակառակը: Կենացթասեր բարձրացնելիս ասում են` «Ինչ անում ենք, երկրի ու ժողովրդի համար ենք անում»: Եվ հարցնող չկա` «Իսկ ի՞նչ եք անում»: Հարցնողներ կա´ն, իհարկե, բայց նրանց ձայնը վերևներում սավառողների ականջին ո՞նց կհասնի: Եթե հասներ` մեկ այլ հարց էլ կարելի էր հնչեցնել.

- Եթե ամեն մեկդ ձեր չափով ավերում եք երկիրը, և հիմնականում ձեր անհոգի վերաբերմունքի պատճառով մարդիկ հեռանում են, էլ որտե՞ղ եք պաշտոնավարելու և ո՞ւմ եք իշխելու:

Ո՞ւմ եք ուղղելու Արտավազդի` թևավոր խոսք դարձած ընդվզումը` «Ընդ ավերակացս ո՞նց թագավորեմ»:

Պաշտո՞նն է մարդազերծ անում տիրոջը, թե՞ պաշտոնյան է խեղում իր աթոռը (ներողություն` բազկաթոռը, ճոճաթոռը): Հաստա´տ` տուժողն աթոռի հեղինակությունն է. այսինքն այն աշխատանքի, որով հանրությանը ծառայելու փոխարեն, դրա անարժան տերերն անձնուրաց տրվում են մամոնային: Իսկ սա էլ հոգեառ հրեշտակի նման բթացնում է ամենակարևոր զգայարանը` մարդկային հոգին:

Օրինակներ` որքան ուզեք: Դիցուք` ամենաթարմը` «ազգընտիրների» հավաքատեղի խորհրդարանում տեղի ունեցած վերջին ժայթքումները: Երկրով մեկ հեռարձակվող և աշխարհում արձագանքվող բարձրախոսով ինքնահարգ ովևէ մեկն իրեն թույլ կտա՞ր փողոցային «ռազբորկայի» կանչել մանդատակցին: Ինքնամեծար ամբարտավանութ յուն, որը պատռում է ամենազորների` դաստիարակություն և էթիկա կոչվող «զսպաշապիկները»: Նման միջադեպերը սկզբում զվարճացնում էին հանրությանը: Հիմա արդեն (և` բարեբախտաբա´ր) զայրացնում են: Բայց նաև` է´լ ավելի են տկարացնում ինչ-որ բան շտկելու հույսը, պաշտոնյաների հանդեպ հավատը:

Հին ճշմարտություն է` «տերն է զորավոր դարձնում խաչը». պաշտոնն էլ տիրոջով կարող է ի բարին գործել: Մինչդեռ մեզանում առայժմ միայն տզրուկների համբավն են խորացնում շատ «աթոռատերեր»:

Տգիտությունից է. չեն դիմանում ճակատագրի շռայլությունը: Պաշտոն ստանալուց հետո շատերն իսկապես փոխվում են, ու դա անարժան լինելու ամենավառ ապացույցն է: Կռիլովյան առակի մսրդակերպ կենդանու նման` չեն իմանում «ակնոցն» ուր դնել: