Մարտահրավերներին հանդիման


Ապրիլյան քառօրյան լուրջ մտորումների առարկայական նոր առիթ էր: Ամեն անգամ նախահարձակ լինելով և հայկական կողմի առաջխաղացումը կանխելու խնդրանքով «ավագ եղբայրներին» դիմելով հանդերձ` Ադրբեջանը շարունակում է «տուժող կողմ» ներկայանալ նաև միջազգային ատյաններում:

Օրեր առաջ Բաքվում կայացած աշխարհի ադրբեջանցիների համաժողովը հերթական դիմումն է ուղղել միջազգային հանրությանը` իրենց տարածքների հանդեպ հայերի «ոտնձգություններն» ի ցույց դնելով:

Այդ և թեմային առնչվող խնդիրների շուրջ է զրույցը Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

- Քաղաքական բոլոր զարգացումներն այսպես թե այնպես, ուզենք, թե ոչ` առնչվում են ապրիլյան քառօրյայի հետ, որովհետև այդ քառօրյան ոչ միայն զոհերի պատճառ հանդիսացավ, այլև իր ազդեցությունն ունեցավ մարդկանց գիտակցության վրա: Ակնհայտ դարձավ, որ շատ թերություններ կան, ինչը տագնապ առաջացրեց, որը յուրաքանչյուրի մոտ յուրովի է արտահայտվում: Որպես քաղաքական գործիչ, ի՞նչն է Ձեզ անհանգստացնում:

- Պատերազմի վերսկսման վտանգը, որը մշտապես էլ եղել է, հիմա առավել քան սպասելի է, որովհետև Ադրբեջանն ինչ-որ տեղ կարող է ասել, որ ինքը կարող է հայերի դեմ կռվել և ինչ-որ տարածքներ գրավել: Վերջերս Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանի տարածքում իրականացրեցին ռազմական զորավարժություններ, որտեղ հավաքագրել էին 25 հազար զինվոր: Դա նշանակում է` Ադրբեջանն ուղղություն է վերցնում հենց Հայաստանի սահմանների վրա, այն էլ` Թուրքիայի հետ: Ես կարծում եմ, որ այդ 25 հազարից ընդամենը 5 հազարն է ադրբեջանական զորքը եղել, մնացածը եղել է թուրքական: Ինչո՞ւ է Ադրբեջանը օր-օրի լկտիանում: Պատճառը շատ պարզ է, որովհետև այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներն ամբողջովին մերժելի են հայկական կողմի համար: Դրա արդյունքում էլ ծնվել է այսպես կոչված` «կազանյան փաստաթուղթը», որի ստորագրումը տապալվեց միայն այն պատճառով, որ Ալիևը 10 նոր փոփոխություն առաջարկեց: Եթե չտապալվեր, պարզվում է, որ ներկայիս փաստաթղթի համաձայն, պետք է առաջին հերթին վերադարձնեինք 5 շրջան, բացի Լաչինից և Քելբաջարից, որից հետո Լաչինը, հետո էլ Քելբաջարը և այլն: Այսինքն, ստացվում է, որ ամբողջ մեր ձեռքբերումները, ազատագրված տարածքները, ԼՂՀ անկախացումը համարում ենք անօրինական և առաջ չենք քաշում Շահումյանի հարցը, Մարտունաշենի և Գետաշենի հարցը: Վերջիններն, ի դեպ, ԼՂՀ անկախացման ժամանակ իրացրել են Ադրբեջանի կազմից դուրս գալու իրենց իրավունքը, որը տրվել էր ԽՍՀՄ ապրիլի 3-ի որոշմամբ, որով Լեռնային Ղարաբաղը, Շահումյանը, Գետաշենը և Մարտունաշենը իրավունք էին ստացել դուրս գալ ԽՍՀՄ կազմից և իրենց հռչակել էին Ադրբեջանի կազմից դուրս եկած տարածքներ: Սակայն պաշտոնական որոշում չունենք, որ Հայաստանը ճանաչում է նրանց ինքնորոշումը: Եթե մենք չենք ճանաչել այն օրինական ճանապարհը, որով գնացել է Արցախը և ազգային ազատագրական պայքարի շնորհիվ դուրս է եկել նաև Ադրբեջանի Հանրապետության կազմից և անկախացել է, ուրեմն նշանակում է` առ այսօր ոչ ոք չի ընդունել, որ ԼՂՀ-ը, Շահումյանը և մնացածը Ադրբեջանի տարածքում չեն:

Համամիտ չեմ այն պատճառաբանություններին, որ եթե ճանաչենք, ապա դա կլինի բանակցությունների վերջը: Բայց չէ՞ որ մենք փաստելու ենք ընդամենը այն իրավական ակտը, որը համապատասխանել է օրենքին: Այդ պարագայում իրավունք կստանանք պահանջելու և´ Շահումյանը, և´ Մարտունաշենը, և´ մնացած տարածքները: 1992-ին, փաստորեն, Լ. Տեր-Պետրոսյանը հանձնեց Շահումյանը, չնայած 1991 թ.-ին «Կոլցո» օպերացիայից հետո ես խանգարել էի այդ գործողությանը` վեճի մեջ մտնելով Գորբաչովի և Կրյուրկովի հետ: Երբ Էրքեջ, Մանաշիդ և Ֆիզուլու երեք գյուղերը հայաթափվում էին, ինձ մոտ եկավ այն տարիներին Շահումյանի շրջխորհրդի նախագահ Վոլոդյա Աղաջանյանը և խնդրեց օգնեմ իրենց: Իմ հարցրին, թե իսկ ինչո՞ւ չեն գնացել Տեր-Պետրոսյանի մոտ, պատասխանեցին, որ գնացել են ու մերժվել: Հիմա էլ ստացվում է, որ համաձայնում ենք հանձնել հողատարածքները առանց որևէ պատճառաբանության: Ի դեպ, ադրբեջանցիները պատրաստվում են դիմել միջազգային տրիբունալ: Նրանք արդեն հաշվարկել են բոլոր, այսպես ասած, «իրենց կորուստները»:

- Մի փոքր մանրամասն ներկայացրեք ադրբեջանցիների կողմից ընդունված այդ փաստաթուղթը:

- Այն ընդունվել է այս տարվա հունիսի 4-ին, Բաքվում` աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համագումարի ժամանակ: Դրանով ընդունվել է դիմում` ուղղված միջազգային հանրությանն ու կազմակերպություններին, պետությունների կառավարությունների և խորհրդարանների ղեկավարներին: Այնտեղ մանրամասն ներկայացված է իրենց դիրքորոշումը ԼՂՀ կոնֆլիկտի վերաբերյալ, և այն, թե իրենց պատկերացմամբ ինչ է եղել 1988-ին: Իհարկե հիմնականում սուտ է, բայց մարդիկ գրել են: Եվ դրա հիման վրա ասում են, թե հարյուրավոր ադրբեջանցիներ են զոհվել Հայաստանում, թե իբր արտաքսել ենք նրանց: Դա բացահայտ սուտ է, որովհետև Հայաստանում ապրել են մոտ 150 հազար ադրբեջանցիներ (ի տարբերություն Ադրբեջանի տարածքում ապրող 500 հազար հայերի), և բոլորը հնարավորություն են ունեցել իրենց տները փոխանակել Բաքվում ապրող հայերի տների հետ: Բացի այդ նրանք, ովքեր ապրում էին աղետի գոտում, ստացել են համապատասխան փոխհատուցում, այսինքն նրանք փախստական չեն: Չեն էլ գրում, որ իրենք փախստական են, այլ գրում են, որ արտաքսված են: Մենք, ինչպես որ հարկն է, չօգտագործեցինք ո´չ Սումգայիթը, ո´չ Կիրովաբադը, ոչ էլ Բաքուն, մինչդեռ նրանք Խոջալուն դարձրել են ցեղասպանության փաստ: Եվ հաշվարկել են, թե ինչ կար այդ տարածքներում` դպրոցներ, մանկապարտեզներ, թանգարաններ, մշակված հողատարածքներ: Այս ամբողջը ներկայացնելու են որպես մեղադրանք:

Իմ կարծիքով Կազանի այս փաստաթուղթը կամ պետք է պաշտոնապես հերքվի, կամ պետք է ասվի, որ այն այլևս չենք քննարկում և, ամենակարևորը` պետք է հրաժարվեն մադրիդյան սկզբունքներից և առաջարկեն սեփական տարբերակը: Դա պետք է հիմնված լինի միայն և միայն իրավական փաստարկների վրա: Այս հիմնահարցին քաղաքական լուծում չկա, և խնդիրը պետք է տեղափոխել իրավական դաշտ, որպեսզի և´ միջազգային հանրության, և´ բոլորի համար վերջապես պարզ լինի, թե որն է հարցի էությունը:

- Չե՞ք կարծում, որ նման հարցերը միշտ էլ խաղաթղթեր են եղել գերտերությունների ձեռքում: Եվ եթե խոսում են կարգավորումից, ապա` այնքանով, որ այդ խաղաքարտը միշտ մնա իրենց ձեռքում:

- Մինսկի խումբը ձևավորվեց 1992 թ.-ին: 9 պետություն ընգրկվեցին այդ ձևաչափում, քանի որ համարվեց, թե ԼՂ հիմնահարցի կոնֆլիկտը յուրահատուկ է: Մինսկի համանախագահների մանդատը ընդամենը մեկն է` հաշտեցնել կողմերին: Այսինքն, ոչ թե լուծել հիմնահարցը, այլ` հաշտեցնել: Մի քանի տարբերակ փորձեցին` փուլային, փաթեթային… Նրանք ընդամենը զբաղված են տարբերակներ առաջարկելով, որպեսզի կողմերը համաձայնության գան: Նրանց համար միևնույնն է, թե ով կշահի, ով կտուժի, կարևորը` հաշտեցնեն:

- «Ոսկե միջինը» Դուք տեսնու՞մ եք:

- Իմ կարծիքով նրանք շարունակելու են այնքան, մինչև կողմերից մեկը պարտադրված լինի ընդունել առաջարկված պայմանները: Գուցե լինի այնպես, որ կողմերից որևէ մեկը ռեսուրս չունենա պայքարելու և համաձայնի մի առաջարկի հետ, որը գոնե չարյաց փոքրագույնն է: Բայց ցավոք` ոչ ոսկե միջինը: Մենք պետք է հասկանանք, որ եթե միջնորդների առաքելությունը և մանդատն այդ է, ուրեմն մենք պետք է փոխենք այդ մոտեցումը և ասենք, որ 24 տարի է` այդ բանակցություններն անպտուղ են, և հրադադարից հետո 22 տարի է` անընդհատ պատերազմ է: Նշանակում է` հնացելեն այս բոլոր սկզբունքները և այլևս չեն աշխատում: Այս է պատճառը, որ մենք արդեն մի քանի տարի է առաջարկում ենք: Հարկավոր է նոր սկզբունքների հիման վրա ձևավորել բանակցությունները:

- Ասել է թե` սկսենք զրոյի՞ց:

- Ես չեմ ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, թե ոչինչ չի արվել, բայց այն ինչը չի աշխատում, պետք է հանել բանակցային սեղանից և ներկայացնել այն, ինչը կարող է հեռանկար ունենալ: Համենայն դեպս հայկական կողմը պարտավոր է ուղղակի իրավական տեսանկյունից ներկայացնել իր տեսակետը, որովհետև դա միանգամից պարզեցնում է խնդիրը: Ադրբեջանը կարող է չընդունել, բայց իրավական փաստաթղթերն անընդունելի չեն լինի միջազգային հանրության համար:

- Ի՞նչ պետք է անել Ձեր կարծիքով:

- Դրա մասին էլ է բազմիցս խոսվել: Երբ 1991 թվականին ազատագրված երկրները դարձան ՄԱԿ-ի անդամ, Հայաստանի ղեկավարը վերապահում չարեց, որ այլևս ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չէ, այսինքն, փաստացի ճանաչեց նրանց տարածքային ամբողջականությունը: 1999-ին էլ այդ ժամանակվա Հայաստանի նախագահը Ստամբուլում ստորագրեց Խարտիայի տակ և կրկին վերապահում չարեց: 1991-ին, երբ հասկանում էին, որ ԼՂՀ-ն այլևս չի լինելու Ադրբեջանի կազմում, արդյո՞ք տրամաբանութ յունը չէր պահանջում, որ վերապահում արվեր: Շարժումը ծավալվում էր «միացում» գաղափարի ներքո, և եթե միացում չէին անելու, ուրեմն գոնե պետք էր ճանաչել, որ ԼՂՀ-ն այլևս Ադրբեջանի կազմում չէ և իրավունք տայինք ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը: Հիմա պետք է ոչ թե հրաժարվել ԵԱՀԿ-ի ձևաչափից, այլ` առաջարկել` փոխել մոտեցումը:

- Այսինքն` Մադրիդյան և Կազանյան փաստաթղթե՞րը:

- Միանշանակ: Մենք առաջարկում ենք, որ իրավական փաստարկները դնենք փաստաթղթի հիմքում և փորձենք լուծել հարցը: Կարող ենք ասել, որ Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Միության իրավահաջորդը լինելու փաստից և իր Սահմանադրությունում վերացրել է ԼՂՀ-ի մասին հարցը: Այս առումով մեր սխալների մեջ մենք հավասար ենք, ուրեմն կարող ենք ներկայացնել մեր իրավական փաստարկները և պահանջել` դրա հիման վրա գտնել կոմպրոմիս: Այսինքն, իմ պատկերացմամբ, եթե փաստվում է, որ ԼՂՀ-ն ձևավորվել է օրինական ճանապարհով, ապա այսպես կոչված Կազանյան փաստաթղթով չեն կարող ժամանակավոր կարգավիճակ տալ, որը իրավունք է տալիս այնտեղ ապրող ժողովրդին ունենալ ինքնիշխանություն: Ի՞նչ է, ձե՞ռք են առնում: 25 տարի մարդիկ անկախ ապրում են, այնտեղ ձևավորվել են բոլոր դեմոկրատական ինստիտուտները, հիմա նոր նրանց ասում ենք, որ հիմա արդեն իրավունք ունենք դա անելո՞ւ:

- Դուք առաջարկե՞լ եք մեր քաղաքական ուժերին: Գուցե ուշադիր չեն, գուցե դեռ չեն կողմնորոշվել, գուցե շատ են զբաղված: Դուք բավական լուրջ փաստարկներ եք ներկայացնում, և դրա իրագործումն էլ առանձնակի մեծ բարդություն չի ներկայացնում:

- 1996-ին մենք հիմնել ենք կազմկոմիտե` ի պաշտպանություն ԼՂՀ-ի: Ներկայումս էլ այն գործում է, և մենք փորձում ենք վերականգնել այդ ձևաչափը: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին` ապա ես դիմում եմ բոլորին. եթե ամբիցիաները մի կողմ կդնեն, ապա կարող են միանալ մեր կազմկոմիտեին և համատեղ քննարկենք այդ բոլոր հարցերը, միասնական դիրքորոշում դրսևորենք:

- Եթե Ձեր կոչին չմիանա՞ն:

- Մենք հանրությանը կիրազեկենք մեր մտահոգության մասին, կդիմենք միջնորդ համանախագահներին` տեղեկացնելով, որ մենք Մադրիդյան սկզբունքներ ասվածը չենք ընդունելու: Մինչև հիմա իշխանությունները պնդում են, թե բանակցություններ են ընթանում մադրիդյան սկզբունքների շուրջ, մենք էլ ասում ենք, որ տարածքներ հանձնել նշանակում է պարտության մատնել ողջ ազգային ազատագրական պայքարը: Ես նայում եմ ոչ թե ագրեսորի տեսանկյունից, այլ այն տրամաբանությունից ելնելով, որ Ադրբեջանն ինքն է սկսել այս ամբողջը, հրադադարն ինքն է առաջարկել: Իր իսկ սանձազերծած պատերազմի հետևանքն է ներկա իրավիճակը: Այս խնդիրներն ընդհանրապես քննարկվում են այն ժամանակ, երբ խաղաղության մասին պայմանա-գրեր են կնքվում: Իսկ ո՞վ պետք է կոմպենսացիայի ենթարկի 500 հազար հայերի և տարածքային, և անձնական ունեցվածքը. այս առումով էլ շատ ասելիք կա:

- Ադրբեջանը թիկունքին ունի հզոր Թուրքիա, որով ավելի ինքնավստահ է դառնում, և աշխարհաքաղաքական այս խաղերում տարեցտարի կամ դարեդար ավելի է ընդգծվում, որ «վայը եկել է, տարել տկարին»:

- Ես այդ ամենը փաստում եմ և ամեն առիթով ասում եմ, որ պետք է սթափ գնահատել իրավիճակը: Ի՞նչ ռեսուրսներ ունենք, ինչու է մարդկային ռեսուրսն այսքան պակասել մեր երկրում: Որովհետև 25 տարի մեր իշխանավորները զբաղվել են չգիտես ինչով` փոխանակ ամբողջ ժողովրդի բարեկեցությունն ապահովեին: Ես բազմիցս ասել եմ, որ մենք ապրում ենք աշխարհաքաղաքական այնպիսի տարածքում, որը հնարավորություն է ընձեռում` լավագույն ձևով օգտագործել այն: Բայց, դա այն դեպքում, երբ ժողովուրդը վստահում է իշխանություններն: