ՀՈՂԱԲՈՒՅՐ, ՍԱՀՅԱՆԱԲՈՒՅՐ, ԻՄԱՍՏՆԱՑԱԾ

Շչորս Դավթյանի պայծառ հիշատակին

ԵՐԱՆԻ˜ նրան, ով իր սրբազան առաքելությունը կատարած կհեռանա այս աշխարհից: Երանի˜ այն մարդուն, ով կհիշվի սիրով, կարոտով, ափսոսանքով: Երանի˜ այն հային, ով իրենից հետո լուսեղեն հետքեր կթողնի ազգի պատմության մեջ` իր հետ տանելով ժողովրդի օրհնանքը: Հազա˜ր երանի...

Շչորս Բագրատի Դավթյան. քանքարաշատ մի այր, ով փայլեց կյանքի ոչ դյուրին, անչափ պատասխանատու մի շարք բնագավառներում: Գրեթե միշտ որպես առաջին դեմք, աշխատեց և արարեց ավելի քան կես դար: Կուսակցական, խմբագրական, հասարակական-քաղաքական, գրական, գրականագիտական, Հայ առաքելական եկեղեցու պատմության, օրենսդրական և այլ ոլորտներ` ամենուրեք դրսևորելով իր հրաբխային եռանդը, սկզբունքայնությունն ու բարձր պրոֆեսիոնալիզմը: Մեզանում ես չգիտեմ մի երկրորդ օրինակ, երբ կուսակցական երկարամյա գործիչը օժտված լինի լրագրողի, գրողի անուրանալի ձիրքով և գրականագետի շողշողուն տաղանդով: Հիրավի, երբ Աստված տալիս է, չափը չի հարցնում:

Հզոր անհատականություն էր, արդարախոս, շռայլասիրտ, համարձակ, բարի: Սյունեցի էր` լեռնաշխարհի նման հպարտ, ինքնավայել: Ավելի քան քառորդ դար լծված էր հայրենի Սիսիանի շրջանի աննախադեպ զարգացման ու ծաղկեցման գործին, որի նվիրյալն ու ղեկավարն էր երկար տարիներ: Նրա հայրենասիրությունը նախ և առաջ ծնողներից էր գալիս: Խոնարհ էր իր նշանավոր տոհմի ակունք-արմատներին, երջանիկ` իր հայաշունչ, հյուրամեծար, ամուր ընտանիքով, որն իր հուսալի թիկունքն էր: Հայաստանապաշտ էր, արցախապաշտ, ինչն ապացուցեց իր ամբողջ կյանքում: Ի դեպ, հոր կողմից տատը շուշեցի էր:

Շչորս Դավթյանի հետ աշխատելը և պատիվ էր, և պատասխանատվություն, և... հեշտ: Որպես «Խորհրդային Հայաստան» հանրապետական օրաթերթի գլխավոր խմբագիր, նա վստահել ու բացարձակ ազատություն էր տվել ստեղծագործող, ազգային մտածելակերպ և ասելիք ունեցող լրագրողներին: Ղարաբաղյան հզոր շարժման բուռն տարիներին նա թերթի էջերը շռայլորեն տրամադրեց Հայաստանի և ըմբոստացած Արցախի, ինչպես նաև Սփյուռքի անվանի մտավորականներին, գիտնականներին, արվեստագետներին, պատմաբաններին, գրողներին, հրապարակախոսներին, ովքեր արդարության և պատմական ճշմարտության մասին շիկացած խոսքը հասցրին աշխարհի` այն ժամանակ դեռ խուլ ականջին` պատռելով խորհրդային կայսրապետության երկաթե վարագույրը ու ներկայացնելով ազատության և անկախության համար ոտքի ելած, զենքի դիմած, նենգ ու խարդախ թուրք-ադրբեջանցիների դեմ կենաց-մահու կռիվ տվող արցախցիների հերոսական կերպարը:

Շչորս Դավթյանը անչափ մարդամոտ ղեկավար էր, և նրա շրջապատը, բնականաբար, շատ էր մեծ` թե´ Հայաստանում ու Արցախում, թե´ Սփյուռքի հայաշատ համայնք ներում` հողի մշակից սկսած մինչև ակադեմիկոս, կամավորից, արհեստավորից և գրականության մշակից մինչև հանրապետության ղեկավարներ: Անձնական հմայքը, հանրագիտարանային գիտելիքները, նաև անզուգական հումորն ու համով-հոտով պատմելու ձիրքը այն կամուրջն էին, որով նա դեպի իրեն էր ձգում շրջապատին : Այդուհան դերձ, այդ վառ անհատականության հոգու երկնքում շողացող արևը հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանն էր: Հայրենակից էին, հոգու հարազատներ, և նրանց իրար կապող ոսկե օղակը, թող թույլ տրվի ասել, հայ գրականության մեջ քարափագիտության դոկտոր, պրոֆեսոր Սահյանի պոեզիան էր:

Մեծն Պարույր Սևակն ասում է. «Խոնարհվի´ր գրքին, որ նրանով բարձրանաս»: Իր ամբողջ գիտակցական կյանքում Շչորս Դավթյանը ծնրադիր- խոնարհված էր Համո Սահյան մարդու և նրա պոեզիայի ժայռակոփ տաճարի առաջ: Ծարավ էր` ըմբոշխնեց, լեռնագնացի պես վեր մագլցեց, հմուտ վիրաբույժի նման մաս-մաս անելով, տող առ տող զննեց-ուսումնասիրեց-հետազոտեց իր մեծ ուսուցչապետի հոգևոր ժառանգությունը: Եվ... բարձրացավ Համո Սահյանով, դարձավ բանասիրական գիտությունների դոկտոր: Որպես գրականագետ նա իր խոր ակոսը բացեց սահյանագիտության քարափաբույր, որոտանաշառաչ և գյազբելաբույր ասպարեզում: Իմ խորին համոզմամբ` Շչորս Դավթյանը նորովի կարդաց մեծատաղանդ բանաստեղծին` վերծանելով նրա պոեզիայի խորխորատները և ի ցույց դնելով աստղերին հասնող նրա պոետական արևաշող գագաթները, բացահայտելով սահյանական նորարարությունները հայ գրականության մեջ: Շչորս Դավթյանը հրաշալի գիտեր Համո Սահյանի ներշնչման աղբյուր Սյունյաց աշխարհի բոլոր կածանները, սարերն ու ձորերը, այդ հանճարեղ բնության հրաշքը միասին են վայելել և ոգեշնչվել նրա խորին խորհրդով:

Ի դեմս Շչորս Դավթյանի, մեծ բանաստեղծն ուներ մի զորեղ և հուսալի հովանավոր` հարափոփոխ կյանքի ցանկացած իրադրության մեջ: Եվ դա հանրահայտ փաստ է: Մեր այս հոգսաշատ ժամանակներում շատ արվեստագետներ կերազեին ունենալ այդպիսի հովանավոր: Հարեհաս էր ամեն ինչում: Բանաստեղծի մահից հետո անգնահատելի դեր կատարեց նրա ստեղծագործությունների վերահրատարակման գործում: Այդ գրքերի անփոփոխ խմբագիրն է: Երևանում հիմնադրեց ու երկար տարիներ ղեկավարեց «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Սահյանի ծննդյան 100- ամյակի կապակցությամբ նախ և առաջ Շ. Դավթյանի ջանքերով լույս տեսավ բանաստեղծի ընտիր գործերի շքեղ քառահատորյակը: Հայ իրականության մեջ բացառիկ է «Համո Սահյան Հանրագիտարան»-ը, որը նույնպես մտահղացել և լույս է ընծայել վաստակազարդ սահյանագետը: Ինչպիսի? հավատարմություն պաշտելի բանաստեղծի գործին և նրա հիշատակին: Ամեն ինչից զատ դա նաև մեծ հայի բարոյականություն է` հայրենի հողից, աղբյուրներից, ծառ ու ծաղկից, լռած զանգով վանքից, իրիկնադեմին հևացող քարափներից, ժայռի ծիծ կերած մասրենուց, մի խոսքով` Համո Սահյանի ծիածանաթև երազների աշխարհից ծնված բարոյականություն, որի կրողն էր խոսքիս գլխավոր հերոսը:

Շչորս Դավթյանը կյանքը զարդարող մարդ էր: Նրա տեղը թափուր կմնա: Քանի որ իմաստնացած էր կենսափորձով, պոեզիայով, դժվարություններ հաղթահարելու երջանկության տառապանքով, անվրեպ կերպով զգաց, որ շուտով հնչելու է իր ժամը: Նա ճակատագրորեն գիտակցեց և հոգու խորքում հանգեց անբեկանելի եզրակացության, որ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակի համազգային արարողությամբ, որի կազմակերպման կենտրոնական դեմքն էր ինքը, ավարտվում է իր առաքելությունն այս աշխարհում: Նրանով վեր բարձրացավ, նրանով էլ ավարտեց իր կյանքի ճանապարհը: Սահյանն ապրեց 79 տարի, ինքը` 78: Արդար է, չնայած կորուստը շատ է մեծ:

Համո Սահյանի պոեզիան բանաստեղծի անմահության հուշարձանն է: Շչորս Դավթյանի բազում հայրենաշեն գործերն իր ձեռակերտ հուշարձանն են` դարերին դիմանալու կոչված ամրակուռ պատվանդանով: Նա էլ բոլոր հիմքերն ուներ ասելու` «Ես մեռանիմ, գնամ ի հող, գործս մնա հիշատակող»: Շչորս Դավթյանի անունը ձուլվել է մեծ բանաստեղծի պոեզիային, դարձել նրա մի մասնիկը և հարատևելու է նրա հետ: Նրա կյանքն էլ, մահն էլ իմաստավորված ու գեղեցիկ եղան: Սյունյաց աշխարհում այդպես արևն է մայր մտնում` հենված սարերի ուսերին, հորիզոնի ծիրանավառ բոցերի մեջ... Հազա˜ր երանի նրան:

Խոսքս ավարտեմ բանաստեղծությամբ, որ ժամանակին սիրով նվիրել եմ Շչորս Բագրատի Դավթյանին, իսկ հիմա, ավա˜ղ, այն ներկայացնում եմ անցյալ կատարյալ ժամանակով:

Նա ծնվել էր արծվի նման ճախրելու,

Պատրաստ էր միշտ հողմերի հետ բախվելու,

Խոսքը` հատու, պատկերաշող հանց քանդակ,

Միտքը` թռիչք, հոգին` երկինք, սիրտը` տաք:

Թրծվել էր նա, խոհակալել, վարարել

Եվ մի տարերք ուներ միայն` արարել

Հաց, դպրատուն, հուշարձաններ, թերթ և գիրք,

Երկնատուր էր, հողապաշտ ու բազմաձիրք:

Լույսի պես պարզ և աչքի պես բարդ էր նա,

Երջանկության տառապանքի մարդ էր նա,

Հողի զավակ, լեռան որդի` ժայռ էր նա,

Իմաստնացած և հողաբույր այր էր նա:

Ռուբեն ԳՐԻԳՈՐՅԱՆ