Փողերը գարշահոտ չեն արձակում

Ինչո՞ւ էին Հին Հռոմում «զուգարանային» հարկ գանձում

Որ փողերը հոտ չունեն ու մանավանդ` գարշահոտ չեն արձակում` իմացել են դարեր առաջ: Ու հենց վաղնջական այդ ժամանակներում էլ ծագել և մարդկային գիտակցության մեջ հիմնավորվել է թևավոր այդ խոսքը:

Հռոմեական կայսր Վեսպասիանը «միզահոտ» հարկ է սահմանել հասարակական զուգարանների վրա և, ի պատասխան որդու կշտամբանքներին, հպարտ հայտարարել է` «PecuniΖ non olet» («փողը գարշահոտ չի արձակում»): Հետաքրքիրն այն է, որ հռոմեացիներն արտաքնոց գնում էին ոչ միայն բնական կարիքները հոգալու համար: Նրանք մեզը հավաքում էին կավե մեծ ամաններում և այն օգտագործում որպես հագուստը, ատամները մաքրող ու կաշի դաբաղող միջոց:

Անտիկ դարաշրջանում միանգամայն նորմալ էր համարվում մեզն օգտագործել որպես բերանի խոռոչի հիգիենայի միջոց: Հանքանյութերով, ֆոսֆորով և կալիումով հարուստ այդ հեղուկը ժամանակակից ատամնամածուկներից ոչ պակաս էր կանխում ոսկրափուտը (կարիեսը): Ի դեպ, բերանի խոռոչը ողողելու հեղուկների բաղադրության մեջ մեզն օգտագործվել է մինչև 1700 թվականը: Ավելին, օդի հետ փոխազդեցությունից մեզից արտազատվող ամիակն այսօր էլ օգտագործվում է կենցաղային քիմիայում: Այդ մեթոդով հին հռոմեացիներն սպիտակեցնում էին բուրդն ու վուշը, դաբաղում էին կաշին:

Միզահավաքը տարածված էր ոչ միայն աղքատների, այլև վերնախավի ներկայացուցիչների շրջանում: Իրենից ու իր նմաններից արտաթորված այս հեղուկի գնորդները պետք է հատուկ հարկ վճարեին: Առաջին միզահարկ գանձողը Ներոն կայսրն էր` 1-ին դարում: Նրանից հետո այդ ավանդույթը վերածնել է Վեսպասիանը, ում կառավարման օրոք` մ.թ. 74 թ. հայտնվեցին առաջին հասարակական զուգարանները. դրանց հետ էլ` հարկադիր վճարումները:

Վեսպասիանը հռչակված էր որպես դաժան կառավարիչ, ում նույնիսկ իր որդին էր քննադատում: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ նրա օրոք հռոմեական գանձարանը լցվեց արծաթով, իսկ «զուգարանային» հարկից գոյացած եկամուտների մի մասը ներդրվեց Կոլիզեյի շինարարության մեջ:

Հետաքրքրական է, որ ֆրանսախոս որոշ երկրներում վճարովի զուգարանները կոչվում էին «վեսպասիենս»:

Այսօր ոչ մեկին չես զարմացնի վճարովի զուգարաններով, սակայն միայն Հին Հռոմի գանձարանի համար այդ վճարումները դարձան իսկական փրկություն: