Հրաշալի սերունդ ունենք


 

Սփյուռքի նախարարը շարունակում է համակարգել իր իսկ հիմնադրած գերատեսչության գործունեությունը: «Ղեկավարել» բայը միտումնավոր չենք օգտագործում, որովհետև նա սոսկ չի հրահանգավորում. անձամբ մասնակիցն է բոլոր ձեռնարկումների` դրանց անհրաժեշտությունը հիմնավորելուց մինչ իրագործում: Պետբյուջեից հատկացվող միջոցներն էլ հնարավորինս խնայողաբար օգտագործելու սկզբունքը ևս անփոփոխ է մնում Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ համար:

Հրաշալի սերունդ ունենք

ՀՀ Սփյուռքի նախարարությունն, իսկապես դարձել է գործուն կամուրջ աշխարհասփյուռ հայության միջև: Նրանցից շատերը նորոգում, առարկայացնում են սերն առ հայրենիք. ոմանց հոգում էլ նոր ծլարձակում է տալիս նախնյաց ոգին:

- Ձեզ համար չկան աշխատանքին առնչվող անկարևոր, երկրորդական խնդիրներ: Այնուամենայնիվ, փորձենք առանձնացնել գերակայությունները:

- Մասնագետների պատրաստման խնդիրը: Արդեն 3-րդ տարին է` Երևանի պետհամալսարանի մագիստրոսականում մենք կադրեր ենք մասնագիտացնում սփյուռքագիտության մեջ: Առաջին անգամ Հայոց անկախ պետությունում պատրաստում ենք մասնագետներ, ովքեր կարող են խորությամբ ճանաչել Սփյուռքը` իր բոլոր խնդիրներով, կարող են հետազոտել և օգտակար լինել: Սփյուռքյան հարցերն այնքան բարդ են, այնքան բազմապատկեր ու այնքան բովանդակալից, որ սիրողական մակարդակով աշխատելն անհրաժեշտ օգտակարությունը չի ունենա: Երկրորդ ծրագիրը, որ անչափ կարևորում ենք, «Արի տուն»-ն է: Ինքներդ էլ տեսնում եք, որ հայրենաճանաչողության այդ ծրագիրն ընդլայնվում, առավել ընդգրկուն է դառնում տարեցտարի: Օտար ափերում ապրող հայ զավակներին հայրենիք հրավիրելով, ճանաչեցնելով իրենց օրրանը, մենք փորձում ենք նրանց «վարակել» հայի, հայրենիքի «վիրուսով», որպեսզի աշխարհի որ ծագում էլ լինեն` շարունակեն հայ մեծանալ: Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների գլխավոր մտահոգություններից է այն, թե ի՞նչ անել, որ իրենց երեխան հայ մեծանա: Ակամա օտար երկրների մշակույթի կրողները դարձող հայ պատանիները, բնականաբար հեռանում են հայկականությունից: Եվ հավատացեք` մեկ անգամ Հայաստան գալը շրջադարձային է լինում նրանց կյանքում: Պատահական չէ, որ հրեաները տարեկան 40-50 հազար երեխաներ են տանում Իսրայել: Այս ծրագրի հրատապության լավագույնս ապացույցն այն իրողությունն է, որ յուրաքանչյուր տարի եռապատկվում է մասնակիցների քանակը: Ու սրա համար միջոցներ չպետք է խնայի ո´չ Հայոց պետությունը, ո´չ մեր Սփյուռքը:

Այս կարճ ժամանակում արդեն «Արի տուն» ծրագրի մասնակիցների 4 ամուսնություն է գրանցվել, տասնյակ երիտասարդներ եկել ու սովորում են մեր համալսարաններում: Նաև` Հայաստանում բնակություն հաստատողներ կան: Կարծում եմ, որ կարելի է և խոշոր համայնքներում ստեղծել հատուկ գրասենյակներ, որոնք տարվա ընթացքում կպատրաստեն երիտասարդներին` Հայաստան գալ: Ինչո՞ւ չէ` կարելի է նաև նույնանուն ՊՈԱԿ հիմնել: Իսկ ճամբար արդեն ունենք: Օգտվելով առիթից, ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել հայաստանաբնակ այն ընտանիքներին, որոնք սիրով հյուրընկալում են հայ երիտասարդներին: Նրանց այդ քայլը ոչ միայն նյութական օգնություն է մեր պետությանը, այլ նաև բարոյական, ազգային վեհանձնություն:

Չեմ կարող չառանձնացնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և ԵՊՀ-ի հետ համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքները: Հայոց պատմությունը միայն Երևանում չի գրվում, և Սփյուռքի մասնագետների հետ մենք գրում ենք այդ համայնքների պատմությունը: Փորձում ենք ավելի շատ անդրադարձ կատարել արևմտահայերենի հիմնախնդիրներին: ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնում մենք արևմտահայերեն ենք ուսուցանում: Արևմտահայերեն դասագրքեր ու բառարաններ ենք հովանավորել, գրքեր տպագրել:

- Արևմտահայ ո՞ր խոսվածքն եք հիմք ընդունել` որպես արևմտահայ լեզու:

- Տարբեր աշխարհամասերում ապրող մասնագետներ ենք ընդգրկել, ովքեր փորձում են մաքրել այս ու այն ազդեցությունները կրող արևմտահայերենը, որն ի վերջո գրաբարի վրա հիմնված լեզու է: Արդեն դասագրքեր կան... Բազում ծրագրեր ունենք, բայց դրանց դափնեպսակը համարում եմ Ամառային դպրոցի ստեղծումը` պետհամալսարանի բազայի վրա: Նպատակը հասկանալի է. աշխարհի բոլոր երկրներում ապրող մեր հայրենակիցները պետք է իմանան, որ կարող են այստեղ գալ ու վերապատրաստվել տարբեր մասնագիտություններով` ուսուցիչներ, երիտասարդ առաջնորդներ, լրագրողներ, պարարվեստի, երգարվեստի մասնագետներ: Եվ ամենագլխավորը` մայրենի լեզուն սովորեն մայր հայրենիքում:

- Հսկայական աշխատանք է կատարվել. նախարարությունը սպասարկում է 4-5 կայք, ստեղծվել են Սփյուռքի թանգարան ու գրադարան, թերթ: Իսկ հեռաժողովները կենդանի հաղորդակցության տպավորություն են ստեղծում: Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդման ուղղությամբ կա՞ն ծրագրեր, որոնք չի հաջողվել իրականացնել կամ կիսատ են մնացել:

- Անցած 3,5 տարիները մեզ համար փնտրտուքների, ձևակերպումների, բյուրեղացման ժամանակաշրջան է եղել: Սկզբնական` կայացման փուլը հաջողել ենք ամբողջացնել: Իսկ Սփյուռքի հետ աշխատանքն անընդհատ ընթացք է` նոր զարգացումներով: Թերևս թերություն կարելի է համարել տեղեկատվության պակասը Սփյուռքում, որովհետև մեր ծրագրերը, ցանկությունները, գաղափարական հարցադրումներն ու կատարված աշխատանքը 7 միլիոն սփյուռքահայերի հասցնելը շատ դժվար է: Ոչ բոլոր համայնքներում են հեռարձակվում մեր հեռուստաալիքները, կամ մեր հայրենակիցների մեծ մասը չի դիտում հայկական հեռուստաալիքներ: Այնպես որ` հիմա պիտի լուրջ խորհենք տեղեկատվության հասանելիության, մատչելիության խնդրի շուրջ: Մյուս դժվարությունը ֆինանսների սղությունն է. չենք կարողանում հարկ եղած չափով համայնքներ այցելել: Տարվա ընթացքում ես Սփյուռքում լինում եմ 35-40 օր. այսինքն` ամիսը 3-4 օր, ինչը շատ քիչ է: Պետք է ավելացնել գործուղումների քանակը: Սփյուռքյան կառույցների հետ նորովի աշխատելու խնդիր ևս ունենք: Ինչպես նաև` կատարելագործման անհրաժեշտություն:

- Սփյուռքում ունե՞նք համախումբ համայնքներ:

- Իհարկե ունենք: Ամերիկայում, Ֆրանսիայում, Սիրիայում, Լիբանանում, Ստամբուլում, Ռուսաստանում շատ կազմակերպված համայնքներ ունենք:

- Այսօր բոլորովին նոր սերունդ է մեծանում. տարբերություն տեսնո՞ւմ եք ավագ և նոր սերունդների միջև:

- Նոր սերունդն ավելի կիրթ է, ավելի գրագետ: Նրանց մի մասն աշխարհաքաղաքացի է (կոսմոպոլիտ), ում համար բոլոր արժեքները հավասար են: Բայց քիչ չեն ազգասերները, ամենադրական իմաստով ազգայականները: Օրինակ, Ապրիլի 24-ին Հայոց եղեռնի օրվա ցույցին նրանք մինչև 100 հազար մարդ կարող են ոտքի հանել: Նրանք նաև օտարներին են կարողանում ներկայացնել մեր Դատը, մեր խնդիրները: Սա փաստում է, որ հրաշալի հետնորդներ ունենք` 21-րդ դարի սերունդը և երբեք-երբեք չենք կարող կասկածել մեր ազգի հարատևությանը:

- Փա´ռք Արարչին... Հմուտ կազմակերպիչ լինելուց զատ` Դուք քաղաքական գործիչ եք: Հետաքրքիր է Ձեր կարծիքը մերօրյա քաղաքական դաշտի, խորհրդարանական ուժերի մասին:

- Շատ ուրախ եմ, որ ընտրությունների արդյունքով մի քանի կարևոր սկզբունքներ ձևավորվեցին: Նախ, ասպարեզում գործող բոլոր հայտնի ուժերն այսօր խորհրդարանում են: Ասել է թե` ունեցան պետական, քաղաքական հարթակ, որտեղից կարող են իրենց ձայնը լսելի դարձնել և´ հասարակությանը, և´ իշխանությանը. ինչո՞ւ չէ, նաև` միջազգային հանրությանը: Բացի այդ, բացարձակ առավելություն ունեցավ մի կուսակցություն, որը կարող էր միանձյա դառնալ իշխող, բայց մյուսներին ևս կոալիցիոն գործընկերություն առաջարկեց: Դա Հանրապետական կուսակցության առաջնորդի և ՀՀ նախագահի հանդուրժողականության, բարյացկամության դրսևորում էր: Այս ամենից զատ, որպես պառլամենտական գիտության մասնագետներ` ինձ համար հաճելի է մեր խորհրդարանում սկսված հետաքրքիր երկխոսությունը, քաղաքական բանավեճը: Կարծես թե պառլամենտական մշակույթը մեզանում մի նոր զարգացման փուլ է թևակոխում:

- Արմատականների ներկայությունը խորհրդարանում իսկապես շահեկան կարող է լինել. ի վերջո` նրանք անփորձ չեն ու մտավորականներ են:

- Այո´: Եվ մեր իշխանության մեծագույն առավելությունն այն կլինի, որ կարողանանք շահեկան հարցադրումը, ճշմարիտ խոսքը տարբերել պոպուլիզմից, կեղծ մեղադրանքներից ու դա օգտագործել երկրի առաջընթացի, զարգացման համար: Հրապարակային ելույթների առումով ընդդիմությունը մի առավելություն ունի. ամեն ինչ կարող է պահանջել, խոստանալ և ձախողումի կամ խոստումն իրականացնելու օբյեկտիվ անհնարինության համար պատասխանատվություն չկրել: Մինչդեռ իշխանությունը պարտավոր է ավելի իրատես լինել. չի կարող հայտարարություններ անել, որոնք տվյալ պահին անիրականանալի են: Ավելին, երբեմն էլ իշխանությունը պարտավոր է շատ ավելին անել, բայց չհայտարարել:

- Մտավոր ներուժ ունեցող ընդդիմությունը նաև անհրաժեշտ է` իշխանություններին մղելու, է´լ ավելի շահագրգռելու, միշտ զգոն պահելու և, ինչո՞ւ չէ` նաև հուշելու առումով:

- Արդեն ասացի, որ մենք պարտավոր ենք հաշվի առնել խելացի, պետականաշահ առաջարկները: Իզուր չէ ասված` ուժեղ է այն իշխանությունը, որն ունի ուժեղ ընդդիմություն: Ես կարծում եմ` եթե մեր ընդդիմությունը կարողանա դասական ընդդիմության դեր խաղալ, նա կնպաստի Հայաստան պետության ուժեղացմանն ու հզորացմանը: