«ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ»


 

Կառավարությունը որոշել է թանկացնել հակակարկտային կայանների տարեկան սպասարկումների գները: Մինչև այժմ համայնքապետարանները վճարել են 250 հազար դրամ, իսկ ահա նոր որոշմամբ` այս գումարը կրկնապատկվելու է: Ստացվում է, որ շատ գյուղեր կարող են հրաժարվել հակակարկտային կայաններից` ի զորու չլինելով վճարել պահանջվող գումարը:

Թե ով է այս «հանճարեղ» որոշման հեղինակը` չգիտենք, սակայն տեղյակ ենք, որ կառավարությունը որոշել է ստեղծել բոլոր հակակարկտային կայանները համակարգող ՊՈԱԿ և հատուկ սարքի միջոցով ցրել ամպերը. սարքի գինը մոտ երկու միլիոն եվրո է: Ուրեմն, այդ ՊՈԱԿ-ի ստեղծման համար էլ թանկացնում են ծառայությունները…

Ինչպես տեղեկացանք, մի շարք համայնքներ արդեն կամենում են հրաժարվել կայաններից, որովհետև թանկացումները խառնում են նրանց բոլոր հաշիվները: Մենք խոսում ենք օրավուր հետընթաց ապրող գյուղատնտեսության, կարկուտների պատճառած վնասների մասին, իսկ ահա որոշ «իմաստուն գլուխներ» կտրում են նաև հակակարկտային կայաններից օգտվելու և սեփական բերքը փրկելու գյուղացու վերջին հույսն էլ…