Որ «ավելորդ» երեխաներ չծնվեն


 

Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանն իր քաղաքացիներին նախազգուշացրել է, որ առաջիկայում երկրի իշխանությունները կարող են ամեն ընտանիքում երեխաների քանակը կանոնակարգող օրենք ընդունել: Նրա խոսքերով` եթե խիստ հսկողություն չսահմանվի ծնելիության վրա` Նիգերիայի ապագան կարող է սպառնալիքի ներքո հայտնվել:

Առաջնորդը երկրի ամենասուր խնդիրն է համարում դա: Որպես կանոն` ամենաշատ երեխաները ծնվում են անկիրթ, անուսում ընտանիքներում:

ՄԱԿ-ի հաշվարկներով` 2050 թ. Նիգերիայի բնակչությունը 140 միլիոնից կարող է հասնել 400 միլիոնի: Այս պետությունն ամենախիտ բնակեցվածն է Աֆրիկայում:

Նախկինում փորձ էր արվել` ամեն ընտանիքում բավարարվել 2 երեխայով: Սակայն իշխանությունների հորդորները որևէ ազդեցություն չունեցան: Գուդլակ Ջոնաթանը հիմա էլ խոստովանում է, որ ծնելիության վերահսկողությունը կամ սահմանափակման փորձերը մեծագույն դժվարություններ են հարուցելու կառավարության առջև: Այստեղ ապրում են համաշխարհային հիմնական բոլոր կրոնները դավանող մարդիկ:

- Մենք հասկանում ենք, որ երեխաները մեզ տրվում են Աստծո կողմից: Բայց, չնայած դրան` կառավարությունը ստիպված է դիմել այդքան խիստ միջոցների` հանուն երկրի փրկության,- իր որոշումը բացատրել է Ջոնաթանը:

Սպասվում է, որ ծնելիությունը կանոնակարգող օրենքը կքննարկվի այս ամիս:

Իսկապես արտասովոր իրավիճակ է: «Ավելորդ» երեխաներ չեն լինում, ու ոչ մի իշխանավոր գոնե ընտանիքների բազմացման հարցերը չպետք է կանոնակարգի: Նիգերիայում էլ դա ընդունում են, բայց գիտակցաբար փորձում են հրաժարվել «Աստծո կողմից տրվող» երեխաներից, որոնք... վտանգում են երկրի ապագան: