ՍԵՓԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ


 

Հայաստանի Հանրապետությունում միասնական քննությունների նպատակն էր չծանրաբեռնել շրջանավարտներին, չպարտադրել երկու ամսում երկու պետական քննություն հանձնել, բարձրացնել դպրոցների դերը և ստեղծել գնահատումների միասնական համակարգ: Եվ հենց այդպես էլ գործում են մեր բուհերը` միասնական քննությունների գնահատականները համարելով ընդունելության գնահատականներ: Իհարկե, բացառություն են կազմում ներբուհական քննությունները, որոնք անց են կացվում առանձին մասնագիտությունների գծով: Սակայն, չգիտես ինչ տրամաբանությամբ, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, որը պատկանում է Արթուր Բաղդասարյանին, որոշել է արհամարհել Հայաստանում հաստատված սկզբունքները, միասնական քննությունների գնահատականներն ու կազմակերպել սեփական քննություններ այն առարկաներից, որոնք արդեն շրջանավարտները հանձնել են: Ըստ էության, բոլորի աչքի առջև այս ակադեմիան խախտում է ընդունելության քննությունների հաստատված սկզբունքները և նաև զբաղվում դրամաշորթությամբ` յուրաքանչյուր քննության համար դիմորդներից պահանջելով 2 հազար 500 դրամ, երբ երկրում սահմանվել է 1500 դրամը: Ընդորում, այս ամենը տեղի է ունենում խաբեությամբ, դիմորդներին ապակողմնորոշելով, մարզերի մասնաճյուղերի դիմորդներին բերելով Երևան և ստիպելով ծախսել ավելորդ գումարներ:

Ինչպես մենք տեղեկացանք, հունիսի 4-ին կազմակերպված քննություններն անց են կացվում խառնափնթորության մեջ, պատմություն առարկայի հարցաթերթիկներն ունեցել են տպագրական անփութություններ, քննություն հանձնողներին տրվել են թերթիկներ` առանց տեքստի: Էլ չենք խոսում այն մասին, որ որոշ դիմորդներ անարգել արտագրել են` օգտվելով վաղօրոք նստարանների տակ դրված պատասխաններից: Եվրոպական ակադեմիան իր կայքում մանրամասնորեն ներկայացրել է մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունվելու պայմանները, սակայն այնտեղ բացակայում են բակալավրիատի ընդունելության պայմանները, իսկ սա նշանակում է, որ այստեղ ևս գործում են այն կանոններն ու սկզբունքները, որոնք ընդունելի են ողջ հանրապետությունում: Մանավանդ որ «ԵՏԱ-ն միջպետական բուհ է, ստեղծվել է եվրոպական մի շարք երկրների կրթական հաստատությունների հետ կնքված պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կառավարության 2001 թ. հոկտեմբերի 15_ի N 978 որոշմամբ: ՀՀ կառավարությունը հանդիսանում է ԵՏԱ-ի հիմնադիր կողմ: Այժմ հարց է ծագում. մի՞թե Կրթության և գիտության նախարարությունում տեղյակ չեն, թե ինչ ինքնիրավչությամբ է հանդես գալիս այս բուհը և ինչպես է ոտնահարում դիմորդների իրավունքները, ովքեր միայն քննությունների ժամանակ են տեղեկանում, որ հանձնում են ընդունելության քննություններ` հայտնվելով տարակույսների մեջ: Այդ դեպքում, ինչո՞ւ են մասնակցել միասնական քննությունների, ինչո՞ւ են ԵՏԱ ընդունող հանձնաժողովին ներկայացնում միասնական քննությունների գնահատականները:

Հուսանք, որ Կրթության և գիտության նախարարությունը կզբաղվի այս խնդրի պարզաբանմամբ և թույլ չի տա, որ կրթության ոլորտում էլ ոմանք հաստատեն ամենաթողությունը:

Լ.Մ.