Որպեսզի չկրկնվի «Հարսնաքարը»


 

 

Հասարակության ողջախոհ զանգվածը դեռ երկար ուշքի չի գա «Հարսնաքար» ռեստորանային համալիր կոչվող հաստատությունում հունիսի 17-ին տեղի ունեցած մղձավանջից, երբ անվտանգության աշխատակիցներ անվանյալ հրոսակախմբի կողմից ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու հետևանքով հունիսի 29-ին հիվանդանոցում մահացավ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Եվ ամբողջ ցավն այն է, որ անվարկանիշ և իրենց վարքուբարքով ժողովրդի հակակրանքին արժանացած ամենախայտաբղետ մականունավորների «անվտանգությունը պաշտպանող» թիկնազորերն այսօր` անգամ «Հարսնաքարի» ողբերգությունից հետո, դարձյալ վտանգ են ներկայացնում, և, ավելին` նման են չպայթած ականների: Որովհետև, ի՞նչ երաշխիք, որ վաղը կամ երկու ամիս անց մի ուրիշ խումբ անկիրթ ու հաստավիզ թիկնապահների մասնակցությամբ համանման մի սպանդ էլ տեղի չի ունենա մեր ռեստորանառատ հայրենիքի մեկ այլ «համբավավոր» օբյեկտում:

Որպեսզի չկրկնվի «Հարսնաքարը»

Խնդրի լուծումը, մեր համոզմամբ, մեկն է` ամենաբարձր մակարդակով և հնարավորինս արագ պետք է կասեցվի «անվտանգություն պաշտպանող» թիկնազորերի «ինստիտուտի» հանցավոր հաղթարշավը:

Պետք է վերջ տրվի ամենաթողությանը և դաշտն ամբողջությամբ հանձնվի պետական լուրջ կառույցի` հասարակության անվտանգության երաշխավոր ոստիկանությունը: Ոստիկանությունը, փառք Աստծո, ինչպես ցույց է տալիս ժամանակը, վերջին շրջանում լիովին տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին և հաջողությամբ կարգուկանոն է հաստատում անգամ տարիներ շարունակ նախկին ոստիկանապետերի ուժերից վեր և վերահսկողությունից դուրս համարվող կամ նրանց կողմից հովանավորվող անձանց տարածքներում: Հետևապես, թիկնազորի աշխատակիցները պարտադիր պիտի լինեն ոստիկանության ծառայողներ, մարզված և միևնույն ժամանակ` բարեկիրթ ու համբերատար մարդիկ, ովքեր պայմանագրային հիմունքներով կարող են պաշտպանել և´ անձանց անվտանգությունը, և´ տարածքների ապահովությունն ու կարգուկանոնը: Այլապես «Հարսնաքարի» շոշափուկները ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնելու, ինչպես ստորև ներկայացվող դեպքերում, որոնց հետքերով վերջին շրջանում գնացել են ոստիկանության աշխատակիցները:

Այսպես, գիշերը, ժամը 23.45-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Քուուլ» կարաոկե ակումբում վիճաբանություն է, և կրակում են:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 7-8 անհայտ անձինք ակումբի բացօթյա հատվածում վիճաբանել են ակումբի տնօրեն Նաիրա Բ.-ի հետ, որից հետո հրազենից կրակել են նրան պատկանող ակումբի դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա և դիմել են փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի մոտակայքից հայտնաբերվել և առգրավվել է 5 պարկուճ և 1 գնդակ:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված անձինք Նաիրա Բ.-ի ավտոմեքենայի սրահից հափշտակել են նրան պատկանող «Վոլտրան» ատրճանակն ու դրանով կրակել ավտոմեքենայի վրա:

Ոստիկանության ծառայողներին հաջողվել է հայտնաբերել 1969 թ. ծնված Արթուր Բարսեղյանին: Պարզվել է, որ նա է կրակել մեքենայի վրա և Չարենցի փողոցի թիվ 76 հասցեում գտնվող «Բիլայնի» գրասենյակին մերձակա խոտածածկ հատվածից ներկայացրել է նշված ատրճանակը` լիցքավորած 8 փամփուշտներով և մեկ այլ ատրճանակ` առանց փամփուշտների:

Հաջորդ դեպքն արձանագրվել է ոստիկանության Սպիտակի բաժնում: Գիշերը Ղուրսալ գյուղում գտնվող «Պանտերա» գիշերային ակումբում վիճաբանություն էր տեղի ունեցել: Ահազանգով մեկնած ոստիկանները պարզել են, որ ակումբի սրահում վիճաբանություն է տեղի ունեցել, 1987 թ. ծնված Արման Աբրահամյանի, 1988 թ. ծնված Ապավեն Քոչինյանի և 4 անհայտ անձանց միջև, որից հետո վիճաբանությունը շարունակվել է ակումբի բակում: Այնտեղ վերջիններս շուրջ 10-15 րոպե հայհոյել են և վնասվածքներ հասցրել միմյանց, խախտել հասարակական կարգը, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Ի վերջո, բոլոր կարգազանցները հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանություն: Պարզվել է դեպքի վայրից փախուստի դիմած 4 անհայտ անձանց ինքնությունը. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի վարորդ, 1966 թ. ծնված Մարատ Ալոյան, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտորի վարորդ, 1981 թ. ծնված Արեն Սարգսյան, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ավտոբուսի վարորդ, 1949 թ. ծնված Գագիկ Զաքարյան և 1985 թ. ծնված Գագիկ Սարգսյան:

Համանման հանցագործության մեկ այլ դեպք էլ արձանագրվել է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: Ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քաջարանի «Էրատո» գիշերային ակումբում Իրանի Հանրապետության երկու քաղաքացի խուլիգանական արարքներ են կատարում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1984 թ. ծնված Մեհդի Սաիդիխեթունին և 1985 թ. ծնված Նասեր Սաիդխաթունին հարբած վիճակում այցելել են ակումբ, որտեղ երկու պարուհիների` Աիդա Ե.-ի և Սեդա Ս.-ի նկատմամբ թույլ են տվել խուլիգանական արարքներ, վիճաբանել են նրանց հետ: Այդ ընթացքում ջարդել են սպասքն ու քաշքշել վեճին միջամտած տնօրենին, պոկել նրա պարանոցի ոսկյա շղթան և չեն ենթարկվել դեպքի վայր ժամանած ոստիկանների օրինական պահանջներին: Այնուհետև գիշերային ակումբի բակում Մ. Սաիդիխեթունին գլխով հարվածել է Ն. Սաիդխաթունիի դեմքին` պատճառելով վնասվածք: Վերջինս էլ ձեռքով հարվածել է Քաջարանի բաժանմունքի բակում կայանված, նույն բաժանմունքի հերթապահի օգնականի ավտոմեքենայի թափքին` պատճառելով գույքային վնաս:

Համանման դեպքեր շատ են արձանագրվում, իսկ հետևությունը մեկն է` եթե նշված հաստատությունների տերերը օրենքով սահմանված կարգով պայմանագրեր կնքեին ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ, և հատկապես գիշերային ժամերին այդ օբյեկտներում ծառայություն կատարեն ոստիկանության ծառայողները, ապա գրեթե կբացառվեին նմանօրինակ աղմկալի դեպքերը: