Հյուսթոն-շոու


 

Ուիթնի Հյուսթոնի հարազատները մտադրվել են փրկել երգչուհու դստերը` Բոբբի Քրիստինա Բրաունին` նրան դարձնելով հեռուստատեսային «Հյուսթոն ընտանիքի տարեգրությունը» իրական շոուի հերոսուհի: Շատերի հավաստմամբ` աղջիկը ևս տառապում է թմրամոլությամբ: Հեռուստաշոուի կազմակերպումը հեղինակներից զատ նաև Ուիթնիի մոր` Սիսի Հյուսթոնի նախաձեռնությունն է: Նրանք ցանկանում են ներկայացնել 19-ամյա աղջնակին, ով զրկվել է ամենահարազատ մարդուց: Շոուի ընթացքում տեսախցիկներն անընդհատ «հետևելու» են Հյուսթոն ընտանիքի բոլոր անդամներին: Նախատեսվում է ցույց տալ, թե «ինչպես է աղջիկը նայում աշխարհին` կորցնելով ամենահարազատ մարդուն», սակայն հայտնի չէ, կբարձրաձայնե՞ն արդյոք աղջկա կյանքի ոչ այնքան աչք շոյող մանրամասների մասին: Օրինակ` այն մասին, որ նա վաղուց թմրամոլ է:

Հիշեցնենք, որ 1993-ի մարտի 4-ին ծնված Բոբբի Քրիստինա Հյուսթոն- Բրաունը աշխարհահռչակ երգչուհու և նրա նախկին ամուսնու` Բոբբի Բրաունի միակ զավակն է: Ամուսնալուծությունից հետո աղջկա խնամքն իր վրա էր վերցրել Ուիթնին, քանի որ ամուսինը զրկված էր այդ իրավունքից` հարբեցողության պատճառով: