ՀԱԿ-Ն ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ՞


Ընդդիմության վերջին հանրահավաքից առաջ սպասում կար, թե հնչելու են նոր տեսակետներ ու նոր մոտեցումների հրահանգներ, և ընդդիմությունը ներկայացնելու է հետագա անելիքների ծրագիր... Սակայն հանրահավաքում հետաքրքրություն չծնեց նույնիսկ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որի «ամենակարևոր» միտքն այն էր, թե Կազանում ինչ-որ վատ բան է տեղի ունեցել, սակայն ինքը չի կարող խոսել դրա մասին ու գնահատել, որովհետև չունի համապատասխան տեղեկատվություն... Հանրահավաքի սցենարը փոփոխություն չկրեց նաև կազմակերպված երթից հետո, և բոլորը բաժանվեցին` մեկ ամիս անց նույն հրապարակում հավաքվելու կոչով: Տպավորությունն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչներին ազատազրկման վայրերից տուն դարձնելուց հետո` ընդդիմությունն այլևս անելիք չունի: Ճգնաժամը, որն այսօր ընդդիմության գործունեության գլխավոր բնութագրիչն է դարձել, վաղուց սպասված էր: Սպասված, որովհետև երբ իշխանությունները հայտնեցին երկխոսելու իրենց պատրաստակամությունը, ակնհայտ դարձավ, որ ընդդիմությունը հայտնվեց փակուղային վիճակում: Իշխանություններն, անտարակույս, չեն կարող հպարտանալ տնտեսության, սոցիալական ոլորտում և արտաքին քաղաքականության մեջ արձանագրված մեծ հաջողություններով, չեն կարող հայտարարել, թե երկրի համար գլխավոր դարձած` Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մեջ գրանցել են այնպիսի ձեռքբերումներ, որոնք կարող են հնարավորություն տալ մտածելու նոր քայլերի, արվածի խորքային գնահատումների մասին: Մասնավորաբար մի շարք ոլորտներում առկա դարձած հետընթացը, չդադարող արտագաղթը, երկրի արդյունաբերացման ասպարեզում տակավին գլխավոր չդարձած միտումները իշխանությունների բացթողումներն են, որոնք ունեն իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Այս ամենին գումարվում է մարտի 1-ի գործի քննության անկատարությունը: Սակայն սրանք այն «կրիտիկական» հանգրվանները չեն, որոնք հրամայական դարձնեն իշխանափոխության անհրաժեշտությունը և օրակարգային առաջնություն հաղորդեն արտահերթ ընտրություններին: Ընդդիմությունը, որքան էլ հրապարակավ չի խոստովանում, այնուհանդերձ շատ լավ գիտակցում է այս մասին: Գիտակցում է նաև, որ չունի համապատասխան ռեսուրսը ծրագրի, գործառութային քաղաքականության և կադրերի առումով: Այսօր ընդդիմության առաջատարների շարքերում են հայտնվել նրանք, ովքեր, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի, ունեցել են իշխանություն, լծակներ, ում հանձնված է եղել երկրի ճակատագիրը: «Հեղափոխական հարթակին» նույն դեմքերի հայտնվելը վկայությունն է այն բանի, որ ընդդիմությունը տարիների ընթացքում մղվել է դեպի լճացում` հնարավորություն չընձեռելով սերնդափոխությանը: Այլևս չկարողանալով առաջադրել նոր մտքեր ու իրավիճակը փոխելուն միտված գաղափարաբանություն` ՀԱԿ-ն անցել է մյուս ընդդիմադիր ուժերի «փոշիացմանը»` ամենաթունդ կերպով քննադատելով Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգությանը», որը նույնպես չունի մեծ ու գլոբալ ծրագիր և բավարարվում է սոցիալական իրավիճակի քննադատությամբ: ՀԱԿ-ը ելավ նաև Արամ Կարապետյանի ու նրա գրեթե չգոյացած «Նոր ժամանակների» դեմ` պնդելով, թե այն իշխանությունների հետ ունի ինչ-ինչ պայմանավորվածություններ, որոնք ոչ թե ծրագրային են, այլ` իրավիճակային: Այսօր ՀԱԿ-ին միայն ու միայն մտահոգում է ապագա խորհրդարանում տեղեր զբաղեցնելու խնդիրը, պատգամավորական մանդատներ ստանալու հարցը, հանուն ինչի էլ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղուժը վերածվել է անկենդան մի մարմնի, որն արդեն իսկ սկսել է իր ընտրարշավը: Պատահական չէ, որ օրավուր փոփոխվում են ընդդիմությանն իբր հատկացվելիք տեղերի քանակն ու նրա հանդեպ գոյություն ունեցող վերաբերմունքը: Եթե տարեսկզբին իշխանական ճամբարից կարծիքներ էին հնչում, թե ընդդիմությունը խորհրդարանում կունենա մոտ 15 տեղ, ապա այսօր արդեն այդ թիվը դարձել է 20: Հիմա Հայ ազգային կոնգրեսը չի ուզում կորցնել դեռ իրեն հավատացող զանգվածը, բայց նաև չի կարողանում խոհեմ քայլերով օգտագործել այդ զանգվածի աջակցությունը: Ուրեմն, մեկ ամիս հետո կայանալիք հանրահավաքին ոչ թե 4 հազար մարդ կմասնակցի, այլ` 2 հազար: ՀԱԿ-ը գուցե թեթևացած շունչ քաշի, որ ազատվում է մեծ պատասխանատվությունից և ինքնագոհ կանգնի «հեղափոխական հարթակին»` երազելով այն օրվա մասին, երբ այսպես` նույն դեմքերով, կմտնի խորհրդարան: Իսկ խորհրդարանում շատ ավելի տպավորիչ կհնչեն ընդդիմադիր հայտարարությունները...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ