1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Շուրջ 40 տարի առաջ կառուցված Բաքվի առաջին 16 հարկանի բարձրահարկը տեղական իշխանություններն օրերս հողին են հավասարեցրել: Իլհամ Ալիևը հանկարծ գլխի է ընկել, որ այս շենքի բնակարանների պատուհաններից իր նստավայրի նոր բակը լավ է երևում, իսկ բնակիչների շրջանում իր անցուդարձի հանդեպ հետաքրքրա սերների պակաս չի զգացվում: 16 հարկանի շենքի 84 ընտանիքներից 50¬ին արդեն տարհանել են, իսկ անհնազանդները, որոնք ապամոնտաժվող կառույցում շարունակում են իրենց իրավունքների համար պայքարել, զրկել են լույսից, գազից, ջրից: Ժողովրդի իրավունքները պաշտպանողների բողոքները, ինչպես և սպասելի էր, որևէ մեկը չի ցանկանում լսել: Ավելին, վերջիններիս հասցեին արդեն իսկ սպառնալիքներ են հնչում, և չի բացառվում, որ նրանց դեմ հայտնի մեթոդներով ճնշումներ իրականացվեն: Բաքվի լրատվամիջոցները նշում են, որ հակառակ Հեյդարօղլու զգուշավորությանը` վերջերս բացահայտվել է Ալիևների ընտանիքին` այս դեպքում Իլհամի դուստրերին պատկանող հերթական խոշոր ընկերությունը: Պարզվել է, որ Պանամայում գրանցված հոլդինգը պատկանում է Լեյլա և Արզու Ալիևաներին: Թեև փաստաթղթերում տարբեր փայատերերի անուններ և նույնիսկ համապատասխան բաժնեմասերի տոկոսներ են նշված, սակայն «Հանուն Ադրբեջանի» կարգախոսով գործող կառույցը պատկանում է միմիայն նախագահի ընտանիքին: Այն զբաղվում է բնակարանաշինությամբ, տուրիզմով, բանկային գործով, նավթի և գազի բիզնեսով, առևտրով և... ընդհանրապես ողջ Ադրբեջանով: Հենց բացահայտման խոշորամասշտաբ լինելն է հունից հանել Իլհամին, և ասում են, թե նա որոշել է ոչ միայն ծայրահեղ զգուշավոր, այլ նաև ավելի անհանդուրժող լինել իր և Ալիևների ընտանիքով հետաքրքրվող ցանկացածի հանդեպ: Այդ թվում նաև` նստավայրի նոր բակի անցուդարձի ակամա հանդիսատեսները դարձած բարձրահարկի բնակիչների: