21-րդ դարի հրամայականը


Հզոր, ժամանակակից ռազմական պահանջներին համապատասխանող զինված ուժեր ունենալը մեր երկրի համար եղել և մնում է առաջնահերթ անհրաժեշտություն, հատկապես աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում: Բանակի մարտունակության բարձրացմանը, կատարելագործմանը միտված որոնումները մշտապես ուշադրութ յան կենտրոնում են, ձեռնարկվող քայլերը` շարունակական: ՀՀ զինված ուժերի պաշտպանական բարեփոխումներն արդյունավետ կերպով իրականացվում են դեռ 2005-ից: Դրանց շրջանակներում էր 2008-ին մեկնարկած ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը, որն առաջին հերթին նպատակաուղղված էր Ազգային անվտանգությանն սպառնացող ռիսկերի, մարտահրավերների բացահայտմանը, վերլուծությանը, գնահատմանը: Անցյալ շաբաթ ամփոփվեցին ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեութ յան արդյունքները: Գնահատելով համատեղ ջանքերը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց. - Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մի ուշագրավ գործընթաց էր, երբ պաշտպանության և անվտանգության ապահովման գործում դերակատարում ունեցող պետական կառավարման բոլոր մարմինների միասնական ջանքերն ուղղորդվեցին պաշտպանության համակարգը երկրի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին համապատասխանեցնելու և այդ միջավայրից բխող սպառնալիքների հետ հավասարակշռելու գործին: Միահամուռ կերպով նման աշխատանքների կատարումը 21-րդ դարի հրամայականն է, քանի որ միայն ազգային հզորության 4 գործիքների` դիվանագիտական, ռազմական, տնտեսական և տեղեկատվական ներուժի համադրմամբ կարող ենք լիարժեք ապահովել պետության անվտանգությունը: ... Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի առանձին փուլերի ընթացքում ի հայտ բերվեցին Հայաստանին սպառնացող արտաքին և ներքին սպառնալիքները, որոնք բազմազան էին` սկսած հարևան պետության կողմից լայնածավալ պատերազմից, հարևան երկրներում հակամարտություն ներից և վերջացրած տեխնածին աղետներով ու ժողովրդագրական ցուցանիշների անկումով: Այնուհետև կատարվեց այդ սպառնալիքների վերլուծություն` Հայաստանի վրա դրանց ազդեցության չափի, սպառնալիքի իրականացման հավանականության և դրան հակազդելու մեր ունակության առումներով: Մշակվեցին նաև սպառնալիքների իրականացման դեպքում զարգացման հավանական սցենարները և ռազմավարական պլանավորման նկատառումները: Ընդ որում, մշակվեցին այդ նկատառումների երկու տրամագծորեն տարբեր ենթախմբեր: Առաջին ենթախումբը ենթադրում էր, որ միջնաժամկետ հեռանկարում` այսինքն մինչև 2015թ., պահպանվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հաստատված ստատուս քվոն: Դրան հակառակ, երկրորդ ենթախումբը դիտարկում էր հակամարտության խաղաղ հանգուցալուծման հնարավորությունը: Դրա հիման վրա ռազմավարական պլանավորման երկու ենթախմբերը ենթադրում են ՀՀ Զինված ուժերի թվաքանակի և տեղակայման, առաջադրված խնդիրների և համալրման հարցերի, ինչպես նաև Հայաստանի ֆինանսատնտեսական իրավիճակի վերաբերյալ երկու տարբեր մոտեցումներ: - Այս բոլոր աշխատանքներն իրականացվեցին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մանրակրկիտ համակարգման և վերահսկողության պայմաններում: Չեմ ցանկանում առանձնացնել որևէ գերատեսչություն, քանի որ նրանցից յուրաքանչյուրն աշխատանքի այս կամ այն փուլում նշանակալի ջանքեր գործադրեց մեր այս ընդհանուր ձեռնարկի հաջող ավարտի համար: Հատուկ ցանկանում եմ ընդգծել մեր միջազգային խորհրդատուների` պաշտոնաթող գեներալ- մայոր Ջ. Դրևինկևիչի, դոկտոր Անտոնիուս Բերնարդսի և դոկտոր Տիֆանի Պեդրոսի անգնահատելի ավանդը: Նրանք մեր կողքին էին գործընթացի մեկնարկից մինչև ավարտը` ցուցաբերելով ոչ միայն բացառիկ իմաստություն և պրոֆեսիոնալիզմ, այլև գործին անձնական նվիրվածություն: Ի դեպ, հրապարակվել են վերանայման աշխատանքների ոչ գաղտնի արդյունքները: ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն ու արդյունք ները ներկայացնող հանրային իրազեկման փաստաթուղթը հասանելի է Պաշտպանության նախարարության կայքէջում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ