88 ՏԱՐԻ ԵՎ ՄԵԿ ԱՄԻՍ


ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր Ռաֆայել ՋՐԲԱՇՅԱՆԸ հայ թատերական արվեստի երևելիներից է, ապրող դասական, ում վաստակը չափազանց մեծ է թատերական կրթության ասպարզում: Նա միակն է մնացել Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից, ով դասավանդում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` շարունակելով իր մեծ ուսուցիչ` Վավիկ Վարդանյանի ավանդույթները: Մոտ մեկ ամիս առաջ մեր թատերական կրթության նահապետը դարձավ 88 տարեկան: - Պարոն Ջրբաշյան, 88 տարին հոբելյանական չի համարվում, սակայն երկու 8-ի համադրությունն ինքնին հետաքրքիր է: Ձեր հոդվածներից մեկում շատ տարիներ առաջ գրել եք, թե Դուք ծննդյան օր չունեք: Ինչու՞: - Իմ այդ հայտարարության մեջ իմ սերնդի ողբերգությունն է: Իմ արմատները գալիս են Վանից: Եղեռնից հետո ծնողներս բնակություն են հաստատել Հյուսիսային Կովկասում` Պյատիգորսկում: Հրաշալի բակ ունեինք, ուր ապրում էին հիմնականում Վանը թողած մարդիկ, ովքեր միշտ կարոտով էին խոսում կորուսյալ հայրենիքի մասին: 1937 թ. հունիսի 15-ին պատրաստվում էինք նշել իմ ծննդյան օրը: Արդեն մեր տանը սկսել էին հավաքվել մեր բարեկամներն ու հարևանները: Եվ հանկարծ` ուրախությունը մթագնեց. մեր տուն եկան համազգեստավոր մարդիկ և տարան հորս: Օրեր շարունակ մայրս բախում էր ամենատարբեր դռներ` գտնելու հորս, պարզելու, թե ինչ էր տեղի ունեցել: Սակայն սկզբում մենք ոչինչ չիմացանք, իսկ հետո արդեն տեղեկացանք, որ հայրս «ժողովրդի թշնամի» է… Միայն 1953-ից հետո հայրս արդարացվեց, բայց նա շատ վաղուց արդեն գնդակահարվել էր: Հորս ձերբակալելուց հետո ես ջնջեցի իմ ծննդյան օրը: Երբեք չեմ նշել, երբեք չեմ կամեցել հիշել, որովհետև դա իմ կյանքի ամենաողբերգական օրն էր: Իմ շատ սերնդակիցներ ինձ կհասկանան,: Հիմա, երբ ոմանք խոսում են ստալինիզմի մասին, անգամ կարոտախտ ապրում` ես զարմանքով եմ նայում այդ մարդկանց, չեմ կարողանում հասկանալ նրանց տրամաբանությունը: Ես շատ երկար եմ ապրել, այո, 88 տարեկան եմ, բայց երբեք չեմ կարողանում մոռանալ այդ օրը, որովհետև այդ օրվա մեջ մի մեծ երկրի պատմությունն է: - «Ժողովրդի թշնամի» կոչվածներից շատերի ընտանիքներն էլ մեծ ողբերգություններ ապրեցին, հալածվեցին: Բայց կարծես թե Ձեր կյանքը բարեհաջող ընթացք է ունեցել: - Դա խիստ պայմանական է ասված: Ես և հորեղբորս որդին` կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանը, մեր մաշկի վրա ենք զգացել մեծագույն դառնություններ ու ճնշումներ: Կյանքն ինձ տարավ Թբիլիսի, ուր սովորեցի Պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց բանասիրության բաժնում: Հետո եկա Երևան, սովորեցի Թատերական ինստիտուտում: Սովորելուն զուգընթաց` աշխատել եմ օպերային թատրոնում: Մենք ֆինանսական աջակցություն ցուցաբերողներ չունեինք, ինքներս պետք է կարողանա յինք վաստակել, ապրել, պայքարել: Իմ առաջին բեմադրությունը, որն իրականացրեցի Արտաշատի թատրոնում, շատ լավ ընդունելություն գտավ, բայց ես երկար ժամանակ չկարողացա զբաղվել իմ մասնագիտությամբ: Երևանի դպրոցներում ռուսաց լեզու և գրականություն էի դասավանդում: Կարծում եմ, որ այստեղ դեր էր խաղում նաև բռնադատվածի զավակ լինելս: Դեռ կար Ստալինը, իսկ նրանից հետո ժամանակ էր պետք, որպեսզի վերանայվեին այն անմեղների գործերը, ովքեր մահապատժի էին ենթարկվել: Շատերը զգուշանում էին աշխատանք տալ իմ նմաններին: Հետո, իհարկե, դժվարություններ էլի ունեցա, սակայն ճակատագիրը բախեց իմ դուռը, և ես հայտնվեցի Թատերական ինստիտուտում` որպես դասախոս, կանգնեցի իմ ուսուցիչ Վավիկ Վարդանյանի կողքին, համատեղ ստեղծեցինք Դարգինյան ստուդիան, իսկ 1967-ից հետո, երբ այլևս չկար այդ հրաշալի մարդն ու կազմակերպիչը` ես սկսեցի ինքնուրույնաբար ղեկավարել ռեժիսորական արվեստանոցներ: - Դուք մոտ վեց տասնյակ պիեսներ եք բեմադրել արհեստավարժ թատրոններում: Բազմաթիվ են նաև ուսանողական բեմերում իրականացրած Ձեր բեմադրությունները, բայց ստացվել է այնպես, որ շատ քիչ եք թատրոններ ղեկավարել: - Ես ղեկավարել եմ Արտաշատի Ամո Խարազյանի և Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնները, բեմադրություններ եմ արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վ. Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան և այլ թատրոններում: Բայց, իհարկե, պետք է թատրոն ղեկավարել, պետք է ունենալ սեփական ստեղծագործական ծրագրերի իրականացման հնարավորություն: Իմ կյանքն արվեստում էլ է դժվար եղել: Ինքնահաստատման, ուրույն ծրագրերի կենսագործման համար ես մեծ կռիվներ եմ մղել: Այդ ամենի մասին գրել եմ իմ գրքերում, հոդվածներում: Ես լավ եմ հասկանում, թե ինչ ասել է կռիվ` գոյության համար: Ֆիզիկական գոյության համար կռիվն այլ է, այլ է ստեղծագործական գոյության կռիվը: Ես միշտ իմ ուսանողներին հորդորում եմ ուժեղ ու կամային լինել, չընկրկել դժվարությունների առջև, չհուսահատվել: Ինձ շատ են խանգարել, շատ են վնասել: Երբեմն իմ արածներն իրենց են վերագրել, երբեմն էլ անհանդուրժող են եղել այն պատճառով, որ ես աշխարհահռչակ չեմ եղել, շատ նշանավոր չեմ եղել: Իսկ մեր որոշ հեղինակներ, անկախ իրենց տաղանդի չափից, միշտ կամեցել են, որ իրենց ստեղծագործությունները նշանավորները բեմադրեն: Դժվար է արվեստի ճանապարհը, բարդ, ինքնատիպ: Ոմանց թվում է, թե ամեն ինչ հեշտ է, թե մեկ-երկու փոքրիկ հաջողություն` և ամեն ինչ հարթ կընթանա: Բայց իրականությունն այլ է: Պետք է կռվել ու պայքարել, պետք է այնպիսի տեսադրույթներով հանդես գալ, որ դժվար լինի քեզ հաղթելը: - Հիմա դուք 88 տարեկան եք, բայց զառամյալ ծերունի չեք, որովհետև գիտեմ, որ շատ եք քայլում, անգամ օրական մի քանի կիլոմետր եք անցնում: Եվ, այնուամենայնիվ, դժվա՞ր չէ այսօր դասավանդել մի սերնդի, ում արժեհամակարգերը փոխվել են: - Ես երբեմն խորը հիասթափություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ովքեր են գալիս մեր ինստիտուտ, թե ումով ենք համալրում արվեստանոցները: Պատահական մարդիկ ամեն տեղ էլ կան, մեզ մոտ` նույնպես: Եվ նրանց արժեհամակարգերն են փոխված, մի տեսակ անընդունելի դարձած: Չեմ հիասթափվում: Փառք Աստծո, թատերական արվեստում կան չափանիշներ, կան ակադեմիական կրթության ձևեր ու եղանակներ, որոնք էլ դաստիարակում են ապագա արվեստագետին: Ես երբեք չեմ բռնացել իմ ուսանողների ազատ մտածողության վրա, չեմ կաշկանդել, սակայն միշտ ձգտել եմ նրանց տալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է արվեստագետ լինելու համար: Հենց դրանց մեջ էլ այն արժեհամակարգերն են, որոնց մասին ես փորձում եմ պատկերացումներ ձևավորել: Այսօր հատկապես հեշտ չէ խոսել արժեհամակարգերի մասին, որովհետև դրանք գտնվում են խառնիփնթոր վիճակում: Անհրաժեշտ եմ համարում աստիճանաբար նրանց ուղղորդել դեպի այն արժեքները, որոնք ինքս համարում եմ ուղենիշային: Եվ շատերը հասկանում են ինձ, ինձ հետ համաքայլ դառնում: - Շնորհակալություն հայտնելով մեր զրույցի համար, կուզենայի լսել Ձեր խոսքը` ուղղված մեր ընթերցողներին: -Ձեր ընթերցողներն էլ այս նույն իրականության, նույն միջավայրի արժեքների կրողներն են: Ամեն մեկը` յուրովի: Ամեն մեկն իր աշխարհընկալումների թելադրանքով: Ուրեմն, շատ եմ ուզում, որ նրանք միշտ մոտ լինեն բարձրին, վեհին, այն ամենին, որոնք ստեղծում են ոգեղենը: