ԴԱՇՏԵՆՑԻ ՊՈԵՄԻ ԲԵՄԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ


«Ֆայտոն Ալեքը» պոեմի բեմադրությունը Հ. Պարոնյանի անվան թատրոնում 2010 թվականին լրացավ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100-ամյակը: Հոբելյանական տարուց մի փոքր անց, շարունակելով դաշտենցյան անդրադարձումները, Հ. Պարոնյանի անվան թատրոնը ներկայացրեց «Ֆայտոն Ալեքը» պոեմի բեմական արտացոլումը` դիմելով բարդ գեղարվեստական փորձարարության: Փորձարարության, որովհետև պոեմի ժանրաոճային առանձնահատկությունները, դաշտենցյան դիպաշարի յուրատիպությունը, պոեմի նկարագրական-պատմողական բնույթը չէին կարող բեմական դիպաշարի կառուցման, կերպարաշարքերի ստեղծման հենք հանդիսանալ: Ուստի, բեմականացնող Ռոբերտ Քոչարյանն ու բեմադրիչ Հակոբ Ղազանչյանն ընտրել են «պոետական թատրոնի» առանձնաձևը` կիրառելով նաև «ագիտ թատրոնի» որոշ գեղագիտական սկզբունքներ և լուծումներ` ձևավորելով սինթետիկ-պայմանական բեմադրաձև: Առանցքում խոսքի ու երգի ներհյուսումն է` արտահայտված բեմական ինքնատիպ կոմպոզիցիայով, բեմադրական կերպարի յուրատիպությամբ: Խաչիկ Դաշտենցի պոեմը կորսվող ավանդույթների, մարդկային մեծ ողբերգությունների մասին է, որոնք ոչ թե հակադրվում էին նորին ու քաղաքակրթության ձևավորումներին, այլ միտված էին պահպանելու մարդու ներաշխարհի անաղարտությունը, ասպետականությունն ու այն յուրահատուկ վիպապաշտականությունը, որոնցով հնամենի քաղաք Գյումրին հավատարիմ էր մնում մարդկանցով ձևավորված ու հարստացած իր կերպարին: Հակոբ Ղազանչյանի բեմադրությունն իսկապես հետաքրքիր է և բազմաշերտ: Բեմադրիչը հրաժարվում է սյուժե պատմելուց: Նա կարևորում է սյուժեի ենթիմաստը, բովանդակությունը, այդ պատճառով էլ այն տպավորությունն է, թե իրադարձություններ գրեթե չեն կատարվում, թե չեն փոփոխվում դեկոր-կերպարները, որոնք ենթարկվում են ոչ թե արտաքին, այլ` «ներքին շարժման» տրամաբանությանը: Ցնցումներ պատկերում է բեմադրիչը միայն երկու անգամ, երբ բեմ է բերում հեղափոխական ժամանակների «պատկերը» և մեկ էլ անդրադարձ կատարում 1926-ի երկրաշարժին` այստեղ յուրատիպորեն ամեն ինչ կառուցելով «Ժամը յոթին ժաժքը ելավ» երգի կրկնվող մեղեդու և բանաստեղծական տողերի վրա: Հենց այս երգն է մնացել այն միակ բանահյուսական արժեքը, որը պատկերում է 20-րդ դարասկզբի երկրաշարժը: Ըստ որոշ տեղեկութ յունների` այս երգի տեքստը գրել է դեռևս պատանի Հովհաննես Շիրազը` այսպես վերարտադրելով իր քաղաքի մեծ ողբերգությունը: Հրաշալի բեմադրական հղացմամբ է Հակոբ Ղազանչյանը պատկերում երկրաշարժը, զուսպ ու արտահայտիչ կիսատոներով հասնում ողբերգության ընդհանրացմանը: Այս տեսարանը հակադրվում է այն ուրախ տոնականությանը, որն այս բեմադրության գլխավոր ռեժիսորական տոնայնությունն է: Ուրախության ու տոնականության բարձրակետը «միտինգի» տեսարանն է, որը վերածվում է անափ խնդության: Այս տեսարանում ենք տեսնում միշտ կենսախինդ, ամեն ինչի հեգնանքով նայող Գյումրու կերպարը, տեսնում ենք նրա պատմությանը ներհյուսված իրական բանահյուսական կերպարներին. Ֆառֆուռին (ՀՀ վաստակավոր արտիստուհի Ջուլիետա Ստեփանյան), օրիորդ Վարսենիկին (Տիգրանուհի Տեր-Մարկոսյան), Բաբիենց Հայկին, Կռունկին, Կնուտ Վարդանին (ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյան, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյան, արտիստ Վանիկ Մկրտչյան), բոլոր նրանց, ովքեր հնամենի քաղաքի հուշերի ծալքերից կենդանություն են առնում բեմադրության մեջ, ոգևորված-ներշնչված պտտում զվարթություն ների և տտիպ հումորի անիվը: Կառապանների եռյակը Հակոբ Ղազանչյանի բեմադրության մեջ հառնում է որպես յուրատեսակ նախերգակ ու երգչախումբ, որը հայտնվում է բեմում` առաջ մղելու համար բանաստեղծական-ռեժիսորական սյուժեն: Երեք կատարումն էլ ամբողջական են, հետաքրքիր, հագեցած գունային բազմազանություններով, կերպարային հստակ շեշտերով: Առհասարակ, բեմադրիչ Ղազանչյանի առաջնային խնդիրներից մեկն է դարձել կերպարների գունագեղությունը, նրանց բնութագրերի ամբողջացումները: Որքան էլ կառապաններն են դառնում բեմադրության «երգչախումբը», այնուհանդերձ Հակոբ Ղազանչյանը բեմ է բերել ասացողին` հեղինակին, ով իր աչքերով ու իր զգացողություններով է ներկայացնում բեմական պատմությունը` զուգորդելով խոսքն ու երգը: Դերասան Հովհաննես Հովհաննիսյանը, ով հրավիրվել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնից, համով ու կոլորիտով է ներկայացնում Դաշտենցի տեքստը, դիմում ինչպես ժողովրդական, այնպես էլ աշուղական ու հեղինակային երգերին: Երգերի շարքում ամենացայտունը «Մամ ջան, մամ ջան» երգն է, որի տեքստը գրել է Մկրտիչ Արմենը: Գյումրուց է հրավիրվել նաև Ֆայտոն Ալեքի դերակատար Սամվել Գրիգորյանը, ով ճշգրտորեն է վերարտադրել ռեժիսորական մտահղացումները, ստեղծել դերասանական մի այնպիսի աշխատանք, որը կարող է զարդարել ցանկացած բեմ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ