ՄԵՏԱՔՍՅԱՅՈՎ ԼԵՑՈՒՆª ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԵՐԻՆ ԵՎ ԱՅԴՈՒՀԵՏ


Երևանն այս օրերին փառատոներով է շնչում: Թատերարվեստի փառատոն, <<Ոսկե ծիրան>>, <<Մեկ ազգ, մեկ մշակույթ>> փառատոներ: Եվ ևս մեկը, որ նախադեպը չունի, հանրապետական փառատոն` նվիրված Հայաստանի ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Մետաքսյա Միմոնյանի ծննդյան 80-ամյակին: Սա առաջին դեպքն է, երբ տարելիցը նշվում է ոչ թե հոբելյանական երեկո, այլ փառատոն կազմակերպելով: Այս նպատակով ստեղծվել է կառավարական հոբելյանական հանձնաժողով, որտեղ գլխավոր <<գործող անձը>> Սունդուկյանի անվան թատրոնն է, քանզի դերասանուհին ստեղծագործել ու արարել է այս թատրոնի բեմում, և Մայր թատրոնը եղել ու միշտ է լինելու մեծ դերասանուհու տաղանդի երախտավորն ու երկրպագուն: Փառատոնին մասնակցում են հանրապետության 16 թատրոններ: Սա լավագույն առիթ է, բացառիկ հնարավորություն, որպեսզի մարզային թատրոնները ելույթ ունենան մայրաքաղաքի բեմերում` հանդես գալով հետաքրքիր խաղացանկով: Մասնակիցների թվում են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնները: Փառատոնը կավարտվի <<Արտիստ>> մրցանակաբաշ խությամբ, որ կանցկացվի կանանց միջև: Կսահմանվեն կին բեմադրիչ, կին դերասան,, կին թատերագետ (եթե կլինեն) մրցանակներ: Շուտով Երևանի դեմքը կգեղեցկանա Մետաքսյա Սիմոնյանի քանդակով: Մշակույթի նախարարությունը դիմել է քաղաքապետարան ինչպես արձանի տեղադրման համար տեղ հատկացնելու, այնպես էլ մայրաքաղաքում նրա անունով փողոց անվանակոչելու խնդրանքով: Տարբեր հեռուստա լիքներով կցուցադրվեն այն ֆիլմերը, որտեղ խաղում է սիրելի դերասանուհին: