Մի հերթական որոշում` թեկուզ մեռելածին


Հիշո ̉ւմ եք, երբ պետությունը ներխուժեց մեր տները և պարտադրեց մեզ ջրաչափավորվել (ինչն ինքն էր պարտավորվել անել), մեզ համոզում էին, որ մեզ` ջրսպառողներիս դա բազմապատիկ անգամ ձեռնտու է: Մեզ մատուցվում էր գործող 420 դրամ սակագնի (մեկ անձի հաշվով) դիմաց ամսական 50-100 դրամ վճարելու հեռանկարը: Իսկ հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Հերթական անգամ խաբեցին ժողովրդին: Ժողովրդի գրպանը մտնելու հաշվին լուծվեց ջրաչափ արտադրողի արտադրանքը զանգվածաբար իրացնելու խնդիրը: Շահութաբերության մի ճակատն ապահովված էր, և այդուհետ հերթը ջրի սակագնի թանկացումներինն էր` որպես շահույթի հզոր աղբյուր: Սկզբնական շրջանում սահմանված 51 դրամը, այդպիսով, դարձավ այն պանիրը, որ լինում է մկան թակարդում: Օրերս ջուրը հերթական անգամ թանկացավ: Մեկ խմ ջրի դիմաց այսուհետ վճարելու ենք 175 դրամ: Վերջնականապես պարզ դարձավ, որ ջրաչափ տեղադրելով, սպառողի ջրածախսը կրճատելը ընդամենը <<բլեֆ>> է: Երբ հաշվիչ չունեինք, մեկ շնչի համար վճարում էինք 420 դրամ և օգտագործում էինք անսահմանափակ քանակությամբ ջուր` որքան մեզ հարկավոր էր: 3 անձից բաղկացած ընտանիքը վճարում էր 1260 դրամ ջրավարձ, այսօր նույն կազմով ընտանիքի ջրածախսը հասնում է շուրջ 2 հազար դրամի: Փաստորեն, ջուրը հիմա ավելի թանկ է: Ավելին, ջուրը գերշահույթի միջոց է դարձել: Խորհրդային տարիներին ջրի հիմնախնդիրներով զբաղվող հատուկ լաբորատորիա կար, որտեղ հաշվարկվում և սահմանվում էր մեկ խմ ջրի արժեքը: Հաշվվում է քաղաք մտնող ջրաքանակը` այն սպառողին հասցնելու բոլոր ծախսերը ներառյալ, համադրվում էր բնակչության թվի հետ և արդյունքում ստացվում էր ջրի սակագինը: Այդպես էր ձևավորվել նաև 420 դրամ ջրավարձը: Ով մեզ կխոստանա ճշգրիտ ասել, թե ինչպես է գոյանում ժամանակ առ ժամանակ վեր թռչող սակագինը և կոնկրետ այս վերջինը` 175 դրամը, մենք նրան կխոստանանք անվճար գովազդել` պատգամավոր դառնալու համար: