Պետք է ավելի արդյունավետ գործենք


 

Մեր հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆԸ

- Երեկ Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Հաշվի առնելով, որ նա պաշտոնապես ներկայացնում է ԱՄՆ-ի դիրքորոշումները, կարո՞ղ ենք այս այցից որևէ առաջխաղացում ակնկալել` ղարաբաղյան հակամարտության կամ հայ-թուրքական հարցերում:

- Կան տարածաշրջանային գործընթացներ, որոնք իսկապես հետաքրքրում են Միացյալ Նահանգներին. դրանք և´ հայ-թուրքական հարաբերություններն են, և´ Իրանի շուրջ զարգացող գործընթացները, և´ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը: Այս առումով այցելությունը չափազանց կարևոր է, որովհետև առաջին պաշտոնատար անձանց մակարդակով տեսակետների փոխանակումը միշտ նպաստում է, որպեսզի երկրները կարողանան ավելի կանխատեսելի քաղաքականություն իրականացնել: Ես կարծում եմ, որ այս այցելությունը թույլ կտա, որպեսզի մեր պետություններն ավելի կանխատեսելի լինեն միմյանց նկատմամբ` հնարավոր զարգացումների առումով: Իսկ այդ հնարավոր զարգացումներն իսկապես կարող են նույնիսկ սրընթաց լինել` կապված Սիրիայում ընթացող պրոցեսների, ինչպես նաև այն ակնկալիքների հետ, որ ԱՄՆ-ն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունից:

- Կարծիքներ կան, որ Քլինթոնը գալիս է տարածաշրջան` հաստատելու այն ստատուս-քվոն, որ այսօր առկա է հայ-ադրբեջանական հարթությունում: Այսինքն` ցույց տալու, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ այստեղ հնարավոր պատերազմի վերսկսմամբ:

- Կա մասնագիտացած կառույց, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որում ԱՄՆ-ը ներկայացված է շատ վաղուց և իր տեսակետները փոխանցում է իր համանախագահի միջոցով: Վերջին շրջանում ամերիկացի համանախագահի կողմից դիրքորոշման որևէ էական փոփոխություն մենք չենք նկատել: Պետք է համաձայնենք, որ այդ կառույցն ուղղակի նպաստում է, որպեսզի հակամարտող կողմերը գան հանգուցալուծման: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի համանախագահի կողմից իրականացվող ջանքերը պետք է ակտիվանան: Նաև հնարավորություններ պետք է լինեն, որպեսզի ադրբեջանական զինուժի իրականացրած բոլոր սադրանքները Մինսկի խմբի կողմից արժանանան դատապարտման, որովհետև կյանքը ցույց է տվել, որ լղոզված գնահատականներով և երկու կողմից էլ դժգոհության կոչ անելով` անկախ նրանից, թե ով է մեղավոր,  որևէ դրական արդյունքի չենք հասնի:

- Ուշագրավ է, որ նման դիվերսիաների Ադրբեջանը դիմում է կա´մ պետական մակարդակով կազմակերպված նախագահների եռակողմ հանդիպումների, կա´մ մեր տարածաշրջան որևէ հեղինակավոր քաղաքական գործչի այցելության օրերին: Այս անգամը ևս բացառություն չէր: Դուք դրա մեջ օրինաչափություն տեսնո՞ւմ եք:

- Ես հակված եմ Ձեզ հետ համաձայնել և կարող եմ ասել` քանի դեռ ադրբեջանցիները հստակ պատասխան չստանան, շարունակելու են այդպիսի վարք դրսևորել: Իմ տեսակետը հենց այն է, որ այստեղ իրենց պատասխանատվությունն ունեն նաև այն պաշտոնատար անձինք, ովքեր հստակ գնահատական չեն տալիս այդ ստոր գործելաոճին: Եթե նախորդ դեպքերում նրանք արժանի հակահարված ստանային, ապա համոզված եմ, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ թույլ տար այդպիսի սանձարձակ և տմարդի պահվածք:

- Արդյո՞ք մեր պատասխանը բավականաչափ համարժեք է:

- Շատ կարևոր հարց եք տալիս, բայց պետք է լավ հասկանալ, որ քո խոսքը պետք է լինի դիվանագիտական շրջանակներում և գործուն: Օրինակ, եթե դուք հիշում եք Ալիևի անհեթեթ ձևակերպումները Եվրանեսթում, ապա դա ոչ միայն իր մակարդակի դրսևորումն էր, այլև չափազանց ուժեղ հարված` պետության վարկին: Որևէ երկրի ղեկավար պատգամավորների ներկայությամբ այդպիսի տերմիններով խոսելուց իր երկրի հեղինակությանը որևէ բան չի ավելացնում: Նման գործելաոճը չի կարող նպաստ բերել որևէ երկրի, այդ թվում` նաև Ադրբեջանին: Մեր երկրի ներկայացուցիչները պետք է կարողանան ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյային համոզել, որ այն գործելաոճը, որը եղել է մինչև այսօր, օգուտ չի բերել խնդրի լուծմանը, այն ուղղակի թույլ է տալիս, որ ադրբեջանական կողմը լինի ավելի սանձարձակ: Դա ոչ միայն ադրբեջանցիների մեղքն է, այլև այն կառույցի, որն իր գնահատականների մեջ միշտ էլ երկուսին նույնանման կոչեր է անում: Այս առումով, իսկապես մեղքի իր բաժինն ունի նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը:

- Կարծում եք` Հայաստանի արձագանքն ավելի կո՞շտ պետք է լինի: Արդյո՞ք մեզ մի քիչ ագրեսիվությունը չէր խանգարի:

- Արտաքին քաղաքականությունը գնահատելու համար «կոշտ» բառը տեղին չէ: Պետք է լինել ավելի արդյունավետ. եթե դուք մեղմ գնահատականներով ավելի մեծ արդյունքների եք հասնում, ապա փառք ու պատիվ ձեզ: Նորից եմ կրկնում` արտաքին քաղաքականությունը պետք է լինի ավելի արդյունավետ:

- Այսինքն` մենք դեռ անելիքնե՞ր ունենք այդ ուղղությամբ:

- Իհարկե, բոլոր բնագավառներում:

Նարե ՍՏԵՓԱՆՅԱՆ