ՍԿՍԵՑԻՆ ՄԻՄՅԱ՞ՆՑ ԽԱՆԳԱՐԵԼ


 

Երևանյան սուպերմարկետներն արդեն խանգարում են ոչ միայն մանր ու միջին խանութներին, այլ նաև իրար: Օրերս փակվել է «Սթար» սուպերմարկետների ցանցի` Զեյթուն թաղամասում գտնվող խանութը: Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, թե առևտրի կենտրոնում վերջին ամիսներին շրջանառությունը կանոնավորապես անկում է արձանագրել, և ցանցի տերերին ոչինչ չի մնացել, քան սուպերմարկետը փակելու որոշում կայացնել:

Նրանք հավատացած են, որ իրենց բիզնեսին առավելապես խանգարեց նշված տարածքից ոչ այնքան հեռու բացված «Երևան Սիթի» ցանցի հերթական մասնաճյուղը: «Սթարի» տերերը ներկայումս թեև մտմտում են մայրաքաղաքի այլ թաղամասերից մեկում փակված խանութի փոխարեն նորը բացելու ուղղությամբ, այդուհանդերձ առավել հավանական է համարվում մարզերում տարածվելու ու կայանալու հեռանկարը: Նոր սուպերմարկետների կարիք Երևանում այլևս չի զգացվում: