Օլանդի անվտանգությունը` կնոջ ձեռքերում


 

Ինքնատիպ անհատ է Ֆրանսուա Օլանդը: Որպես զտարյուն ֆրանսիացի, նա իհարկե մեծագույն հարգանք է տածում կանանց հանդեպ: Բայց օրերս պարզվեց, որ նա նաև տղամարդկանցից ավելի է վստահում թույլ սեռի ուժեղ ներկայացուցչուհիներին: Նրա ձեռամբ` Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահի անվտանգությունն ապահովող ջոկատի ղեկավար է նշանակվել կին:

GΖlΖ.fr-ի տեղեկացմամբ` այդ ջոկատն այսուհետ ղեկավարելու է անվտանգության հարցերով մասնագետ, 44-ամյա Սոֆի Ատտը: Նրա թեկնածությունը երաշխավորել է Օլանդի կուսակից, Ֆրանսիայի նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը, ում պահպանության պատասխանատուն` նրա պաշտոնավարման տարիներին եղել է նույն Ատտը:

Նախագահը ոչ միայն սեփական աշխատավարձն է կրճատել, այլև իր պահազորի թվաքանակը` 93-ից դարձնելով 60 մարդ: Փոփոխվել է նաև այդ օղակի կառուցվածքը: Սարկոզիի օրոք ջոկատն ամբողջապես բաղկացած էր ոստիկանության աշխատակիցներից. հիմա այնտեղ վերադարձվել են ժանդարմերիայի ծառայողները: Քանակակազմի նվազեցումն Օլանդի նախընտրական խոստումներից է բխում. նա հավաստիացրել էր առավելագույնս թեթևացնել պետական ծախսերը:

Ի դեպ, պահազորին արդեն իսկ անհանգստացնում է Նախագահի պահվածքը: Նա ոչ միայն կտրականապես հրաժարվել է Ելիսեյան պալատում ապրել, այլև սովորություն ունի «խցկվել» մարդկանց բազմության մեջ, ձեռքսեղմումներով ողջունել պատահական անցորդներին (գրել է Diver-SΖnt-Ru-ն): Ավելին, շարունակում է ապրել իր ընկերուհի Վալերի Թրիերվեյլերի հետ` Փարիզի 15-րդ շրջանում վարձակալած 3 սենյականոց բնակարանում:

Ինչպես ասում են` Սոֆի Ատտն իր ջոկատայիններով չի հասցնի ձանձրանալ: