Առաջին տիկինը չի փոխի իր աշխատատեղը


 

Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը` Վալերի Թրիերվեյլերը, ցանկացել է շարունակել աշխատանքը PΖris MΖtch շաբաթաթերթում, որին աշխատակցում է արդեն 22 տարի:

Նրա հետ աշխատանքային պայմանագիրն, իհարկե, երկարացվել է, բայց Ֆրանսիայի թիվ 1 տիկինը քաղաքական թեմաներով այլևս չի գրելու: Քաղաքական ռեպորտաժների փոխարեն նախագահի սիրուհին այսուհետ ամիսը երկու անգամ հրապարակելու է արվեստի մասին հոդվածներ` «Իմ սրտի զարկերը» խորագրով:

Սակայն Վալերիի գործընկերների համար նոր բարդություն է ծագել: Նրանք դժվարանալու են իրենց հրապարակումներում հիշատակել Օլանդի ու Թրիերվեյլերի անունները, որովհետև նույն թերթի խմբագրությունում է աշխատում նաև Վալերիի նախկին ամուսինը` Դենիսը, ում ազգանունը մինչ օրս էլ կրում է երկրի I տիկին դարձած լրագրողուհին:

Օլանդ-Թրիերվեյլեր զույգի ամուսնությունը գրանցված չէ` թեև նրանք հանդիպում են արդեն 7 տարի:

Հիշեցնենք, որ Օլանդը Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետության 7-րդ նախագահն է և այդ պաշտոնում` Սոցիալիստական կուսակցության 2-րդ ներկայացուցիչը: Նրանից առաջ սոցիալիստ-նախագահ էր մեկ այլ Ֆրանսուա` Միտերանը, ով պաշտոնավարեց երկու յոթնամյակ` 1981-1995 թթ.: