ԱՐՏԻՍՏՈՒՀԻՆ


 

Մայր թատրոնում խաղացած դերերով ու մի շարք հեռուստանախագծերից ճանաչված դերասանուհիներից է Ծովիկո Մարտիրոսյանը: Ծնվել է 1985 թ. քաղաք Վանաձորում: Ավարտել է Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտը:

- Ինչպե՞ս որոշեցիք դառնալ դերասանուհի:

- Ես հենց սկզբից չէի ուզում դառնալ դերասանուհի` չնայած ծնողներս դերասաններ էին: Մայրս վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանն է: Մանկությունս միշտ անցել է տատիկիս մոտ, որովհետև մայրս ամբողջ կյանքը անցկացնում է թատրոնում: Ես միշտ ուզել եմ, որ իմ երեխան չզրկվի ծնողական սիրուց: Չեմ ասում, թե ծնողներս ինձ չէին սիրում, ուղղակի ժամանակի սղության պատճառով չէին հասցնում ինձանով զբաղվել: Բայց դպրոցն ավարտելուց հետո որոշեցի, որ պիտի դառնամ դերասանուհի: Չէի կարող ո´չ բժիշկ, ո´չ քիմիկոս, ո´չ ֆիզիկոս, ոչ էլ այլ մասնագետ դառնալ: Մտածում էի` կա´մ երգչուհի, կա´մ դերասանուհի պիտի լինեմ. ուրիշ տարբերակ չկար: Ընդունվեցի Վահե Շահվերդյանի արվեստանոցը, որի համար շատ շնորհակալ եմ իմ վարպետին: Հենց 2-րդ կուրսից արդեն եկանք Սունդուկյան թատրոն և 2001-2002 թթ. արդեն աշխատում եմ Սունդուկյան թատրոնում որպես դերասանուհի:

- Եթե Ձեզ առաջարկեին մեկ այլ մասնագիտություն, կհրաժարվեի՞ք բեմից:

- Ոչ, ես իմ մասնագիտությունից երբեք չեմ հրաժարվի, որովհետև շատ եմ սիրում թատրոնը ու նաև կինոն: Փառք Աստծո, ամուսինս էլ է արվեստագետ` դերասան Նարեկ Հայկազյանը, ով երբեք ընտրություն կատարելու խնդիր իմ առջև չի դրել:

- Ո՞րն է Ձեր ամենասիրած ժանրը և մեր մեծերից ո՞ւմ կերպարով եք առաջնորդվում:

- Առաջին դերս եղել է Ռուզանը (Մուրացանի «Ռուզան»-ում), որը հիմա էլ շատ եմ սիրում, հետո հերոսուհիների ցուցակում անցավ «Անանի»-ն (Գ. Սունդուկյան): Այնուհետև կամաց-կամաց սկսեցի խաղալ խարակտերային կերպարներ: Օրինակ Վահե Շահվերդյանի արվեստանոցում բեմադրված Օստրովսկու «Ամպրոպ»-ում խաղում էի Վարվառայի դերը և այլն: Բայց շատ եմ սիրում կատակերգական ժանրը և սպասում եմ այդպիսի մի առաջարկի:

Իսկ ինչ վերաբերում է, թե մեր մեծերից ում կերպարով եմ առաջնորդվում` դժվարանում եմ թվարկել: Բայց շատ կուզենայի մի քիչ մորս նմանվել. նա շատ զուսպ է, կիրթ, խիստ:

- Իսկ ո՞րն է Ձեր ամենասիրած ու հաջողված հեռուստանախագիծը:

- Ասեմ, որ սերիալներում խաղում եմ մեծ սիրով: Հիմա հանդես եմ գալիս «Կյանքի կարուսել» նախագծում, որն ինձ շատ հոգեմոտ է: Ամենակարևորը` ուսուցողական է:

- Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի իսկական դերասանը:

- Ամենակարևոր հատկանիշը ինքնահարգանքն է, ինքնատիրապետումը, չկեղծելը: Սակայն կան դերասաններ, ովքեր զուրկ են այդ ամենից:

- Հեռուստաեթերներից այսօր գրեթե բացակայում են հայ թատերական արվեստը ներկայացնող հաղորդումներն ու հեռուստաթատրոնները:

- Ես շատ կուզենայի, որ հեռուստաթատրոնը նորից գործեր, որովհետև դրա պահանջարկը կա:

- Ի՞նչ կմաղթեիք կամ ի՞նչ կհուշեիք սկսնակ դերասաններին:

- Որ մի սերիալում, մի գովազդային հոլովակում նկարվելուց հետո աստղային հիվանդությամբ չվարակվեն: Դա քայքայում է դերասանին. դու արդեն հագնում ես դիմակ և սկսում ես կեղծ լինել: Կուզեմ, որ երիտասարդները միասնական լինեն, սիրեն իրար և այդ աստղային փոշին չտարածվի: Հայաստանը շատ փոքր է, իսկ այդպիսի «աստղերը» շատ են: Դա արդեն ծիծաղելի է դառնում:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ