Նա տեսել է Սատուռնի օղակները


 

Աստղագետները տեղեկացնում են, որ այս տարվա հունիսի 6-ին Վեներա (Արուսյակ) մոլորակը երկրի և արեգակի հետ գտնվելու է մեկ ուղիղ գծի վրա և երկրից երևալու է արեգակի մակերևույթին: 150 տարին մեկ կրկնվող այդ պահին անհամբերությամբ է սպասում երևանաբնակ ալավերդցի Վլադիմիր Աղաբաբյանը: Սպասում է, որ իր ընկերոջ` Ալբերտ Պողոսյանի ընկերակցությամբ պատրաստած 180մմ տրամաչափի օբյեկտիվով աստղադիտակով տեսնի այդ հրաշքը: Նա ափսոսում է, որ անձրևոտ եղանակը խանգարեց աստղագիտության օրվան նվիրված ապրիլի 28-ի հասարակական դիտումները Երևանի Կասկադի հարթակից: Դիտումները չեղան, բայց սիրող աստղագետներ, հանրաճանաչ Հրանտ Խաչատրյանի և Ռուբեն Բունիաթյանի հետ հանդիպումը ուսանելի էր ու հետաքրքիր: Իր համար մի հրաշք Վլադիմիրն արդեն բացահայտել է` գիշերվա ժամը 4-ի սահմաններում սեփական աստղադիտակով տեսնելով Սատուռնի (Երևակ) օղակները:

…Հետաքրքրությունը աստղագիտության նկատմամբ այսօր արդեն կյանքի իններորդ տասնամյակն ապրող Վլադիմիր Աղաբաբյանի համար սկսվել է մանկուց: Միջնակարգ դպրոցը չի ավարտել, բայց հիշում է, որ յոթերորդ դասարանում ամբողջովին ուսումնասիրել էր տասներորդ դասարանի համար նախատեսված աստղագիտության դասագիրքը: Հենց այդ տարի Ալավերդու Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցում ֆիզիկայի ուսուցիչ Արտաշես Իգիթյանին զարմացրել էր իր ինքնաշեն էլեկտրաշարժիչով:

Երկու տարի անց, երբ սովորում էր Երևանի քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումում, 3 մետր շառավղով շրջանագծով երթևեկող և մի քանի կանգառ կատարող երեք վագոնանոց էլեկտրագնացք էր պատրաստել:

Նախորդ դարի 50-ականների ալավերդցիները տեսել ու նաև շատերը այսօր հիշում են նրա պատրաստած ինքնաշեն ավտոմեքենան: Այդ տարիների «Պղնձի ֆրոնտում» թերթի խունացած էջերը հուշում են նրա այլ հաջողությունների մասին ևս ու արձանագրում, որ արտադրության վարպետ Վ. Աղաբաբյանի միայն մեկ առաջարկությունից պղնձաձուլական գործարանը 11000 ռուբլու օգուտ է ստացել: Աստղադիտակներով զբաղվում է 2010 թվականից: Աղջկա օգնությամբ համացանցով տեղեկացել է սիրող աստղագետների բազում նվաճումներին, տեսել տարաբնույթ դիտողական սարքեր: 2006 թվականից անձամբ ճանաչում էր աշխարհահռչակ Պարիս Հերունուն և հենց նրա մոտ էր առաջին անգամ բարձրաձայնել իր խոհը.

- Տիեզերքն անվերջ է ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության մեջ: Անվերջ է նրա ճանաչելը մարդկության կողմից:

Հիմա Երևանի կայարանամերձ թաղամասում` իր առանձնատան առաջին հարկում տեղակայված արհեստանոցում կողք-կողքի շարված ֆրեզերային, խառատային և գայլիկոնման հաստոցների կողքին նա իր ինքնաշեն հղկող հաստոցն է տեղադրել և պատրաստում է նոր աստղադիտակ` 320 մմ տրամաչափի օբյեկտիվով:

…Աշխատում է վարպետ Վլադիմիրը ու ափսոսում, որ ջահելների հետաքրքրությունը մարել է, փոխարինողներ չկան: Համացանցում ընդգրկված սիրող-աստղագետների մեջ մեկ-երկուսն են Հայաստանից: Ասում է ու ինքն էլ ավելացնում որ իր Տիգրան որդին ևս հրապուրվել է աստղադիտակով ու մասնակցում է նոր աստղադիտակի պատրաստմանը, իսկ դուստրը` Կարինեն, ի սկզբանե է իր օգնականը:

Ուզում եմ հավատալ, որ փոխարինողներ կլինեն վարպետին: Կլինեն պատանի տեխնիկների խմբակներ ու կայաններ: Եվ հաջողություններ եմ մաղթում բազմաշնորհ Վլադիմիր Աղաբաբյանին:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ