Մի կնոջ երկու ամուսինը


 

Մի առիթով Հորիզոնը վերհիշեց.

- Լոռեցի, «Լոռի» հանգստյան տան իմ պալատում երեք հոգի էինք. երկու աչքից կույր Առաքելը և մի աչքից կույր Նշանը: Հենց առաջին գիշերը մեր փափուկ մահճակալներին պառկած զրուցում էինք, ծանոթանում միմյանց:

Իմ գործը հեշտ էր. ասացի Հորիզոնն եմ: Նրանք ինձ էկրանից ու ռադիոյից էին ճանաչում, ծանոթանալը կարճ տևեց:

Ուրիշ էր Նշանի ու Առաքելի ծանոթությունը:

- Ես Առաքելն եմ անձնագրով, բայց ինձ մի մասը Ռաքել է ասում, մյուս մասը` Ըռաքել: Նախանցյալ տարի իմ անբարոյական կնոջից բաժանվեցի: Էնքան անբարոյական էր` երեխա էլ չէր բերում:

Նշանը հարցրեց.

- Առաքել ջան, կնկադ անունն ի՞նչ էր:

- Քնքուշ,- ինչքան կարող էր կոպիտ ձայնով ասաց Առաքելը:

- Վայ, իմ կնկա անունն էլ է Քնքուշ: Մենք ապրում ենք Աշտարակում, երկու պոպոքի ծառ ունեմ...

- Էդ ինչո՞ւ ապրած տեղդ վռազ ասիր:

- Որ Հորիզոնն ու դու Աշտարակ գալուց, ձեր բարի ոտը իմ տուն էլ դնեք:

- Հա, լսել էի, որ էդ այլանդակը Աշտարակում է բուն դրել: Ուրեմն էդ տականքին դու ես առե՞լ, այ կյանքի հարիֆ: Դրան ո՞նց առար, ո՞նց խաբնվեցիր... Ուրեմն հըմի դու դառա՞ր դրա մարդը, իրար ըտենց քի՞փ եք հավանել: Էնա ասա` քոռ-քոռ գնացել, նախրի միջի էշի ճակատն ես պաչել:

- Էդքան տարի, որ սխալ մարդը դու էս էլե, հըմի էլ թող ճշմարդը ես ըլեմ: Այլանդակը դու ես, որ էդ անմեղ եղնիկի միսը կերել ես. հազիվ քո դժոխքից պրծել, ընկել է իմ դրախտը:

- Հիմա էլ քո դրախտի կանաչ խոտերն ու ծառերիդ տերևներն է ուտում էդ հայվանը, որ մրգի կարոտով մեռնես: Չէ մի չէ` եղնիկ... Հիմի որ գյոզալդ ձեռքս ընկնի, նրա երկու աչքը մի բնից կհանեմ, քո էլ մինուճար աչքը:

- Մեկն էլ ըլի քո աչքը հանի, տո թերմաշ...

- Տո այլանդակ, իմ երկուսն էլ հանած է, իմ ի՞նչս ես հանելու, հըմի տեղիցս հելնեմ` տեսնենք ո՞ւմ մերը լաց կլինի:

- Բա որ ես իմ տեղից ելա` ամեն ինչ տեղը կդնեմ:

Փորձեցի հաշտեցնել.

- Տղաներ, կին կա` մի ամուսին չի կարողանում ունենալ, իսկ Քնքուշը ձեր նման քաջ-իգիթների հետ է ամուսնացել, ուրեմն արժանիքներ ունեցող տիկին է: Միայն թե մեկի հետ բախտը չի բերել, մյուսի հետ բերել է: Մի կնոջ մասին տարբեր ամուսիններ տարբեր կարծիքներ կարող են ունենալ:

- Հորիզոն, խնդրում եմ չծիծաղես, էստեղ լուրջ հարց կա, էնքան լուրջ, որ ձեռքերս քոր են գալիս. հըմի էսա սրան ընենց ջարդ տամ, որ միանգամից Առաքելին ու Ըռաքելին ճանաչի:

- Արա, տո դու էդ ո՞ւմը, քոռ յաբու...

Հետո երկուսով տեղներից ուղղաթիռի նման վեր թռան` պատրաստ ծեծ ու ջարդի: Քիչ անց բարձերը բարձրացան օդ ու փետրահան եղած թափվեցին: Չնայած Նշանը լավ էր տեսնում, բայց Առաքելը Նշանի վրա ավելի լավ էր նշան «բռնում». ձեռքն ընկածը ձայնի ուղղությամբ շպրտում էր ախոյանի վրա, դիպածը` մեծ ցավ պատճառում:

Աղմուկից և հարևան պալատների անհանգստացած հանգստացողները մեր պալատ շտապեցին` արդեն իրար փաթաթված հին ու նոր փեսաներին բաժանելու: Հետո արյունլվիկ տուժածներին տարանք բուժկետ: Քիչ կարգի բերելուց հետո խռովարար «պալատականներին» տեղավորեցին հնարավորինս հեռու պալատներում:

***

Հետագայում, երբ ուզում էինք զվարճանալ, բաներ էինք հնարում մեր պարապությունը ուրախությամբ լցնելու: Ամենից հարմարը պարերն էին, որոնց ժամանակ Առաքելը օդի մեջ ձեռքերը թափահարելով, թռչկոտելով պարում էր, մտքում անսահման ուրախանում, որ ազատագրվել է անտաշ Քնքուշից: Պակաս նշանակալից չէր նաև Նշանի պարը: Իր պարից երևում էր նրա ոգու ուրախությունը` տանը աստվածային կին ունի:

Պարերի ընթացքում այնպես էինք անում, որ երկու ախոյաններին աստիճանաբար մոտեցնենք իրար, որպեսզի աքլորակռիվ հրահրենք: Հենց այստեղ էլ նորից սկսվում էր Քնքուշի համար կռիվը, միայն հետևում էինք` մեր անմեղ կատակը երբևէ արյունահեղության չհասնի: Այստեղ մեր մարդկայնությունը բռնում էր. պատրաստի խմիչքն ու ուտելիքը մեջտեղ էինք հանում ու հաշտարարի դեր խաղում այնքան, մինչև որ Առաքելի ու Նշանի փուքսը իջնում էր և դառնում էին հանգստյան տան իսկական հանգստացող:

Մենք չգիտեինք, թե կռվախնձոր Քնքուշը իրոք ինչպիսին է, բայց երկու հոգու երջանկացրել է` Առաքելի կարծիքով փրկվել է անզգամ-անբարոյականից, Նշանի կարծիքով` բախտը բերել, գտել է կյանքի հրաշալի ընկեր:

Օր-օրի վրա պարելով, երգելով, խմեցնելով, հաշտեցնելով մեր հերոսներին, հասանք նրան, որ հանգստյան տան հրապարակում, հերթական ուրախ միջոցառումներին Առաքելն ու Նշանը ոչ թե սպասում էին մեր նախաձեռնած հրահրումներին, այլև իրենք էին թև-թևի մտած պաչ-պռոշտի անելով մտնում պարի մեջ:

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ