Գլոբալ տաքացման դառնագին հետևանքները


 

ԱՄՆ-ի բնական պաշարների պահպանության խորհուրդը մտահոգիչ կանխատեսումներով զեկույց է հրապարակել: Ըստ հետազոտության արդյունքների` մինչև դարավերջ գլոբալ տաքացմանը զոհ է գնալու շուրջ 150 հազար ամերիկացի: Մինչև 2099 թ-ն ԱՄՆ-ի 40 ամենախիտ բնակցված քաղաքների բնակիչները 8 անգամ ավելի հաճախակի են շոգ օրեր «վայելելու»: Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ ջերմաստիճանի գերտաքացման արդյունքում տարեկան մահանում է շուրջ 1330 մարդ, իսկ 2099-ին այդ թիվը կվերաճի 4600-ի: Ըստ կանխատեսումների` ամենաշատը կտուժի Կենտուկի նահանգի Լուիսվիլլ քաղաքը, որտեղ շոգին զոհ կգնա 19 հազար մարդ:

- 2003-ին սաստիկ տապի պատճառով Եվրոպական երկրներում մահացել է 35 հազար մարդ,- հիշեցնում է Նդեռլանդների թագավորական օդերևութաբանական ինստիտուտի աշխատակից Անդրեաս Ստերլը` ոչ իրական համարելով գործընկերների առաջ քաշած թվերը: Դրանից զատ, ըստ նրա` սաստիկ շոգի պարագայում քաղաքային իշխանությունները ևս պարտավորված են բնակչությանն անհապաղ զգուշացնել, ինչը զգալիորեն կնվազեցնի մահվան և ընդհանրապես առողջական խնդիրների հավանականությունը: