Լսո՞ւմ եք, երդվյալներ... Հիպոկրատի


«Նախահարձակ լինելը լավագույն պաշտպանությունն է» թեզը հետաթռիչքով նորից դեպի «Մեկ ազգ, մեկ մշակույթ»¬ի տնօրեն Թամար Պողոսյանը վերադարձավ: Թամարն «արժանապատվորեն» իր իսկ ձեռքով հրաժարական էլ գրեց, ասելիք ունեցողի, բայց խոսել չցանկացողի կեցվածքով ասուլիս էլ արեց, մեղադրանքներ էլ փորձեց հասցեագրել իրեն «հացից զրկողին»… Արանքում ստացիոնար բուժման տեսարան էլ խաղաց… Չստացվեց: Քարը նետված էր, նետողն էլ` հենց ինքը: Ու քանի որ այդ քարը նետողը խենթ չէր, այն բարձրացնող հազար խելոքի փոխարեն պատկան ատյաններից մեկը որոշեց ճշտել, թե ինչե˜ր կան այդ քարի տակ: Ֆինանսական չարաշահումների (մեղմ ասած) մասին բարձրաձայնումներն այնքա˜ն հստակ էին, որ Վերահսկիչ պալատը գոնե չէր կարող անտարբեր կեցվածք ընդունել: Եվ որոշել է ստուգումներ անցկացնել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում: Թեկուզ` նոր տնօրենին ֆինանսական թնջուկներ չժառանգելու ազնիվ մտադրությամբ: Սակայն Վերահսկիչի ներկայացուցչի այցելության հենց հաջորդ օրը տիկին Թամարը նորից է հիվանդացել: Ի˜՞նչ կա` որ. նյարդեր են` կարող են և տեղի տալ: Բայց գոնե պատասխանատու պահին ու պաշտոնատար անձանց աշխատանքը խանգարելը միայն «ազնիվ խոսքով» հո չե՞ս արդարացնի: Օրինաց երկիր կառուցելուց որքան էլ հոգնած, բայց օրենքի այս պահանջը լավ գիտի Թամարը: Եվ ասում են` բուժհիմնարկների դռներն է թակում` անաշխատունակության թերթիկ ձեռք բերելու: Մինչև երեկ ոչ մեկը չի ստանձնել նման «հովանավորչություն» (կեղծ տեղեկանքն էլ յուրատեսակ հովանավորչություն է, չէ՞): Ասում են նաև, որ Թ. Պողոսյանը դեռ չի հուսահատվել այդ մերժումներից… Այնպես որ, պարոնայք, կամ տիկնայք երդվյալներ Հիպոկրատի. եթե ձեր մեջ կկարողանաք ուժ գտնել` գեթ մի անաշխատունակության, կամ գոնե վերահսկիչների այցելած օրերին Թամարի տկարության «վավերագիր» բաշխել, գուցե բարեսիրաբար ինքներդ որոնեք նրան: