Կարապետիչի անթաքույց տագնապը


Կարապետիչը նեղված էր. ՀԱԿ¬ը, ներառյալ մայիսի 4¬ը, Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ «զբաղեցրել» էր Մատենադարանի շրջակայքը: ԺԿ¬ն էլ ստիպված հետաձգել էր մայիսի 3¬ին նախատեսված հանրահավաքը: Թերևս սա էր կուսակցության առաջնորդի տարօրինակ տրամադրվածության պատճառը, որ, «Ավանգարդի» հարցերում, երևի, այլ ենթատեքստեր գտավ և բյուր երանգավորմամբ էլ «պատասխաններ» հնչեցրեց: Տպավորությունն այնպիսին էր, թե ԺԿ առաջնորդն իր տեղը չէր գտնում: Իսկ մեր հարցերում «կրիմինալ» հաստա´տ չկար, ինչը կարող էր չարացնել մանավանդ «ժողովրդական» լիդերին: -Գուցե ԱԼՄ-ի փակվելն ազդեց Ձեր համակիրների փոքր-ինչ նվազեցմանը, որովհետև ԺԿ-ի հանրահավաքներին կարծես մի քիչ նոսրացել են մասնակից ների շարքերը: -Մի քիչ նոսրացել են ոչ թե ԱԼՄ-ի կապակցությամբ, այլ այն պատճառով, որ, պարոն Ջհանգիրյանը, դատախազ լինելով, այստեղ-այնտեղ ասում է, որ Կարապետյանը Սերժից 50000 դոլար է վերցրել: Ամեն կերպ մարդկանց փորձում են գցել տարակուսանքի մեջ: Բայց մարդիկ գիտեն, որ դա հենց իրենք են վերցրել` մի զրո էլ ավել: Այնպես որ, մենք ունենք իրազեկման խնդիր, բայց ես չեմ կարծում, որ ժողովուրդը չի համակրի այն մարդուն, որը իր սկզբունքներին չի դավաճանում, որը ընդհուպ կորցրել է իր հեռուստաընկերությունը` իր սկզբունքների համար: Եթե ասեի` «շեֆ ջան, ամեն ինչ լավ կլինի», մեզ ձեռք չէին տա, բայց մենք մի շեֆ ունենք` դա ժողովուրդն է: Հուզարտահայտչական շեշտադրումներով այս պատասխանից հետո, սակայն, անհասկանալի բնույթի հարձակողական կեցվածք պիտի ընդուներ պարոն Կարապետիչը մեր հանդեպ, հատկապես` հետևյալ հարցադրումից հետո. -Դեռ շարունակու՞մ եք պահել «կարմիր քարտը», որը ելույթներից մեկի ժամանակ ներկայացրել էիք իշխանություններին: -Էլի ենք պահում. ասել էինք, որ չենք ընդունում իշխանություններին, իրենց վարած քաղաքականությունը: Կարմիր քարտը ուժի մեջ է, ձեռքիս պահած չէ, եթե ուզում եք` կարող եմ տալ` դուք պահեք: Անշուշտ այս հարցով չէինք ակընկալում, որ Տ. Կարապետյանը գրպանից հաներ իր սիրելի «Կարմիրը» ու ապացուցեր, որ այն դեռ գոյություն ունի: Ոչ էլ հավակնում էինք այդ խորհրդանշական կամ էլ, ով իմանա, գուցե իրոք գրպանում գտնվող քարտը շոշափելու պատվին արժանանալ: Սակայն ԺԿ առաջնորդի երևակայությունն ու փափագն էր երևի այնքան անսահման, որ այդ ժեստի մասին յուրաքանչյուր հիշեցնողի մեջ պոտենցիալ քարտակիր է տեսնում կամ` «հարմարեցնում»: - Այսօր (ասուլիսը մայիսի 3-ին էր¬ Մ. Հ.) Մամուլի ազատության օրն է: Հայաստանում ի՞նչ խնդիրներ կան այս ասպարեզում: -Այդքան բարձր կարծիքի չեմ մամուլի մասին. կայքերը գրում են միայն սկանդալային հոդվածները, վերցնում են ամենաթեժ կետը ու լավ հորինում են: Պիտի վերլուծեք լրագրողներդ, պիտի ամփոփիչ, հավաքական կարծիք ձևավորեք: Աղջիկը հարց է տալիս` «կարմիր քարտը շարունակում ե՞ք պահել». բա խի՞ չեք հարցնում Լևոնի ավազակապետության մասին: «Ավանգարդ» թերթ եք, նախկին կոմունիստների թերթն եք: Փաստորեն մամուլի ազատության հարցում Կարապետյանին հուզող պահը Լևոն Տեր-Պետրոսյանին մեր հարցադրումը չուղղելն էր: Ըստ երևույթին, այնչափ խիստ հուզող, որ ընդհուպ «Ավանգարդի» հնամենիությունը չարացրեց պատմության գիրկն անցած (գոնե` առայժմ) ԱԼՄ-ի ղեկավարին: Տ.Կարապետյանի հուզմունքը կարելի է և բացատրել առաջիկա հանրահավաքի հետ կապված անհանգստություններով. «ԱԼՄ-ական» հաջողությունների փաստացի հետընթաց է նկատելի` անկախ նրանից, որ վերջերս հավաքներից հետո ԺԿ առաջնորդը հետևյալ մխիթարական խոսքն է ուղղում ինքն իրեն ու համակիրներին. «Մի օր շատ կլինենք, մի օր` քիչ, բայց կարևորը` կանք»: Կարապետիչը չուզեց լսել մեր մյուս հարցն էլ ու այնպես աճապարեց հեռանալ ասուլիսի սրահից, որ չհասցրեցի գոնե ականջին շշնջալ. - Պարոն Կարապետյան, չգիտենք` թե Դուք ոնց, բայց մենք` ավանգարդցիներս, չենք ամաչում թերթի անցյալի համար: Նաև, իհարկե, ներկայի համար: Ձեր «պիտակավորած» «կոմունիստական» անցյալում անգամ «Ավանգարդը» նույնիսկ կոմունիստական լարախաղացությամբ չի զբաղվել: Իսկ գոնե Ձեր սերնդակիցներից շատերը, կոմունիստական ծագում ունենալով հանդերձ, նույնիսկ կոմունիստական հարգանք չեն վայելել:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ