1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


«Ֆրիդըմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպությունը, դիտարկելով հայաստանյան մամուլը, բավական հոռետեսական եզրակացությունների է եկել ու նկատելիո րեն հետին հորիզոնական է «հրել» մեր երկիրը: Մամուլի ազատության օրվա առթիվ օտարերկրյա այս կառույցի գնահատականներն, անշուշտ, մտահոգիչ կարող էին համարվել, եթե հավատայինք, որ այդօրինակ դասդասումները քաղաքական պատվերի ցուցիչ չեն: «Ֆրիդըմ Հաուսը» իբր նման եզրակացության է հանգել որոշ լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերի պատճառով: Այո, վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանն ու մի շարք օլիգարխներ իրենց ոչ ձեռնտու հրապարակումները սկսել են վիճարկել դատարանով: Դա ևս ժողովրդավարական դրսևորում է, բայց` բումերանգային շրջադարձով: Հետևանքները փոքրիշատե պատկերացնելու դեպքում հայցվորները հազիվ թե նման քայլի դիմեին: Համենայն դեպս, մինչ Օրենքի համապատասխան հոդվածների ապաքրեականացումը, որևէ մեկը լրատվամիջոցների դեմ դատավարական հայց չէր ներկայացնում: Հենց Արևմուտքի պահանջով ու այնտեղի դրամաշնորհներից սնվող կազմակերպությունների ջանքերով դա արվեց` իբր թե ի շահ խոսքի ազատության, բայց իրականում` ընդդեմ լրատվամիջոցի ազատության: Բացի այդ, հակառակ տպավորիչ թվացող տուգանքների չափերին` որևէ լրատվամիջոց որևէ լումա առայժմ չի վճարել, ու նման աղմուկից հետո այլևս քիչ հավանական է, որ մեր դատարանները կամ հենց հայցվորներն այդպիսի գումարների ակնկալիք ու մանավանդ կարիք ունենան: Այնպես որ, հակառակ «Ֆրիդըմ Հաուսի» հոռետեսական որակմանը, հայաստանյան մամուլը ոչ միայն կատարելապես ազատ է, այլ նաև ուզած պահին կարող է շահած դուրս գալ ամենազոր թվացող օլիգարխների և նույնիսկ հանրապետության երկրորդ Նախագահի հետ ծագած հարցերում: Ավելին, դատական քաշքշուկների մեջ ներքաշված թերթերն ակնհայտորեն նաև ինքնագովազդի խնդիր են լուծում, ինչի կարիքը, բնականաբար, ունեն: Իսկ արդյունքում ստացվում է, որ մեր «ոչ ազատ մամուլով» մտահոգ ներկայացող պարբերականներն իրականում բոլորովին էլ անհանգստացած չեն աստիճանաբար անհավանական դարձող տուգանքների համար: Իսկ «Ֆրիդըմ Հաուսին» հայաստանյան թերթերում գերիշխող տրամաբանությունները քիչ են հետաքրքրում: Օտարերկրյա կառույցը, միևնույն է, ոգևորված է ու «որքան վատ` այնքան լավ» սկզբունքով «շնորհավորեց» հայկական թերթերին` մամուլի ազատության օրվա առթիվ: