Տարեգրության այս օրը


ԼՂՀ-ն, որպես արտաքին ագրեսիայի ենթարկված և Անհատական ինքնապաշտպանության դիմող միջազգային իրավունքի սուբյեկտ, տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իր Անհատական ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու համալիր միջոցառումներ սկսելու մասին և 1992-ի մայիսի 6-ին հղել հետևյալ դիմումը. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԼՂՀ ԳԽ-ը տեղեկացնում է Ձեզ ԼՂՀ-ի հանդեպ Ադրբեջանի Հանրապետության չդադարող ակտիվ ռազմական գործողությունների մասին` ուղղված ԼՂՀ քաղաքական անկախության դեմ: Ավերվում են հանրապետության քաղաքներն ու գյուղերը, զոհվում են անմեղ մարդիկ, չկա սննդամթերք, դեղորայք, ջուր, էլեկտրականություն: Վաղուց դադարեցված է գազի մատակարարումը: Ադրբեջանի ազգային բանակը խաղաղ բնակչության դեմ օգտագործում է զանգվածային ոչնչացման զենք, ռմբակոծում մեր երկրի քաղաքներն ու գյուղերը: Մարդկության դեմ գործվում է ծանրագույն հանցագործություն: Խախտվում են 1925-ի Ժնևի արձանագրության պարտավորությունները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974-ի բանաձևը, «Պատերազմի զոհերի պաշտպանության» Ժնևյան կոնվենցիան, ինչպես նաև զինված հակամարտության ժամանակ մարդու իրավունքներին վերաբերող միջազգային իրավունքի մյուս նորմերը: Վերոշարադրված իրադրությունը ԼՂՀ-ի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, ղեկավարությանը պարտավորեցնում է դիմել անհատական ինքնապաշտպանության բոլոր միջոցներին` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի: Ադրբեջանի ձեռնարկած ակտիվ ռազմական գործողությունների բնույթը, դրանց նախահարձակությունը, հանցավորու թյունը, տևականությունը խոսում են ԼՂՀ-ի դեմ այդ հանրապետության անթաքույց ագրեսիայի մասին: Ծանուցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մեր կողմից ձեռնարկվող անհատական ինքնապաշտպանության միջոցառումների մասին` խնդրում ենք հաստատել Ադրբեջանի Հանրապետության ագրեսիան ԼՂՀ-ի հանդեպ և ագրեսիայի դեմ ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված հատուկ միջոցներ»: Շուշիի ազատագրման նախօրեին` 1992 թ.մայիսի 6-ին, Լաչինից Շուշի են բերվել լրացուցիչ 15 մեքենա ռազմական նշանակության բեռ, 4 ՀՄՄ, 4 ԶՓ: Ադրբեջանական լրատվամիջոցները լուր են տարածել, թե իբր, հայկական կողմն օգտագործել է քիմիական զենք և իրենք ձեռնարկում են «պատասխան ստիպողական գործողություններ»:

Զ. ՍԱՐԳՍՅԱՆ