«ՇԻՐԱԿԻ» ՀՈԳՍԵՐԸ` ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿԱՅԻՆ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ


«Շիրակ» միջազգային միությունը Հայաստանում ձևավորված առաջին հայրենակցական կազմակերպություններից է, որի նախաձեռնողները` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանն ու ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արմեն Դարբինյանը, մտադրություն ունեին համախմբելու աշխարհի տարբեր ծագերում ապրող շիրակցիներին ու գյումրեցիներին, ձևավորելու հզոր միասնություն` այսպես դյուրությամբ լուծելու քաղաքի ու մարզի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ: Միությունն իր գոյության առաջին տարիներին իսկապես դարձավ գործնական ու եռանդուն, կարողացավ ձևավորել մի շարք ավանդույթներ, լուծել Գյումրու առջև կանգնած հիմնախնդիրներ, նպաստել որոշ մշակութային ծրագրերի իրականացման: Եվ այս ամենի մասին էլ խոսեց «Շիրակ» միության նախագահ Մուրադ Մուրադյանը` ընդհանուր ժողովի մասնակիցներին ներկայացնելով հաշվետվությունը: Ներկաների միջին տարիքը 60-ից բարձր էր, իսկ սա նշանակում էր, որ «Շիրակ» միությունը վերածվել է նախկին նոմենկլատուրային աշխատողների և մեծ ճանաչում ունեցող ավագ սերնդի գիտնականների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հավաքատեղիի: Գուցե հենց դա է պատճառը, որ վերջին տարիներին կազմակերպությունը մատնվել է անգործության` այդպես էլ չկարողանալով աչքի ընկնել որևէ հիմնարար ու ծրագրային գործունեությամբ: Չունենալով հաշվետու լինելու որևէ հենարան, կազմակերպության նախագահն անցավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործունեությանը` մեկ առ մեկ թվարկելով այն ամենը, ինչն արել են քաղաքապետն ու նրա ղեկավարած աշխատակազմը: Այն տպավորությունն էր, թե քաղաքապետարանը վերածվել էր «Շիրակ» միության, իսկ Մուրադ Մուրադյանն էլ` քաղաքապետարանի խոսնակի… Մոտ երեսուն րոպե տևած հաշվետվության մեջ մի բան էլ աչքի ընկավ. թվարկելով միության կողմից կատարված աշխատանքների հեղինակներին` նախագահը յուրաքանչյուրի անունից առաջ օգտագործում էր երջանկահիշատակ մակդիրը: Նշանակում է` այդ լավ գործերը կատարվել են շատ վաղուց, իսկ վերջին տարիների համար բնորոշը ամլությունն է եղել: Իր բացման խոսքում միության պատվավոր նախագահ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը նշեց, որ Ընդհանուր ժողովի նպատակներից են` քննարկել Գյումրու և ողջ Շիրակի տնտեսական զարգացման հեռանկարը, մշակել հայեցակարգ` տեխնոպարկի գործունեությունն առավել նպատակային և օգտավետ դարձնելու համար: Հաշվետու զեկուցման մեջ ակնարկ անգամ չկար այս ամենի մասին: Որևէ դիտարկում չկար գիտական և մշակութային նախաձեռնությունների, միության` քարոզչական և լուսավորչական գործունեության մասին: Դահլիճից գրեթե բողոքի նման հնչեց այն միտքը, որ մոտ մեկ տասնամյակ առաջ միությունը որոշել էր հուշաքար տեղադրել Սառնաղբյուրի հերոսամարտի վայրում, մինչդեռ մինչև օրս ոչինչ չի արվել… Զեկուցման մեջ զավեշտալի բաներ էլ կային. ասենք, միության նախագահն Աճեմյանի անվան թատրոնը կոչեց Ասքանազ Մռավյանի անվան, երբ 1990-ից ի վեր ՀԽՍՀ առաջին կոմիսարներից մեկի անունը հանվել է թատրոնի վրայից… Եթե հաշվետու զեկուցումը տխուր տպավորություն թողեց, ապա ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանի, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի ելույթներում հնչեցին գործնական առաջարկություններ: Մասնավորաբար, օրախնդիր համարվեցին Գյումրիում ՀՀ ԳԱԱ մասնաճյուղի բացման, քաղաքում պետական համալսարանի ստեղծման, Գյումրին ուսանողական և կրթական կենտրոն դարձնելու, քաղաքին իր նախկին` Ալեքսանդրապոլ անունը վերադարձնելու հարցերը: Շոշափվեցին բնակարանային շինարարության և քաղաքում աշխատատեղեր ստեղծելու խնդիրները: Սակայն այս ամենը մոռացվեց, երբ շտապողաբար ժողովն անցավ միության նախագահի ընտրությանը` հերթական անգամ նախագահի պաշտոնում հաստատելով Մուրադ Մուրադյանին: Վերջինս էլ հայտարարեց, որ ինչպես ինքը, այնպես էլ միության վարչության մի շարք անդամներ տարեց մարդիկ են, ուստի պետք է վարչության կազմում ընտրել մեծ թվով երիտասարդների: Այս առաջարկությունը հնչեց նաև վարչության անդամ Դոնարա Հարությունյանի ելույթում: Առաջարկությունը հնչեց, հավանության արժանացավ, և Մուրադ Մուրադյանը կարդաց նոր վարչության հին անդամների անունները` ավելացնելով միայն ԱԺ փոխնախագահներ Սամվել Բալասանյանի և Սամվել Նիկոյանի անունները: Հենց նրանք էլ դարձան վարչության ամենաերիտասարդ անդամները. Սամվել Բալասանյանը` 57, իսկ Սամվել Նիկոյանը` 53 տարեկան: Բնական կարելի է համարել, որ 80-90 տարեկան մարդկանց համար ամենաերիտասարդները հենց 53-57 տարեկաններն են… Ընդհանուր ժողովի տխուր տպավորությունը ցրեցին հրավիրված արտիստները, ովքեր հրաշալի ծրագիր ներկայացրեցին: Մարդիկ հեռացան դահլիճից` այդպես էլ չհասկանալով, թե ինչու հավաքվեցին և ինչ է անելու «Շիրակ» միությունը հետագայում…

Էջի նյութերը` Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԻ