Ինչպես Սպարտայո՞ւմ


Արդյոք ո՞ւմ որոշելիքն է, բացի Աստծուց, ֆիզիկական կամ մտավոր արատներով մարդը պիտի ապրի՞, թե՞ ոչ… Որոշ երկրներում, ինչպես օրինակ Գերմանիայում, բժշկությունը հանձն է առել պատասխանել այս հարցին: Այնտեղ առողջական լուրջ խնդիրներով ծնված երեխային պարտադիր արհեստական մահ է սպասում, համեմատությունը գուցե կոպիտ է, բայց կարծես համարյա նույն սկզբունքն է, որը դարեր առաջ Սպարտայում էր ընդունված. թերի մանուկներին գլորում էին ժայռից` առողջ սերունդ ապահովելու նպատակով: Ինչպես էֆտանազիայի, դիակիզման, այնպես էլ արատավոր երեխաների ապրելու հարցը վիճելիներից է` ողջ աշխարհում: Հայաստանում խնդրին, եթե կարելի է այդպես համարել, լուծում տալիս են հատուկ մանկատները: Նախորդ տարի երեխաների նկատմամբ իրավունքներից հրաժարվելով` ծնողների կողմից մանկատուն է հանձնվել 120 արատավոր փոքրիկ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի վարչությունից, մանուկներից հրաժարվում են հիմնականում վերջիններիս բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական կամ մտավոր արատների պատճառով: ՀՀ օրենսդրությունը ծնողական իրավունքից հրաժարվելու դեպքում տուգանք չի նախատեսում: Հոգևորականները միանշանակ ու կտրականապես դեմ են ցանկացած պատճառաբանությամբ մարդու կյանքի հանդեպ ոտնձգությանը: - Աստված է կյանքը պարգևողը ու միայն Նա իրավունք ունի խլել իր պարգևը,- ասում է Շիրակի թեմի հոգևոր սպասավոր Տեր Առնակ քահանա Հարությունյանը:- Մարդու ապրելու կամ չապրելու որոշումը շատ ծանր ու անտանելի բեռ է` մեկ այլ մարդու ուսերին, ով փորձելու է կայացնել այդ որոշումը,¬ հավելում է նա: Մարդու իրավունքների խախտումը նրան կյանքից զրկե՞լն է, թե՞ թույլ տալը` դժոխային կյանք ապրելու… Անչափ նուրբ ու վիճելի այս հարցում բժիշկների կարծիքները ևս տարանջատվել են: Ամբողջ աշխարհին հայտնի ամերիկացի «դոկտոր Մահը» գտնում էր, որ նախ մարդասիրական մղումներից ելնելով է պետք տուժածին ազատել չարչարանքներով լի կյանքից: Եվ այդ համոզմունքի ու համապատասխան գործունեության պատճառով էլ վերջինս դատավարության առաջ կանգնեց: Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնի մանկաբույժ Անի Կարախանյանը այս խնդրի շուրջ որոշակի ու հաստատուն համոզմունք ունի. - Ես անձամբ, նախ և առաջ որպես Աստծուն հավատացող մարդ, հետո` մանկաբույժ, դեմ եմ արատավոր երեխաների կյանքն արհեստականորեն ընդհատելուն,- ասում է նա` հավելելով, որ հիմնականում ծնողների մեղքով է, որ երեխաներն արատներով են լույս աշխարհ գալիս: Դա հիմնականում տեղի է ունենում հղիության ընթացքում ալկոհոլի ու այլ վնասակար միջոցների օգտագործման պատճառով: Բժշկուհու համոզմամբ` կա մեկ այլ խնդիր ևս. Հայաստանում դեռ լավ ձևավորված չէ ապագա մայրերի` անընդհատ բժշկական հսկողության ներքո գտնվելու մշակույթը: - Հիմա բավական լավ ախտորոշում են դեռ չծնված երեխաների արատները` սաղմնավորման 3¬րդ ամսից սկսած: Ծնողը պիտի հետևողական լինի: Սակայն այս կուլտուրան մեզանում վատ հիմքերի վրա է դրված ու հատկապես` գյուղերում,- ընդգծում է Ա. Կարախանյանը: Համենայն դեպս, նույնիսկ հումանիստական մղումներից ելնելով` որքանով է մարդասիրական` հատուկ մանկատները ի ծնե դատապարտված երեխաներով բեռնելը. սա ևս բարդ հարց է: Ու ընդհանրապես, երևի միակ հստակ համոզմունքն այն է, որ պետք է փորձենք հնարավորինս նվազեցնել արատավոր երեխաների լույս աշխարհ գալը: Իսկ տխուր փաստի պարագայում էլ գոնե որակյալ ու սրտացավ բժշկական օգնություն ապահովենք:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ